«Ճաշակելով Հիսուսի Մարմինն ու Արյունը՝ մենք դառնում ենք այն, ինչ ուտում ենք»:
Հունիսի 2-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ՝ աշակերտներին առաջարկված բեկանված հացի ու բաժակի միջոցով, Տերն Ինքն Իրեն պարգևում է համայն մարդկությանը և Իր կյանքը տալիս է՝ հանուն աշխահի կյանքի:
Հացը բեկանելու Հիսուսի վարմունքը խոսում է այն մասին, որ այն շատ կարևոր հանգամանք է և Ավետարանում ընդգծվում է հետևյալ խոսքերով. «և տվեց նրանց» (Մկ. 14,22):
«Հաղորդությունն ամենից առաջ պարգև է: Հիսուս հացը վերցնում է ոչ թե ուտելու, այլ կտրելու և աշակերտներին տալու համար, որպեսզի այդ արարքի միջոցով բացահայտի Իր ինքնությունն ու առաքելությունը: Նա կյանքը չպահպանեց Իր համար, այլ այն պարգևեց մեզ: Նա Իր Աստվածային էությունը չդիտարկեց՝ որպես նախանձախնդրությամբ պահվող գանձ, այլ Ինքն Իրեն զրկեց փառքից, որպեսզի կիսեր մեր մարդկային էությունն ու մեզ տաներ դեպի հավիտենական կյանք (տես՝ Փիլ. 2,1-11): Հիսուս Իր ողջ կյանքը տվեց՝ որպես պարգև»:
Սուրբ Հաղորդությունը կյանքից բաժանված պաշտամունք կամ էլ անձնական մխիթարության ինչ-որ պահ չէ, շարունակեց Նորին Սրբությունը. «Հիսուս վերցրեց հացը, կտրեց և տվեց նրանց, դրա համար էլ Նրա հետ հաղորդությունը մեզ դարձնում է ուրիշների համար բեկանված հաց, որ ունակ ենք կիսել այն, ինչ կանք և ինչ ունենք»: Լևոն I Մեծ Սրբազանն ասել է. «Ճաշակելով Հիսուսի Մարմինն ու Արյունը՝ մենք դառնում ենք այն, ինչ ուտում ենք»:
Մեր կոչումն էլ հենց դա է՝ դառնալ այն, ինչ մենք ուտում ենք, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, համակվել Հաղորդության ոգով, այսինքն՝ մեր կյանքը ապրենք ոչ թե մեզ համար(տես՝ Հռոմ. 14, 7), այլ դառնանք այնպիսի մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչպես իրենց կյանքը պարգև դարձնեն ուրիշների համար:
Հաղորդության շնորհիվ մենք դառնում ենք մարգարեներ և նոր աշխարհի շինարարներ.
«Եթե մենք հաղթահարել ենք մեր եսասիրությունն ու բացվել ենք սիրո համար, եթե մենք գնահատում ենք եղբայրական կապերը, եթե մենք կարեկցում ենք մեր եղբայրներին և քույրերին, եթե մենք հացն ու ռեսուրսները կիսում ենք կարիքավորների հետ, եթե մենք մեր տաղանդով ու շնորհքով նպաստում ենք բոլորի բարեկեցությանը, ուրեմն մենք Հիսուսի նման բեկանում ենք մեր կյանքի հացը»:
Նորին Սրբությունը կոչ արեց պատասխանել հետևյալ հարցերին. արդյո՞ք մենք մեր կյանքը պահպանում ենք մեր համար, թե՞ տալիս ենք այն Հիսուսի նման: Արդյո՞ք մենք չենք պարփակվում մեր փոքրիկ «ես» մեջ: Մենք գիտե՞նք կիսվել, թե՞ միշտ առաջնորդվում ենք մեր սեփական շահերով:
«Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, ով ընդունեց Հիսուսին՝ երկնքից իջած բեկանված Հացին և Հիսուսի հետ միասին ամբողջությամբ նվիրվեց, օգնի մեզ դառնալ սիրո պարգև՝ միացած Հիսուսի հետ Հաղորդության մեջ», խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը