• Սաղմոսների Գիրքը Եկեղեցու «աղոթական սիմֆոնիան» է

    «Սաղմոսներն աղոթք են բոլոր ժամանակների համար»:


    Հունիսի 19-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը Սուրբ Հոգու մասին և կոչ արեց քրիստոնյաներին՝ ի պատրաստություն առաջիկա Հոբելյանական տարվա՝ 2024թ. դարձնել «աղոթական սիմֆոնիա»։

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Եկեղեցու աղոթական սիմֆոնիան Սաղմոսների Գիրքն է, որը գրել է Սուրբ Հոգին: Սաղմոսներում կան տարբեր աղոթքներ. փառաբանություն, գոհություն, աղաչանք, տրտունջ և այլն: Այդ Սաղմոսները գրվել են Սուրբ Հոգու ներշնչանքով, որպեսզի հնչեն Եկեղեցում: Նրանք կարևոր տեղ են գրավում Նոր Կտակարանում և եկեղեցական ավանդության մեջ.

     

    «Իմ գրասեղանին դրված է Ուկրաինայում հրատարակված մի հատոր, որը կազմված է Նոր Կտակարանից և Սաղմոսների Գրքից: Այն պատկանել պատերազմում զոհված մի զինվորի: Այդ գրքով նա աղոթել է ռազմաճակատում»:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ «քրիստոնյաներն ու հատկապես ժամանակակից մարդը չեն կարող կրկնել և յուրացնել բոլոր Սաղմոսները»:

     

    «Երբեմն դրանք արտացոլում են վաղ անցյալում տեղի ունեցած պատմական իրադարձություններ և կրոնական մտածելակերպ:  Սակայն դա չի նշանակում, որ դրանք Աստծուց ներշնչված չեն»:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Սաղմոսները եղել են ոչ միայն Հիսուսի, Սուրբ Աստվածածնի, առաքյալների, այլ նաև քրիստոնյաների հետագա բոլոր սերունդների աղոթքները: Երբ մենք կարդում ենք Սաղմոսները, Տերը դրանք ունկնդրում է որպես «սիմֆոնիա», որը սրբերի հաղորդությունն է: Այդ երգերը դարձել են Սուրբ Պատարագի անբաժանելի մասը:

     

    Սաղմոսներն աղոթք են «բոլոր ժամանակների համար» և անդադար կրկնվելով չեն կորցնում իրենց արդյունավետությունը, քանի որ ներշնչված են հենց Աստծուց: Դրանք կարող են արտացոլել ցանկացած տրամադրություն կամ կարիք, խղճի խայթ, հարաբերություններ Տիրոջ հետ, վախ և տառապանք: Դրանք մեր աղոթքը մաքրում են եսակենտրոնությունից և օգնում մեզ երախտապարտ լինել ու փառավորել Տիրոջը: Եթե որոշ Սաղմոսներ կամ հատվածներ խոսում են մեր սրտի հետ, ապա շատ օգտակար կլինի դրանք կրկնել ամբողջ օրվա ընթացքում:

     

    Ուխտավորներին ուղղված իր խոսքի ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Թո՛ղ Սուրբ Հոգին, որ Հարս Եկեղեցուն նվիրեց խոսքեր՝ Աստվածային Փեսային աղոթելու համար, օգնի մեզ դրանք կրկնել այսօրվա Եկեղեցու մեջ և Հոբելյանի նախապատրաստական այս տարին դարձնել աղոթքի սիմֆոնիա»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց