• Սուրբ Հոգին քաոսը վերածում է ներդաշնակության

    «Արի՜ արարիչ Սուրբ Հոգի»:


    Մայիսի 29-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սկսեց քրիստոնեական ուսուցումների նոր շարք՝ մարդկության պատմության մեջ Աստծո Հոգու կատարած բարի գործերի վերաբերյալ. «Սուրբ Հոգին և հարսնացու Եկեղեցին, Սուրբ Հոգին Աստծո Ժողովրդին տանում է դեպի Հիսուս, դեպի մեր հույսը»:

     

    Ներկայացնելով ընդհանուր ունկնդրության առաջիկա ծրագիրը՝ Նորին Սրբությունն ասաց, որ իր խորհրդածությունների ժամանակ կանդրադառնա փրկության պատմության երեք մեծ փուլերին. Հին Կտակարան, Նոր Կտակարան և Եկեղեցի: Մեր հայացքը միշտ ուղղված կլինի Տեր Հիսուսին՝ մեր հույսին:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Աստծո Հոգին գործում է աշխարհի արարման հենց սկզբից՝ ստեղծելով կարգ ու կանոն և գեղեցկություն քաոսից: Այս շարունակական ստեղծագործական վերափոխումն ամբողջովին իրագործվեց Հիսուս Քրիստոսի մեջ: Սբ. Պողոսը Հռոմեացիներին ուղղված նամակում պնդում է, որ «բոլոր ստեղծվածները հեծեծում են և երկունքի ցավի մեջ են մինչև այժմ» (8,22): Սուրբ Հոգին քաոսը վերածում է ինչ-որ գեղեցիկ ու կարգավորված բանի: Ցավոք, մեր օրերում մենք այն քաոսի ականատեսն ենք, որի պատճառը մարդն է: Մարդն անդադար քաոսի է վերածում Աստծո ստեղծած աշխարհը, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Նրա տված բարիքների ճիշտ օգտագործմանը: Նորին Սրբությունը հիշեցրեց քաոսի տարբեր դրսևորումների մասին՝ այս աշխարհում և յուրաքանչյուր մարդու սրտում:

     

    «Մեր շուրջբոլորը, կարելի է ասել, որ թագավորում է արտաքին քաոսը՝ սոցիալական և քաղաքական. բավական է միայն մտածել պատերազմների, սոցիալական անարդարության, այն մեծաթիվ երեխաների մասին, ովքեր սոված են: Հենց դա էլ արտաքին քաոսն է: Սակայն կա նաև ներքին քաոս՝ մեզանից յուրաքանչյուրի սրտում տիրող ներքին քաոսը: Արտաքին քաոսը բժշկելու համար՝ մենք նախ պիտի բուժենք ներքին քաոսը: Երբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք անենք ամեն հնարավոր բան, որպեսզի մեր ներքին խռովքը խաղաղվի Սուրբ Հոգու արարիչ փորձառությամբ: Իհարկե դա կանի Աստծո զորությունը, սակայն մենք պիտի բացենք մեր սրտերը, որպեսզի Նա կարողանա դա անել»:

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, Արարիչ Հոգու սկզբնական ներդաշնակությանը վերադառնալու ճշգրիտ ճանապարհը մարդկանց ցույց է տալիս Սբ. Ֆրանցիսկ Ասսիզեցին. պետք է պարզապես մտահայել ու երկրպագել:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը մաղթեց ուխտավորներին.

     

    «Թո՛ղ այս մտորումները մեր մեջ արթնացնեն Արարչի Սուրբ Հոգուն հետևելու բուռն ցանկություն: Ավելի քան մեկ հազարամյակ Եկեղեցին աղաղակում է. veni creator Spiritus! Արի՜ արարիչ Սուրբ Հոգի: Այցելի՛ր հավատացյալների հոգիները: Երկնային շնորհներով լցրու նրանց սրտերը, ում դու ես ստեղծել։ Խնդրե՛նք Սուրբ Հոգուն, որ գա մեզ մոտ և մեզ դարձնի նոր մարդիկ՝ Սուրբ Հոգով նորոգված»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց