• Նորին Սրբության պատգամը Մեջուգորե այցելաց երիտասարդ ուխտավորներին

    «Սուրբ Գրության չիմացությունը՝ չիմացություն է Քրիստոսի մասին»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ուղերձով դիմեց Երիտասարդական 35-րդ փառատոնի մասնակիցներին, որը օգոստոսի 1-ից անցկացվում է Մեջուգորեյում և ունի հետևյալ խորագիրը՝ «Մարիամը ընտրել է լավ մասը» (Ղկ. 10,42): Հիմք ընդունելով Հիսուսի այդ խոսքերը՝ Սրբազան Քահանայապետը երիտասարդներին մի քանի խորհուրդներ տվեց՝ Եկեղեցում և աշխարհում նրանց հոգևոր կայացման ու առաքելության համար:

     

    «Դիմելով Մարթային՝ Ղազարոսի քրոջը, և Մարիամին՝ Հիսուս հիշեցնում է, որ իսկական աշակերտությունը Տիրոջ Խոսքն ուշադրությամբ լսելն է, – ընդգծում է Նորին Սրբությունը: – Մարիամը հասկանում է, որ Տերը մտել է իր տուն, սակայն Նա նաև ցանկանում է մտնել նրա սիրտը: Նստելով Տիրոջ ոտքերի առաջ   , որպեսզի Նրան լսի, նա ընտրում է լավ մասը, որը ‘նրանից չպիտի վերցվի’»:

     

    Սակայն մեկ ուրիշ իսկական աշակերտուհի ևս կա, նա Մարիամ Նազովրեցին է, ով կարողացավ ընդունել Աստծո Խոսքը՝ «իրեն ամբողջությամբ հանձնելով Աստծո ծրագրին». նա կանգնած էր Խաչի ստորոտին և առաքյալների հետ էր Պենտեկոստեի օրը: Թույլ տալով, որ Աստծո Խոսքը մտնի իր սիրտը, Սուրբ Կույս Մարիամը հիանալի կատարեց իր առաքելությունը՝ նույնպես ընտրելով լավը՝ Տեր Հիսուսին: Մեջուգորեյում անցկացվող փառատոնի երիտասարդ մասնակիցները ևս կոչված են դառնալու Քրիստոսի իսկական աշակերտները, ընդգծում է Նորին Սրբությունը:

     

    Սրբազան Քահանայապետը խորհուրդ է տալիս երիտասարդներին մտորել Աստծո Խոսքի շուրջ, որպեսզի այն լուսավորի նրանց միտքն ու սիրտը՝ բացահայտելով Աստծո կամքը նրանցից յուրաքանչյուրի մեջ.

     

    «Ես կոչ եմ անում ձեզ ամրապնդել ձեր կապը Ավետարանի հետ և կրել ձեզ հետ, որպեսզի այն դառնա ճիշտ ճանապարհը ցույց տվող կողմնացույց»:

     

    «Սուրբ Գրության չիմացությունը՝ չիմացություն է Քրիստոսի մասին», – Նորին Սրբությունը մեջբերում է սբ. Հիերոնիմոսի խոսքերը և կոչ է անում երիտասարդներին չմոռանալ Սուրբ Հաղորդության և Հաշտության խորհուրդների մասին: Պետք նաև հիշել, որ իսկական աշակերտը հոգ է տանում ոչ միայն իր սեփական հոգևոր կյանքի մասին, այլ անպայման Աստծո Արքայությունը փոխանցում է ուրիշներին, որովհետև Եկեղեցում յուրաքանչյուր մարդ կոչված է ավետարանելու:

     

    «Պետք է համարձակորեն խոսել Քրիստոսի մասին մեր ընտանիքներում, դպրոցում և աշխատանքի վայրում, մեր ազատ ժամերին: Նախ, հռչակեք Նրան ձեր սեփական կյանքով՝ ցույց տալով Քրիստոսի տեսանելի ներկայությունը ձեր կյանքում, առօրյա գործերում՝ Ավետարանի հետ համաձայնեցնելով յուրաքանչյուր կոնկրետ որոշում»։

     

    Տերը խնդրում է երիտասարդներին լինել Բարի լուրի առաքյալներ և «նոր մարդկության շինարարներ», գրում է Սրբազան Քահանայապետը և աղոթում Սուրբ Կույս Մարիամին. «Թո՛ղ Նրա օրինակը ձեզ խրախուսի լինել հույսի, սիրո և խաղաղության ավետաբերներ այս երկրի վրա»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց