• «Առանց Սուրբ Հոգու Եկեղեցին չի կարող առաջ ընթանալ»

    «Ինչպե՞ս կարող ենք Հիսուս Քրիստոսին և Նրա փրկությունը հռչակել մի աշխարհում, որը կարծես միայն այս աշխարհի բարեկեցությունն է փնտրում»:


    Օգոստոսի 7-ին, ամառային կարճ ընդմիջումից հետո, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը վերսկսեց հրապարակային ունկնդրությունները՝ շարունակելով քրիստոնեական ուսուցումների շարքը. «Արարչագործության մեջ Սուրբ Հոգու ներգործությունը ուսումնասիրելուց հետո, մենք այս մի քանի շաբաթների ընթացքում կխորհրդածենք փրկագործության  մեջ Նրա ունեցած ազդեցության մասին»:

     

    Նորին Սրբությունը մեջբերեց Ղուկասի Ավետարանից վերցված հետևյալ խոսքերը. «Սուրբ Հոգին կգա քո վրա և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ» (1,35): Մատթեոս Ավետարանիչը հաստատում է Մարիամի և Սուրբ Հոգու մասին այս հիմնարար փաստը՝ ասելով, որ Մարիամը «Սուրբ Հոգուց հղիացած գտնվեց» (1,18): 381թ. Տիեզերական ժողովին այդ փաստը դառավ Նիկիա-Կոստանդնուպոլսյան հանգանակի մասը. յուրաքանչյուր Պատարագի ժամանակ մենք խոստովանում ենք, որ Աստծո Որդին «մարմնավորվել է Սուրբ Հոգուց ու Սուրբ Կույս Մարիամից և դարձել Մարդ»: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Մարմնավորման իրադարձությունը «հավատքի էկումենիկ փաստ է», որովհետև բոլոր քրիստոնյաներն էլ այդ նույն Հավատքի հանգանակն են դավանում: Այ հենց սա էլ անհիշելի ժամանակներից Կաթողիկէ Եկեղեցին ներմուծել է «Հրեշտակ Տեռան» ամենօրյա աղոթքի մեջ:

     

    Այն մեզ թույլ է տալիս Մարիամին ընկալել՝ որպես գերազանց Հարսնացու, քանի որ Նա Եկեղեցու նախապատկերն է: Սբ. Լևոն Մեծը պնդում է. Հիսուս «ծնվեց Սուրբ Հոգուց Կույս Մոր կողմից, Նա պտղաբեր է դարձնում Եկեղեցին՝ Իր անարատ Հարսին, հենց այդ նույն Հոգու կենարար ներշնչմամբ»։ Այս զուգահեռականությունը հաստատված է Վատիկանի Երկրորդ ժողովի Lumen Gentium (63,64) դոգմատիկ սահմանադրության մեջ։

     

    Սուրբ Գրությունը համառորեն կրկնում է «հղիանալ» և «ծննդաբերել» բայերը, հիշեցրեց Նորին Սրբությունը: «Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի», – մարգարեանում է Եսային (7,14), և Հրեշտակն ասում է Մարիամին. «Եվ ահա՛ Դու կհղիանաս և կծնես մի Որդի» (Ղկ. 1,31): Նախ, Սուրբ Կույս Մարիամը Հիսուսին ընդունեց իր սրտի ու մարմնի մեջ, ապա նոր լույս աշխարհ բերեց Նրան: Հենց սա էլ տեղի է ունենում Եկեղեցու հետ. նախ այն ընդունում է Աստծո Խոսքը, թույլ է տալիս  «խոսել սրտի հետ» (տես՝ Օսէէ 2,14) և «որովայնդ լցվի» (տես՝ Եզեկիէլ 3,3), այնուհետև ծնում է նրան իր կյանքով ու քարոզչությամբ: «Երկրորդ արարքն առանց առաջինի անպտուղ է», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Մարիամի հարցին. «Ինչպե՞ս այդ կպատահի ինձ, քանի որ Ես տղամարդ չեմ ճանաչում», հրեշտակը պատասխանում է. «Սուրբ Հոգին կգա քո վրա» (Ղկ. 1,34-35): Եկեղեցին էլ, երբ բախվում է իր ուժերից վեր խնդիրների հետ, ինքնաբերաբար տալիս է այդ նույն հարցը. «Ինչպե՞ս է դա հնարավոր: Ինչպե՞ս կարող ենք Հիսուս Քրիստոսին և Նրա փրկությունը հռչակել մի աշխարհում, որը կարծես միայն այս աշխարհի բարեկեցությունն է փնտրում»: Պատասխանը մնում է նույնը. «Երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրա, զորություն պիտի առնեք և Ինձ վկաներ պիտի լինեք» (Գործք 1,8):

     

    «Առանց Սուրբ Հոգու Եկեղեցին չի կարող առաջ ընթանալ. այն չի աճում և չի կարող քարոզել»:

     

    «Եկեղեցում ասված ամեն բան վերաբերում է բոլոր մկրտվածներին», – ընդգծեց Նորին Սրբությունը: Երբ մենք հայտնովում ենք լարված իրավիճակում, մեզ օգնության է գալիս Սուրբ Կույս Մարիամին ուղղված հրեշտակային հորդորը. «Աստծո համար անկարելի բան չկա» (Ղկ. 1,37): Այ հենց այսպիսի վստահությամբ էլ պիտի շարունակենք մեր ճանապարհը, խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց