• Աստված սիրում և ընդունում է բոլորին

    «Մենք օգնո՞ւմ ենք մեր եղբայրներին, թե՞ հեռավորություն ենք պահպանում և մարդկանց պիտակավորում»:


    Աստված մեզ չի բաժանում մաքուրների և անմաքուրների, որովհետև մենք բոլորս Նրա զավակներն ենք, իսկ անմաքրությունը ոչ թե ուտելիքից, հիվանդությունից կամ մահից է, այլ անմաքուր սրտից, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ հունիսի 30-ին՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ։

     

    Մեկնաբանելով օրվա ավետարանական ընթերցումը, որը պատմում է Յայրոսի աղջկա հարության և արյունահոսությամբ տառապող կնոջ բժշկման մասին, Նորին Սրբությունն ընդգծեց, որ «այդ երկու հրաշքները տեղի են ունեցել ֆիզիկական շփման միջոցով. կինն իր ձեռքը դիպցրեց Հիսուսի զգեստին, իսկ Հիսուս բռնեց աղջկա ձեռքը»:

     

    Հրեական ավանդության համաձայն, կինն ու աղջիկը համարվում էին անմաքուր. «մեկը արյունահոսության, իսկ մյուսը մահվան պատճառով»: Օրենքն արգելում էր նրանց հետ ֆիզիկական շփումը: Սակայն Հիսուս թույլ է տալիս դիպչել Իրեն և չի վախենում հպումներից՝ մարտահրավեր նետելով կրոնական թյուր կարծիքին, որ Աստված մարդկանց բաժանում է մաքուրների և անմաքուրների: Հիսուս ցույց է տալիս, որ մարդու անմաքրության ոչ թե հիվանդությունից կամ մահից է, այլ անմաքուր սրտից, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    «Եկե՛ք հիշենք, որ չնայած մեր մարմնական ու հոգևոր տառապանքներին, հոգեկան վերքերին, մեր գործած մեղքերին, մեզ ընկճող ու հաղթահարող իրավիճակներին, Աստված մեզ Իրենից հեռու չի պահում, Աստված չի ամաչում մեզանից, Աստված մեզ չի դատում, այլ ընդհակառակը Նա մոտենում է, որպեսզի մենք կարողանանք դիպչել Նրան, իսկ Նա՝ մեզ: Նա մեզ միշտ բարձրացնում է մահից: Նա միշտ բռնում է մեր ձեռքը, որպեսզի ասի. դուստր, որդի, վե՛ր կաց, գնա՛, առաջ գնա՛»։

     

    Աստված ոչ ոք չի մերժում և անտեսում, որովհետև սիրում է մեզ բոլորիս, ընդգծեց Նորին Սրբությունը և կոչ արեց խորհել հետևյալ հարցերի շուրջ. Արդյո՞ք մենք հավատում ենք, որ Աստված հենց այդպիսին է: Որքանո՞վ ենք մենք բաց Տիրոջ, Նրա Խոսքի, Նրա սիրո առաջ: Օգնո՞ւմ ենք մեր եղբայրներին՝ մեր ձեռք մեկնելով, որպեսզի բարձրացնենք նրանց, թե՞ հեռավորություն ենք պահպանում և մարդկանց պիտակավորում՝ ըստ մեր ճաշակի և նախասիրությունների։

     

    Եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք դիմենք Աստծո սրտին, որպեսզի Եկեղեցին և հասարակությունը ոչ ոքի «անմաքուր» չհամարեն,   չմերժեն ու անտեսեն, որպեսզի յուրաքանչյուր մարդու ընդունեն և սիրեն իր սեփական պատմությամբ՝ առանց պիտակավորումների, նախապաշարմունքների, քննադատությունների:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց