«Արդյո՞ք մենք ապրում ենք միասնության մեջ ուրիշների հետ»:
Հուլիսի 28-ին՝«Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Ավետարանում նկարագրված հացի և ձկան բազմացման հրաշքի մասին: Իր հետևից գնացող ժողովրդին կերակրելուց առաջ Հիսուս երեք շարժանք արեց, որոնք հետո կկրկնի Վերջին Ընթրիքի ժամանակ: Նա վերցրեց հացը, գոհություն հայտնեց Երկնային Հորը և տվեց աշակերտներին, որպեսզի նրանք բաշխեն ժողովրդին, հիշեցրեց Նորին Սրբությունը:
Առաջին շարժանքն ընծայումն է: Ավետարանում պատմվոմ է մի պատանու մասին, ով հինգ հաց և երկու ձուկ ունի (տես՝ Հվհ. 6,9): Այդ շարժանքի շնորհիվ ընդունում ենք, որ մենք ինչ-որ լավ բան ունենք և պատրաստ ենք այն տալ ուրիշներին, նույնիսկ եթե այն շատ քիչ է անհրաժեշտի հետ համեմատած, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը: Հինգ հացն ու երկու ձուկը կարող են միանգամայն աննշան թվալ բազմահազար ամբոխի համեմատ, որին անհրաժեշտ էր կերակրել:Սակայն Տերն այդ ամենից մեծագույն, մի չլսված հրաշք է գործում, որն Իր իսկ ներկայությունն է մեր մեջ՝ աշխարհի փրկության համար:
Երկրորդ շարժանքը գոհություն հայտնելն է (տես՝ Հվհ. 6,11), շարունակեց Սրբազան Քահանայապետը: Իսկ դա նշանակում է խոնարհաբար և ուրախությամբ ասել Տիրոջը. «Այն ամենը, ինչ ես ունեմ, Քո պարգևն է: Ի երախտագիտություն, ես կարող եմ քեզ վերադարձնել միայն այն, ինչը Դու ես ինձ պարգևել ի սկզբանե Քո Որդու՝ Հիսուսի հետ միասին. այդ ամենին ես կարող եմ ավելացնել միայն իմ խղճուկ սերը»:
Եվ վերջապես երրորդ շարժանքը բաշխումն է (տես՝ Հվհ. 6,11): Սուրբ Պատարագի ժամանակ դա Հաղորդությունն է՝ Քրիստոսի Մարմինն ու Արյունը, որոնք մենք ընդունում ենք խորանի առաջ: Դա անգին պարգև է, որը դառնում է հաց բոլորի համար, ընդգծեց Նորին Սրբությունը: «Այդ գեղեցիկ պահը մեզ սովորեցնում է ապրել սիրո ամեն մի արարքով, որպես շնորհի պարգև, որը պարգև է և՛ տվողի, և՛ ընդունողի համար»:
Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մենք ունենք ինչ-որ եզակի ու յուրահատուկ բան, որը կարող ենք նվիրել մեր եղբայրներին և քույրերին, թե՞ մենք մեզ ամբոխի մի մաս ենք համարում: Արդյո՞ք մենք երախտապարտ ենք Աստծուն շնորհած պարգևների համար, որոնց միջոցով Նա միշտ դրսևորում է իր սերը մեր հանդեպ: Արդյո՞ք մենք ապրում ենք միասնության մեջ ուրիշների հետ, արժևորու՞մ ենք հանդիպման ու փոխադարձ հարստացման պահերը։
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ հավատքով ընդունել ամեն մի Հաղորդություն և մեզ արժանի դարձնի ամեն օր տեսնել ու ճաշակել Աստծո շնորհի հրաշքները», – խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը