• Սիզաւէտ գիւղում օծուեց Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած մի խաչքար

    Սիզաւէտ գիւղում օծուեց Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած մի խաչքար


    2015թ. ապրիլի 27-ին Շիրակի մարզի Սիզաւէտ գիւղում օծուեց Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին նուիրուած մի խաչքար, ձեռամբ՝ Գիւմրիի եւ Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայեանի, առընթերակայութեամբ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանի եւ Գերպ. Հ. Մովսէս վրդ. Տոնանեանի: Խաչքարը գիւղի եկեղեցու բակում տեղադրուել է նոյն գիւղի բնակիչ, ռուսաստանաբնակ բարերար Աշոտ Քոչարեանի նուիրատւութեամբ եւ համագիւղացիների օգնութեամբ:

     

     Հ. Պետրոսն իր խօսքում ուշադրութիւն հրաւիրեց այն փաստի վրայ, որ հայերը ամեն տեղ մշտապէս խաչքարեր են կանգնեցրել՝ ի նշան իրենց հաւատքի: Նա յիշեցրեց Սբ. Հովհաննէս Պօղոս Բ Պապի խօսքերը, որ Խաչը հայ ազգին չի ոչնչացրել, այլ կեա՛նք է շնորհել: Խաչը Քրիստոսի հարութեան զօրութեամբ կեանք եւ ուժ է հաղորդում հայերիս, յոյսի նշան եւ աղբիւր է մեզ համար: Երբ խաչ ենք օծում ի յիշատակ Եղեռնի զոհերի, դա կոչ է մեզ համար, որ այսօր վառ պահենք այդ նահատակների հաւատքը, որպէսզի նրանք չամաչեն մեզնից, որպէսզի կարողանանք նրանց զոհն այսօր կարեւորել մեր քրիստոնէավայէ՛լ կեանքով: Կենդանի հաւատքը վառ պահելն այսօր աւելի՛ կարեւոր է, քան՝ լոկ յիշողութիւնները, վստահ է վարդապետը, որովհետեւ հայ նահատակներն իրենց կեանքը տուեցին հաւատքի՛ համար:

     

     Հ. Պետրոսն աղօթեց, որ Աստուծոյ ողորմութեամբ դադարեն այն ոճրագործութիւնները, որոնք այսօր տեղի են ունենում քրիստոնեաների դէմ յատկապէս Մերձաւոր Արեւելքում. «Թող Տէրը լսի մեր աղաչանքի ձայնը եւ խաղաղութիւն պարգեւի համայն աշխարհին»:

     

     Խաչքարի օծման արարողութեանը ներկայ էին նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցօլակեանը, մարզպետարանի աշխատակիցները եւ մարզայի լրատուամիջոցների ներկայացուցիչներ:

     

     

    Ցայգ ՀՌԸ տեսանիւթը

    21782_877668912272399_571326357109848243_n 10847951_877668718939085_3876400931768438365_n 11059590_877668448939112_2828275012928621150_n 11169977_877669155605708_5288492968588703939_n

Օրացույց

Օրացույց