«Մենք կարո՞ղ ենք լռել Տիրոջ առաջ և լսել Նրա ձայնը»:
Օգոստոսի 11-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորների հետ միասին կարդաց «Հրեշտակ Տեառն» աղոթքը և խորհրդածեց օրվա ավետարանական ընթերցման շուրջ (Հվհ. 6, 41-51):
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հիսուսի ժամանակակիցները հրաժարվում էին հավատալ Նրա այն խոսքին, որ Նա «իջավ երկնքից»։ Նրանք վրդովվում են, որովհետև ճանաչում են Նրա հորն ու մորը, և կասկածում են, որ Աստված Իրեն կբացահայտի նման հասարակ ու պարզ ձևով: Նրանք համոզված են, որ Հիսուս չէր կարող երկնքից իջնել, քանի որ Նա հյուսնի որդի է, իսկ նրա մայրն ու հարազատները սովորական մարդիկ են, ինչպես բոլորը։
Նախապաշարմունքներն ու ենթադրությունները խանգարում էին հավատալ Նրան, որովհետև Նա ուներ հասարակ ծագում և նրանք Նրանից ոչինչ էլ չեն սովորի:
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, թե որքան կործանարար կարող են լինել նախապաշարմունքները մարդու հոգևոր աճի համար. դրանք «խափանում են անկեղծ երկխոսությունը, եղբայրների մերձեցումը»:
«Նախապաշարմունքներով մարդն առաջնորդվում է կոշտ սխեմաներով, և նրա սրտում տեղ չկա այն ամենի համար, ինչը չի համապատասխանում այդ սխեմային»:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ Հիսուսի ժամանակակիցները, որոնց մասին պատմվում է Հովհաննեսի Ավետարանում, պահում էին օրենքը, ողորմություն էին տալիս, աղոթում և ծոմ պահում, սակայն դա չօգնեց նրանց Հիսուսի մեջ տեսնել Փրկչին, որովհետև նրանք այդ սովորություն դարձած պարտականություններն անում էին ոչ թե Տիրոջ ձայնը լսելու համար, այլ որպեսզի գտնեին իրենց համոզմունքների ու գաղափարների հաստատումները: «Այդ մասին վկայում է այն փաստը, որ նրանք նույնիսկ ժամանակ չգտան Հիսուսից բացատրություններ խնդրելու համար, – ասաց նա: – Նրանք միայն տրտնջում են Նրա դեմ, և կարծես միմյանց հավաստիացնում այն ամենը, ինչում համոզված են ու այնպես են պարփակվում իրենք իրենց մեջ, կարծես թե անառիկ ամրոցում լինեն»: Կարծրացած սրտերն ու նախապաշարմունքները խանգարում են նրանց հավատալ Աստծո Որդուն:
Մենք նույնպես կարող ենք պարփակվել, նախազգուշացրեց Սրբազան Քահանայապետը, եթե Տիրոջը լսելու փոխարեն Նրանից և ուրիշներից ակնկալենք միայն մեր սեփական համոզմունքների և դատողությունների հաստատումը.
«Աստծո հետ նման հարաբերությունները խանգարում են և չեն թողնում, որ իսկապես հանդիպենք Աստծուն և բացվենք Նրա լույսի ու շնորհի պարգևի համար, որպեսզի աճենք բարության մեջ, կատարենք Նրա կամքը, հաղթահարենք պարփակվածությունն ու դժվարությունները»:
Ճշմարիտ հավատքն ու աղոթքը բացում են միտքն ու սիրտը, այլ ոչ թե փակում դրանք, ասաց Նորին Սրբությունը.
«Իր մտքերում և աղոթքներում պարփակված մարդու հավատքն ու աղոթքը չի կարող ճշմարիտ լինել»:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց մտածել հետևյալ հարցի շուրջ. մենք կարո՞ղ ենք լռել Տիրոջ առաջ և լսել Նրա ձայնը՝ մի կողմ թողնելով նախապաշարմունքները և Նրա օգնությամբ հաղթահարելով մեր վախերը:
«Թող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ, որպեսզի հավատքով լսենք Տիրոջ ձայնը և խիզախորեն կատարենք Նրա կամքը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը