• Աղոթե՛ք, միշտ աղոթե՛ք, հատկապես խաղաղության համար, որպեսզի պատերազմները դադարեն

    «Սուրբ Հոգին մեզ ուժ է տալիս, մեզ մխիթարում է դժվարությունների ընթացքում»:


    2024թ. մայիսի 26-ին`Սուրբ Երրորդության տոնի օրը, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Սուրբ Պետրոս հրապարակում Երեխաների համաշխարհային առաջին օրվա եզրափակիչ Սուրբ Պատարագը մատուցեց, որին մասնակցեցին ավելի քան հիսուն հազար երեխաներ։

     

    Պատարագը սկսվեց թափորով, որի սկզբում Նորին Սրբությունն ասաց, որ «այստեղ բոլորիս Հիսուս է հրավիրել, ցանկանում ենք լսել Նրա Խոսքը, Նրա սեղանի մասնակիցը լինել, շնորհակալություն հայտնել Նրան ամեն բանի համար, որ մեզ պարգևում է, աղոթել համայն աշխարհի համար, հատկապես աղոթել խաղաղության համար», ասաց Սրբազան Քահանայապետը՝ հավելելով, որ «այդ անելու համար պիտի, նախ և առաջ, ներողություն հայցենք Աստծուց`մեր մեղքերի համար, որպեսզի մեր սիրտը պատրաստ լինի այն ընկալելու»։ Սուրբ Գրային ընթերցումներից հետո Նորին Սրբությունը կենտրոնացավ օրվա տոնակատարության Սուրբ Երրորդության խորհրդի վրա, ու երկխոսություն հաստատելով երեխաների հետ՝ սկսեց քարոզը:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ «այստեղ ենք գտնվում միասին աղոթելու, Աստծուն աղոթելու համար, համաձա՞յն եք»,  հարց տվեց նա, «այո» – պատասխանեցին երեխաները, ապա շարունակեց – «աղոթել Հայր Աստծուն, Որդի Աստծուն և Սուրբ Հոգուն», «քանի՞ Աստված են», – հարց տվեց Նորին Սրբությունը, – «Մեկ Աստված՝ երեք անձերով»: – «Հայրը, որ ստեղծեց մեզ բոլորիս, Ով մեզ սիրում է անհուն կերպով, երբ Հայր Աստծուն աղոթենք, ո՞րն է արտասանելիք աղոթքը», – «Հայր մերը» պատասխանեցին երեխաները։ «Իսկ ի՞նչ է Որդու անունը», հարցրեց Ֆրանցիսկոս Պապը և երեխաները պատասխանեցին՝ «Հիսուս»: «Մենք աղոթում ենք Նրան, որպեսզի մեզ մոտիկ լինի, իսկ Սուրբ Հաղորդության ժամանակ մենք ընդունում ենք Հիսուսին, Հիսուս ներում է մեր բոլոր մեղքերը։ Հիսուս միշտ ներու՞մ է մեղքերը», հարցրեց երեխաներին Սրբազան Քահանայապետը  և նրանք պատասխանեցին՝ «այո»։ «Միշտ ներում է», պնդեց Նորին Սրբությունը, – «այո միշտ» արձագանգեցին երեխաները։ «Նույնիսկ ամենամեղավոր մարդուն», շարունակեց Ֆրանցիսկոս Պապը, և նրանք պատասխանեցին՝ «այո», ապա հավելեց. «Ճիշտ է, Նա միշտ ներում է, իսկ մենք պիտի միշտ ներում հայցենք, եկե՛ք չմոռանանք դա»։

     

    Այնուհետև Սրբազան Քահանայապետը հարցրեց. «Ո՞վ է Սուրբ Հոգին» և ընդգծեց, որ մենք Սուրբ Հոգուն ընդունում ենք Սուրբ Մկրտության Խորհրդով: Նա է մեր սրտին հաղորդում բարի բաներ, ոպեսզի մենք կատարենք… Իսկ երբ չար արարք ենք կատարում, մեզ հանդիմանում է ներքնապես։ Սուրբ Հոգին մեզ ուժ է տալիս, մեզ մխիթարում է դժվարությունների ընթացքում», ասաց Նորին Սրբությունը, ապա հաստատեց, որ մենք ուրախ ենք, որովհետև հավատում ենք, հավատքը մեզ ուրախ է դարձնում։ Հավատում ենք Հայր Աստծուն, Որդի Աստծուն և Սուրբ Հոգուն», ասաց Ֆրանցիսկոս Պապը և կոչ արեց երեխաներին կրկնելու. «Հայր, Որդի և Սուրբ Հոգի»։

     

    Հայր Աստվածը մեզ ստեղծեց, Որդին մեզ փրկեց, իսկ Սուրբ Հոգին մեզ հետ ընկերանում է, ասաց Սրբազան Քահանայապետը, ապա հաստատեց, որ քրիստոնյաներս ունենք Մայր, ի՞նչ է Նրա անունը: Երեխաները պատասխանեցին՝ «Մարիամ»։ «Դուք գիտե՞ք աղոթել Մարիամին»։ «Այո՛»։ «Եկե՛ք միասին աղոթենք», ասաց Նորին Սրբությունն ու երեխաների մասնակցությամբ աղոթեց «Ողջույն քեզ Մարիամ» աղոթքը, որի ավարտին Սրբազան Քահանայապետը հայցեց Աստծո օրհնությունը և խնդրեց նրանց, որպեսզի միշտ աղոթեն մեծահասակների, ծնողների, տատիկների, պապիկների, հիվանդ երեխաների համար… «Աղոթե՛ք, միշտ աղոթե՛ք, հատկապես խաղաղության համար, որպեսզի պատերազմները դադարեն», քարոզի ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, Հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց