• ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՌԱՋՆՈՐԴ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԳԵՐՀ. ՀԱՅՐ ԳԵՎՈՐԳ Թ.Ծ.Վ. ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆԸ

    Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ


    Չորեքշաբթի, 2024 թվականի օգոստոսի 21-ին, հրապարակվեց, որ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով՝ Զմմառի Պատրիարքական Կղերի անդամ Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ, ով մինչ օրս վարում էր Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Պատրիարքական Փոխանորդի և Զմմառի Վանքի Մեծավորի պաշտոնը, նրան տալով Սեբաստիայի Հայերի Արքեպիսկոպոսական Աթոռը՝ Արքեպիսկոպոսի տիտղոսով:

     

    Ստորև ձեզ ենք ներկայացնում Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանի կենսագրականը.

     

    ԳԵՐՀ. ՀԱՅՐ ԳԵՎՈՐԳ Թ.Ծ.Վ. ՆՈՐԱՏՈՒՆԿՅԱՆ

    Ծննդյան տարեթիվ՝ 16 նոյեմբեր, 1968թ.

    Ծննդյան վայրը՝ Հալեպ

     

    Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը փոքր տարիքում մտել է Զմմառի Վանք: Բարձրագույն կրթությունը շարունակել է Հռոմի Լևոնյան Քահանայապետական Վարժարանի փիլիսոփայության ու աստուածաբանության ֆակուլտետում:

     

    1997թ. Սալեզյանների Քահանայապետական համալսարանում ձեռք է բերել Կրթական Գիտության բաժնի վկայական։

     

    1995թ. օգոստոս 20-ին Հալեպում ստացել է քահանայական աստիճան՝ անդամակցելով Զմմառի Պատրիարքական կղերի միաբանությանը։

     

    1997-1998թթ. ստանձնել է Փոքր Նորընծայարանի փոխտեսուչի պաշտոնը:

     

    1998-1999թթ. որպես փոխժողովրդապետ ծառայել է Բուրջ Համուդի Սուրբ Փրկիչ Եկեղեցում:

     

    1999-2001թթ. Փոքր նորընծայարանի տեսուչ-մեծավոր:

     

    2001-2007թթ. Փոքր և Ավագ նորընծայարանների տեսուչ-մեծավոր:

     

    2003-2007թթ. Զմմառի Միաբանության Ընդհանուր Մատակարար:

     

    2007-2010թթ. փոխադրվելով Մոսկվա՝ ստանձնել է Հայ Կաթողիկէ համայնքի ժողովրդապետի պաշտոնը:

     

    2010-2015թթ. վարել է Հռոմի Լևոնյան Քահանայապետական Վարժարանի տեսուչ-մեծավորի պաշտոնը:

     

    2013-2015թթ. նշանակվել է Երուսաղեմի և Ամմանի Հայ Կաթողիկէ Պատրիարքական Էկզարխության Առաքելական Կառավարիչ:

     

    2015-2023թթ. նշանակվել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ:

     

    2023թ. Զմմառի Պատրիարքական Կղերի միաբանության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Զմմառի Պատրիարքական Կղերի Միաբանության Պատրիարքական Փոխանորդ և Զմմառի Վանքի Մեծավոր։

     

    Հայտնենք, որ Գերհ. Հայր Գևորգ Թ.Ծ.Վ. Նորատունկյանը հաջորդում է 2021թ. սեպտեմբերին ընտրված Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքին, ով Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների Առաջնորդի պաշտոնը վարել է 2011-2021թթ., իսկ 2022թ. Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը թափուր աթոռի` որպես Առաքելական Կառավարիչ նշանակել էր Գերպ. Հայր Միքայել Վրդ. Բասսալեին, ով այսօրվա նշանակումով ավարտում է իր պաշտոնը:

     

    Դիվան Հայաստանի Հայ Կաթողիկէ Առաջնորդության

Օրացույց

Օրացույց