• Եկե՛ք լինենք Ավետարանի առատաձեռն ու վեհանձն սերմնացանները

    «Արդյո՞ք մենք թույլ ենք տալիս Տիրոջը մեր մեջ սերմանել Իր Խոսքը»:


    Տերը սովորեցնում է մեզ «հավատքով Ավետարան սերմանել այնտեղ, որտեղ մենք գտնվում ենք, այնուհետև սպասել մինչև սերմը կաճի ու պտուղներ կտա մեր և ուրիշների  մեջ», ասաց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հունիսի 16-ի իր խորհրդածության ժամանակ՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ քրիստոնյաները կոչված են համառորեն Ավետարան սերմանել՝ միշտ աջակցելով միմյանց, նույնիսկ եթե դեռ չեն երևում պտուղներն ու արդյունքները. «Որովհետև հաճախ մեր մեջ արդեն իսկ տեղի է ունենում հրաշք, որը ժամանակի ընթացքում կտա իր առատ պտուղները»:

     

    Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ Տեր Հիսուսը հաճախ Աստծո Թագավորությունը համեմատում է հացահատիկի հետ՝ իր աչքի առաջ ունենալով հողագործների աշխատանքը, ովքեր ցանում են բարի սերմը և մանրակրկտորեն մշակում հողը, սակայն միանգամից չեն տեսնում իրենց աշխատանքի արդյունքը: Հիսուս կոչ է անում մտածել մի կարևոր հանգամաքի մասին, պարզաբանեց Նորին Սրբությունը. պետք է հավատքով և հույսով սպասել հողի մեջ գցված սերմի ծիլերին:

     

    Քրիոստոնյան հողագործի նման չպետք է կորցնի իր հույսը: «Ցանքից հետո պիտի վստահաբար սպասի և թույլ տա, որ սերմերը բացվեն ճիշտ պահին, իսկ ծիլերը դուրս գան հողի տակից և դառնան բավականին ուժեղ, որպեսզի վերջում առատ բերք տան», ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Աստծո շնորհն արդեն իսկ գործում է, նույնիսկ եթե դեռ տեսանելի չեն հետևանքները.

     

    «Հրաշքը կատարվում է հողի տակ: Տեղի է ունենում է անտեսանելի, սակայն շատ կարևոր մի գործընթաց, որի համար անհրաժեշտ է մեծ համբերություն: Պետք է շարունակել մշակել հողը, ջրել այն և մաքուր պահել, նույնիսկ եթե թվում է, թե արտաքուստ ոչինչ տեղի չի ունենում: Նույնն էլ կատարվում է Աստծո Թագավորությունում: Տերը մեր մեջ սերմանում է Իր Խոսքի ու շնորհի սերմերը, որոնք բարի և պտղատու են, այնուհետև՝ չդադարելով մեզ ուղեկցել, համբերատար սպասում է: Տերը շարունակում է հայրաբար հոգ տանել մեր մասին և համբերատար սպասում է մինչև սերմերը բացվեն, աճեն ու զարգանան և տան բարի գործերի պտուղները: Դրա համար էլ՝ Նա ուզում է, որ Իր դաշտում ոչինչ զուր չկորչի, որպեսզի սերմերը հասցնեն ծիլեր տալ»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը կոչ արեց հավատացյալներին մտածել հետևյալ հարցերի շուրջ. Արդյո՞ք մենք թույլ ենք տալիս Տիրոջը մեր մեջ սերմանել Իր Խոսքը: Մեր մերձավորների մեջ Աստծո Խոսքը սերմանելիս՝ որքանո՞վ ենք վստահ, որ բերք կստանանք: Կարո՞ղ ենք համբերատար սպասել, թե՞ հուսահատվում ենք՝ անմիջապես արդյունքներ չտեսնելով: Մենք կարո՞ղ ենք ամեն ինչ հանգիստ վստահել Տիրոջը, միաժամանակ ամեն ջանք գործադրելով Ավետարանը հռչակելու համար:

     

    «Թո՛ ղ Սուրբ Կույս Մարիամը, ով ընդունեց Խոսքի սերմը և թույլ տվեց, որ այն աճի իր մեջ, օգնի մեզ լինել Ավետարանի առատաձեռն ու վեհանձն սերմնացաններ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց