Քրիստոսի սիրով լի ճամբար:
Հուլիսի 25-ից 27-ը Վրաստանի Խուլգումո գյուղում առաջին անգամ տեղի ունեցավ բակային-հոգևոր ճամբար` գլխավորությամբ տեղի ժողովրդապետ` Արժ. տեր Ռուբեն Միսիսյանի։ Ճամբարի ամենօրյա սկիզբը դրվում էր Սուրբ և Անմահ Պատարագով, Սուրբ Հաղորդություն ստացած և օրհնված փոքրիկները սկսում էին իրենց օրվա հոգևոր հատվածը։ Այնուհետև գեղեցիկ քայլերթներով և աղոթքներով ճանապարհը դեպի հավաքատեղի ապահովում էին տեղի ջոկատավարները և Հոգևոր Եղբայրները։ Ճամբարի աշխուժությունը, կարգապահությունը և բարձր տրամադրությունը ապահովեցին տեղի ջոկատավարները, իսկ ընդհանուր կազմակերպումը վստահված էր ընկեր Չինար Եղիազարյանին։
Հոգևոր-կրոնական դասերը անցկացրեցին Եղբայր Հովհաննեսը և ընկեր Վարդուհին, իսկ վերջին դասը ընդհանուր անցկացրեց Եղբայր Եղիշեն՝ դպրոցի դահլիճում։ Դահլիճը տրամադրեց դպրոցի տնօրեն տիկին Քնարիկը, ում անչափ շնորհակալ ենք։
Այնուհետև անցկացվեց ինտելեկտուալ խաղ՝ անչափ ակտիվ և հետաքրքիր ձևով, ի շնորհիվ գյուղի պատանի ջոկատավարների, իսկ մրցակցությունը ապահովված էր հոգևոր նվերների բազմազանությամբ։
Վերջում կիսվեց տորթը և սկսվեց երգ ու պարը, էլ ավելի ուրախ դարձնելով մեր եռօրյա ճամբարը։
Մեծահասակների, ծնողների, երեխաների և իհարկե մեր հոգևոր դասի գոհունակ և ժպտուն հայացքները խոսում են Խուլգումեցիների և հոգևոր դասի միասնական ակտիվության և աշխատասիրության մասին, որոնք միասին կարողացան առաջին անգամ հիանալի կերպով կազմակերպել այս գեղեցիկ հոգևոր ճամբարը, որը լի էր Քրիստոսի սիրով։
Շնորհակալություն Խուլգումո գյուղի հավատավոր ժողովրդին, հոգևոր հորը՝ Տեր Ռուբենին, կազմակերպիչներին` ի դեմս Չինար Եղիազարյանի, մեր Առաջնորդությանը` ի դեմս Հայր Միքայելի` ֆինանսավորման և հայրական օրհնությունների համար։
Խուլգումոյի Հայ Կաթողիկէ Ժողովրդապետություն