• Պայքար թմրամոլության դեմ

    «Թմրամոլությունը թուլացնում է մարդկային ուժն ու բարոյական սկզբունքները, խաթարում է համընդհանուր արժեքները, ոչնչացնում է ապրելու իղձը»:


    Հունիսի 26-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշեցրեց հետևյալը. «Այսօր թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1987թ-ին: Այս տարի օրվա բնաբանն է. «Ապացույցներն ակնհայտ են. ներդրումներ կատարեք կանխարգելելու համար»»:

     

    Նորին Սրբությունը մեջբերեց Սբ. Հովհաննես Պողոս II խոսքերը. «Թմրամոլությունն աղքատացնում է ցանկացած համայնք, թուլացնում է մարդկային ուժն ու բարոյական սկզբունքները, խաթարում է համընդհանուր արժեքները, ոչնչացնում է ապրելու իղձն ու ավելի լավ հասարակություն ստեղծելու ցանկությունը»: Ամեն մի թմրամոլ ունի իր սեփական պատմությունը, որը պետք է լսել, հասկանալ, սիրել և բժշկել ու մաքրել: Թմրամոլ մարդիկ ունեն Աստծո զավակների արժանապատվությունը և այն չի փոփոխվում:

     

    «Չի կարելի անտեսել թմրավաճառների չար մտադրություններն ու գործողությունները», – ընդգծեց Սրբազան Քահանայապետն ու մեջբերեց Բենեդիկտոս XVI խոսքերը. «Թո՛ղ թմրավաճառները խորհեն այն չարիքի մասին, որը նրանք պատճառում են բազմաթիվ երիտասարդ ու մեծահասակ մարդկանց, որովհետև Աստված պատասխան է պահանջելու կատարած չար գործերի համար: Մարդկային արժանապատվությունը չի կարելի ոտնահարել, հատկապես այդ ձևով»։

     

    Թմրամիջոցների ազատականացումը չի նպաստում թմրամոլության նվազմանը, «ինչպես առաջարկվում կամ արդեն իսկ իրականացվում է որոշ երկրներում», ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Իմանալով բազմաթիվ ողբերգական պատմություններ թմրամոլների և նրանց ընտանիքների մասին՝ ես համոզված եմ, որ բարոյական տեսակետից անհրաժեշտ է վերջ դնել այդ վտանգավոր նյութերի արտադրությանն ու շրջանառությանը։ Որքա՜ն շատ են մահ վաճառողները, ովքեր առաջնորդվում են ամեն գնով իշխանություն և փող ունենալու տրամաբանությամբ։ Այդ չարիքը ծնում է բռնություն, սերմանում տառապանք ու մահ, և ողջ հասարակությունից պահանջում է համարձակ որոշումներ: Թմրամիջոցների արտադրությունն ու վաճառքը կործանիչ ազդեցություն է ունենում նաև մեր ընդհանուր տան վրա, որն ավելի ակնհայտ է դառնում Ամազոնի ավազանում»:

     

    Ամենից առաջ հասարակական այդ չարիքի դեմ պիտի պայքարի քաղաքականությունը. «կրթել ու դաստիարակել արժեհամակարգ հարգող երիտասարդություն, որովհետև հենց այդ արժեքների վրա են կառուցվում անձնական ու հասարակական կյանքը: Պետք է օգնել կարիքավորներին, որպեսզի նրանք ամրապնդեն իրենց հույսն ապագայի նկատմամբ»:

     

    Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ իր առաքելական շրջագայությունների ընթացքում այցելել է վերականգնողական համայնքներ, որոնք ոգեշնչված են Բարի Սամարացու մասին առակով։ Գովելի են նաև տեղի եպիսկոպոսությունների ջանքերը, որոնք «թմրամոլ մարդկանց բուժման և կանխարգելման ոլորտում առաջ են տանում արդար օրենսդրություն և քաղաքականություն»:

     

    Հավատացյալներին ուղղված իր խոսքի ավարտին Նորին Սրբությունն ասաց.

     

    «Չի՛ կարելի անտարբեր մնալ թմրամոլությամբ տառապող միլիոնավոր մարդկանց ողբերգության և թմրամիջոցների անօրինական արտադրության ու շրջանառության նկատմամբ: Տեր Հիսուսը կանգ առավ, մոտեցավ, բժշկեց վերքերը, իսկ մենք պիտի նրանից օրինակա վերցնենք. պետք է կանգ առնենք խոցելի, դժվարին ու ցավոտ իրավիճակի ականատես լինելիս, պետք է լսենք միայնության ու տառապանքի ճիչը, պետք է կռանանք, որպեսզի բարձրացնենք ու կյանքի վերադարձնենք նրանց, ովքեր ընկել են թմրամիջոցների ստրկության մեջ: Եկե՛ք աղոթենք նաև այն հանցագործների համար, ովքեր թմրանյութեր են տալիս երիտասարդներին. նրանք հանցագործներ ու մարդասպաններ են։ Եկե՛ք աղոթենք, որպեսզի նրանք դարձի գան»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց