• Մեր ամբողջ կյանքը ճանապարհ է դեպի Աստված

    «Եկե՛ք աղոթենք Սուրբ Աստվածածնին, որպեսզի նա օգնի մեզ հաղթահարել Տիրոջ հետ հանդիպման տանող ճանապարհի դժվարությունները»:


    Օգոստոսի 15-ին՝ Սուրբ Կույս Մարիամի Վերափոխման տոնին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ մարդկային կյանքը ուխտագնացություն է, որը մարդկանց օրեցօր մոտեցնում է Տիրոջ հետ հանդիպմանը:

     

    Անդրադառնալով աստվածաշնչյան այն դրվագին, որտեղ Ղուկաս ավետարանիչը նկարագրում է Սուրբ Կույսի հանդիպումը Եղիսաբեթի հետ, Նորին Սրբությունն ընդգծում է, որ հրեշտակից ստացած ավետիսը Մարիամին վեր չի դասում մյուսներից և չի տալիս որոշակի արտոնություններ, այլ ընդհակառակը, տանից հեռանալու կոչ է. Սուրբ Կույս Մարիամը ճանապարհ է ընկնում, որպեսզի կիսվի ուրախությամբ և ծառայի Իր ազգականին, որն այժմ հատկապես ունի նրա կարիքը: «Այս առաջին ճամփորդությունը, ըստ էության, փոխաբերություն է (մետաֆորա) նրա ողջ կյանքի համար, քանզի հենց այդ պահից Մարիամը միշտ ճանապարհին էր՝ հետևելով Հիսուսին՝ որպես աշակերտ», – ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Սուրբ Կույս Մարիամի երկրային ուխտագնացությունն ավարտվում է Վերափոխմամբ՝ դեպի երկինք նրա մարմնի ու հոգու համբարձմամբ, որտեղ նա իր Որդու հետ միասին վայելում է հավիտենական կյանքի բերկրանքը, շարունակեց Նորին Սրբությունը և կոչ արեց Սուրբ Աստվածածնի մեջ չտեսնել անկենդան մոմե արձան, այլ կենդանի մարդու, որը հետևել է Տիրոջը  և հաղթահարել ճանապարհի դժվարություններն ու ընդառաջ գնացել իր եղբայրներին՝ այդ ճանապարհն ավարտելով երկնային փառքով:

     

    Իր խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Սուրբ Կույս Մարիամը հիշեցնում է բոլոր քրիստոնյաներին, որ մեր կյանքն անդադար ճանապարհորդություն է, որի վերջնական նպատակը Աստծո հետ հանդիպումն է: «Եկե՛ք աղոթենք Սուրբ Աստվածածնին, որպեսզի նա օգնի մեզ հաղթահարել Տիրոջ հետ հանդիպման տանող ճանապարհի դժվարությունները»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց