Ամեն. Տ. Ներսէս Պետրոս ԺԹ-ը Մոսկուայում օծեց խաչքար եւ Սբ. Պատարագ մատուցեց
Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիւ Տ. Ներսէս Պետրոս ԺԹ-ը ապրիլի 26-ին Մոսկուայում էր: Հոգեւոր Տէրը Մոսկուայի Ամենասուրբ Կոյս Մարիամի Անարատ Յղութեան տաճարում Սբ. Պատարագ է մատուցել՝ ի յիշատակ Մեծ Եղեռնի զոհերի, նաեւ օծել մի խաչքար: Արարողութեանը ներկայ են եղել նաեւ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Բարձրշ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը՝ թեմի առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ ծ.վրդ. Սիւլահեանի եւ Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներում սպասաւորող հոգեւորականների հետ միասին, ինչպէս նաեւ Ռուսաստանում պապական նուիրակ Բարձրշ. Տ. Իվան արքեպս. Իւռկովիչը, Մոսկուայի Աստուածամօր արքեպիսկոպոսութեան միտրոպոլիտ Բարձրշ. Տ. Պաւել արքեպս. Պեցցին, Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների հոգեւորականներ եւ բազմաթիւ հաւատացեալներ:
Ամենասուրբ Կոյս Մարիամի Անարատ Յղութեան տաճարի բակում տեղադրուած նորօծ խաչքարը պատրաստուել է տուֆ քարից, Գիւմրիում, վարպետ Խաչատուր Դանիէլեանի ձեռքով:
Առ ի տեղեկութիւն.
հայ կաթողիկէները Մոսկուայում հաստատուել են շատ վաղուց՝ դեռեւս 17-րդ դարում, իսկ առանձին համայնք կազմակերպել 19-րդ դարի սկզբում, երբ ունեցել են մշտական հոգեւորական եւ եկեղեցական արարողութիւնները կատարել ոչ լատինական տաճարում: Ըստ տեղեկութիւնների, հայ կաթողիկէ համայնքը Մոսկուայում գոյութիւն է ունեցել մինչեւ 1931թ.՝ Հ. Կարապետ վրդ. Դիլուրգեանի հովվութեամբ: Խորհրդային տարիներին, ինչպէս գիտէք, Կաթողիկէ Եկեղեցու գործունէութիւնը ԽՍՀՄ-ում արգելուած է եղել:
1990-ականների սկզբին առաջին հայ կաթողիկէ փոքրիկ խումբը Մոսկուայում ձեւաւորուել է Սբ. Լիւդովիկոսի եկեղեցում, որտեղ հայ կաթողիկէները միասնական աղօթք են կատարել միանձնուհի Նունէ Պողոսեանի նախաձեռնութեամբ: Երբեմն հոգեւորականներ են եկել Հայաստանից ու Վրաստանից, որտեղ եւս աշխուժանում էին կաթողիկէ համայնքներն ու ձեւաւորւում էր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկէների թեմը (1991թ., կենտրոնը՝ Գիւմրի): Անարատ Յղութեան տաճարի նորոգումից յետոյ հայ կաթողիկէների ծէսերը կատարւում էին այդտեղ: Այս պահին Ռուսաստանում ապրում է մօտ 100.000 հայ կաթողիկէ, նրանց հովւում են 4 հայ հոգեւորականներ՝ Մոսկուայում, Տուլսկի շրջանում, Կրասնոդարում եւ Սիբիրում: Այն հայ կաթողիկէ համայնքներում, որոնք դժուար հասանելի են հայ հոգեւորականների համար, կրոնական ծէսերը կատարում են լատին հոգեւորականները: 2012թ. Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքը ստացաւ պետական գրանցում: