• Նորին Սրբության ուղերձը մարդու կայացման ճանապարհին գրականության ունեցած դերի մասին

    «Քահանային ու բանաստեղծին մոտիկացնում է Աստվածային Խոսքի և մարդու խոսքի խորհրդավոր և անխզելի սրբազան միությունը»։


    Ուղերձի սկզբում Սրբազան Քահանայապետը պարզաբանում է, որ այն ոչ միայն քահանայական պատրաստության նամակ է, այլ նաև վերաբերում է հովվական բոլոր աշխատողներին և քրիստոնյաներին: Ուղերձի թեման է. գեղարվեստական արձակի և պոեզիայի դերը անձի հասունացման և կայացման ճանապարհին:

     

    44 պարագրաֆներում  Նորին Սրբությունը բացատրում է, թե ինչու է ընթերցանությունն այդքան կարևոր հավատացյալի հոգևոր ձևավորման գործում: Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ երբեմն նույնիսկ աղոթքով չենք կարողանում հաղթահարել հոգնածությունը, հիասթափությունը կամ միայնությունը, իսկ «լավ գիրքն օգնում է մեզ գոնե համբերատարությամբ հաղթահարել փոթորիկը»։

     

    Ի տարբերություն պատրաստի տեսանյութերի, գրականությունը նպաստում է ընթերցողի ակտիվությանը, որովհետև թույլ է տալիս զարգացնել երևակայությունը, մարզել հիշողությունը, բացահայտել իր ունեցած շնորհները և իր սեփական կյանքի պատմությունը կիրառել կարդացածի մեջ: Այսպիսով, ընթերցողը կարծես հորինում է իր սեփական ստեղծագործությունը:

     

    Նորին Սրբությունը կոչ է անում ճեմարականներին շատ կարդալ: Հենց ինքը՝ Պապը, ժամանակին գրականություն է դասավանդել ճիզվիտական ​​դպրոցում։ Գրականությունն անփոխարինելի է բոլոր նրանց համար, ովքեր անկեղծորեն ցանկանում են խոսել մշակույթի մասին կամ էլ պարզապես կոնկրետ մարդկանց հետ, ընդգծում է Սրբազան Քահանայապետը և մեջբերում Gaudium et spes-ը. գրականությունը, ինչպես արվեստի մյուս տեսակները, արտահայտում է մարդու բնավորությունը և ցույց տալիս նրա ուրախությունները, կարիքներն ու ընդունակությունները։ Ահա թե ինչու գրականության ուսումնասիրությունը պիտի խթանվի հատկապես քահանայական դաստիարակության մեջ, որպեսզի ապագա երեցները «ավելի զգայուն դառնան տեր Հիսուսի մարդկայնության նկատմամբ, որն ամբողջությամբ լցված է Նրա աստվածությամբ»:

     

    Այնուհետև Նորին Սրբությունը գրում է ընթերցանության դրական ազդեցության մասին. մարդն ունենում է հարուստ բառապաշար, բանականության բարձր մակարդակ, զարգացած երևակայություն ու ստեղծագործական ունակություններ: Ընթերցանությունը լավացնում է մարդու կենտրոնացումը և դանդաղեցնում է կոգնիտիվ ֆունկցիաների անկումը, օգնում է հաղթահարել սթրեսն ու անհանգստությունը: Բացի այդ, հավելում է Սրբազան Քահանայապետը, ընթերցանությունն օգնում է հասկանալ, հետևաբար լուծել տարբեր խնդիրներ, որոնք կարող են առաջանալ կյանքում։

     

    Գրականության հոգևոր ուժը կայանում է նրանում, որ այն մեզ հիշեցնում է առաջնահերթ խնդրի մասին, որն Աստված տվել է մարդուն. անուն տալ ամեն բանի և յուրաքանչյուր կենդանի արարածի: Ընթերցանության շնորհիվ քահանան հասկանում է, թե ինչ է նշանակում լինել հաղորդակցության գործիք արարված աշխարհի և մարմնացած Խոսքի միջև, որն իր զորությամբ լուսավորում է մարդկային գոյության բոլոր կողմերը: Այսպիսով, ուղերձի ավարտին գրում է Նորին Սրբությունը, քահանային ու բանաստեղծին մոտիկացնում է «Աստվածային Խոսքի և մարդու խոսքի խորհրդավոր և անխզելի սրբազան միությունը»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց