«Եկեղեցին որպես մայր է ընկալում երեխաներին»:
2024թ. Երեխաների համաշխարհային առաջին օրն անցավ մեծ հաջողությամբ, որին մասնակցեցին աշխարհի 101 երկրներից ժամանած ավելի քան հիսուն հազար երեխաներ: Սրբազան Քահանայապետը պատասխանեց իրեն ուղղված մի քանի հարցերի և ընդգծեց, որ միշտ կարելի է խաղաղություն հաստատել ու ավելի լավ աշխարհ կառուցելու համար պետք է սիրենք մեր շրջապատի մարդկանց: Անարդարությունների պատճառը պատերազմն ու եսասիրությունն են:
Երեխաները գիտեն, թե ինչպես է պետք խաղաղություն կերտել ու հրատապ իղձ ունեն այդ մասին բարձրաձայն աղաղակելու բոլորին։ 101 երկրներից ժամանած ավելի քան հիսուն հազար երեխաներն ընդառաջեցին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրավերին ու մասնակցեցին Երեխաների Համաշխարհային I օրվա տոնին, որը տեղի ունեցավ Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, տոնական մթնոլորտում՝ մասնակցությամբ իտալացի դերասանների, երգիչների, լրագրողների ու արվեստի աշխարհի պատկան ներկայացուցիչների:
Երեխաների տոնը սկսվեց երգերով, ելույթներով, վկայություններով, ապա սպիտակ ինքնաշարժով մարզադաշտ ժամանեց Նորին Սրբությունը՝ շրջան կատարելով և ողջունելով բոլորին՝ մինչ երեխաներն ու պատանիները երգում էին օրը խորհրդանշող օրհներգը։
Հանդիպման սկզբում մի քանի երեխաներ, ովքեր ներկայացնում էին աշխարհի տարբեր ցամաքամասերն ու երկրները, տարբեր լեզուներով ողջունեցին Ֆրանցիսկոս Պապին, ով նստած էր բազկաթոռին՝ շրջապատված մի խումբ երեխաներով:
Երեխաների ողջույնի խոսքերից հետո՝ Սրբազան Քահանայապետը պատգամ ուղղեց ներկաներին՝ ընդգծելով, որ «այսօր սկսվեց Երեխաների Համաշխարհային օրվա արկածախնդրությունը» և «համախմբված ենք Օլիմպիական մարզադաշտում, որպեսզի զարկ տանք երեխաների շարժմանը, ովքեր ցանկանում են կառուցել խաղաղ աշխարհ, որտեղ բոլորս էլ եղբայրներ ենք, մի աշխարհ, որն ապագա ունի, որովհետև ցանկանում ենք հոգ տանել մեզ շրջապատող մարդկանց մասին»։
Նորին Սրբությունը հաստատեց, որ «Եկեղեցին որպես մայր է ընկալում երեխաներին և նրանց հետ ընկերանում՝ քնքշությամբ ու հույսով»: Ապա խոսեց անցյալ տարվա նոյեմբերի 7-ին աշխարհի տարբեր վայրերից ժամանած երեխաների հետ հանդիպումից, որը տեղի էր ունեցել Վատիկանում, նշելով, որ այդ հանդիպումը կարևոր հետք է թողել իր սրտում ու ոգեշնչել հաստատել այս օրը։
«Այսօր մենք այստեղ ենք՝ մեր երկխոսությունը շարունակելու, հարցեր տալու ու միասին պատասխաններ փնտրելու համար», ասաց Սրբազան Քահանայապետը:
«Գիտեմ, որ տխուր եք պատերազմի պատճառով», շարունակեց Նորին Սրբությունը՝ մատնանշելով, որ առավոտյան Վատիկանում հանդիպել է Ուկրաինայից ու Պաղեստինից փախած երեխաների հետ, ապա հարցրեց երեխաներին. «Պատերազմը գեղեցի՞կ բան է», նրանք միաձայն պատասխանեցին. «ոչ»։ «Իսկ խաղաղությունը գեղեցի՞կ է» և երեխաները պատասխանեցին. «այո»։
Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ շատ երեխաներ դպրոց գնալու հնարավորություն չունեն և աղոթեց բոլոր նրանց համար, ովքեր տառապում են պատերազմի պատճառով, սոված են, հիվանդ և խնամող չունեն:
Խոսելով օրվա բնաբանի մասին՝ Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ այն վերցված է Սուրբ Գրքից. «Ահա ես ամեն բան նորը կդարձնեմ»: Ֆրանցիսկոս Պապը խրախուսեց երեխաներին միշտ լինել ուրախ և վստահեցրեց, որ Հիսուս սիրում է իրենց, այնուհետև միասին աղոթեցին «Ողջույն քեզ Մարիամ» աղոթքը:
Սրբազան Քահանայապետի այդ ողջույնի խոսքից հետո՝ տարբեր ազգությունների պատկանող տասը երեխաներ հարցեր ուղղեցին Ֆրանցիսկոս Պապին: Այդ հարցերը խաղաղության, իրար սիրելու և աշխարհն ավելի լավը դարձնելու մասին էին:
«Ինչպե՞ս հասնել խաղաղության» հարցին պատասխանելու համար Նորին Սրբությունը կոչ արեց երեխաներին բռնել միմյանց ձեռքերը՝ մինչ ինքը դա կաներ իր շուրջը հավաքված երեխաների հետ:
Սրբազան Քահանայապետն իր ուրախությունն արտահայտեց այնտեղ գտնվելու համար, որովհետև «դուք ուրախ եք և ձեր մեջ ունեք ապագայի հույսի ուրախությունը», ասաց նա և «եթե հրաշք գործելու հնարավորություն ունենար, ապա ի՞նչ հրաշք պիտի ցանկանար գործել» հարցին տվեց հետևյալ պատասխանը. «պիտի խնդրեի, որ բոլոր երեխաներն ապրելու անհրաժեշտ պայմաններ ունենային, կարողանային խաղալ, ուտել, ուրախանալ, դպրոց գնալ ու երջանիկ լինեին»։
«Ի՞նչու շատ մարդիկ չունեն ո՛չ տուն, ո՛չ աշխատանք», հարցրեց մի երեխա Նիկարագուայից, իսկ Ֆրանցիսկոս Պապը պատասխանեց, որ դա «չարության, եսասիրության և պատերազմի պտուղ է»։
Իսկապես, մեծաթիվ երկրներ հսկայական գումարներ են ծախսում զենք արտադրելու համար, սակայն կան մարդիկ, ովքեր ուտելու բան չունեն:
«Ամեն օր աղոթե՛ք երեխաների համար, ովքեր տառապում են այդ անարդարության պատճառով», եղավ Սրբազան Քահանայապետի կոչը հազարավոր երեխաներին, որոնցից խնդրեց մի պահ լռություն պահպանել՝ անարդարությունները հեշելու և դատապարտելու համար:
«Ինչպե՞ս բացել տարեցների սրտերը», հարցեց մի երեխա Հարավային Կորեայից, իսկ Ֆրանցիսկոս Պապը հաստատեց, որ կան կարծր սրտով մարդիկ ու այդ մեկը դյուրին չէ. «Բայց դուք մանուկներ պետք է թակեք մեծերի դռները և նրանց ու Աստծուն հարցեր ուղղեք։ Դուք երեխաներ կարող եք իսկական հեղափոխություն կատարել», ընդգծեց Նորին Սրբությունն ու ասաց, որ պետք չէ մեկուսացնել տարեցներին ու խրախուսեց այցելել նրանց, «որովհետև նրանք իրենց կյանքը նվիրել են ընտանիքին և պատմություն փոխանցել»:
Երեխաների համաշխարհային օրվա ավարտին Սրբազան Քահանայապետը շնորհակալություն հայտնեց և իր օրհնությունը շնորհեց բոլորին:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը