• Խոնարհություն

    «Որտեղ չկա խոնարհություն, այնտեղ կա պատերազմ, տարաձայնություն և պառակտում»:


    Մայիսի 22-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ավարտեց քրիստոնեական ուսուցումների շարքը առաքինությունների վերբերյալ և խորհրդածեց խոնարհության մասին, որը գլխավոր և աստվածաբանական առաքինությունների մաս չի կազմում, սակայն քրիստոնեական կյանքի հիմքն է:

     

    Նորին Սրբության խոսքերի համաձայն, խոնարհությունն ամենամահացու արատի՝ հպարտության, մեծ հակառակորդն է: Ի տարբերություն հպարտության, որը ստիպում է մեզ թվալ ավելի մեծ, քան մենք կանք իրականում, խոնարհությունը մեզ միշտ պահում է իրականության մեջ՝ ցույց տալով, որ մենք գեղեցիկ, բայց թույլ էակներ ենք՝ մեր թերություններով և առավելություններով հանդերձ: Հպարտության դևից ազատվելու համար բավական է միայն մտահայել աստղազարդ երկինքն ու հիշել, որ հող ենք ու հող պիտի դառնանք: Երանելի են նրանք, ովքեր միշտ հիշում են սեփական փոքրության մասին. նրանք պաշտպանված են մեծամտությունից: Իր Երանիների քարոզը Հիսուս սկսում է հենց հեզության ու խոնարհության երանությունից. «Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մտթ. 5,3):

     

    Հոգով աղքատ խոնարհությունը բոլոր առաքինությունների մուտքի դարպասն է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և նշեց, որ դա մենք տեսնում ենք Սուրբ Կույս Մարիամի օրինակով: Անկասկած, Քրիստոսի Մայրն ունեցել է բազմաթիվ առաքինություններ, սակայն Ավետարանում հիշատակվում է միայն խոնարհությունը: Սուրբ Կույս Մարիամը հաղթահարել է շատ դժբախտություններ ու դժվարին ժամանակներ, սակայն խոնարհությունը չի սասանվել, որովհետև Նրա համար այն եղել է ժայռի նման ամուր առաքինություն: Սուրբ Աստվածածնի անհաղթելի ուժի և զորության հիմքը հենց Իր փոքրությունն էր. հենց Նա մնաց Խաչի մոտ, երբ փշրվում էր հաղթական Մեսիայի պատրանքը: Հենց Աստվածամայրը հավաքեց բոլոր աշակերտներին Հոգեգալստյան օրը, ովքեր չկարողացան անգամ մեկ ժամ մենակ մնալ Հիսուսի հետ և լքեցին Նրան, երբ սկսվեց փոթորիկը:

     

    «Որտեղ չկա խոնարհություն, այնտեղ կա պատերազմ, տարաձայնություն և պառակտում»: Հեզությունն ու խոնարհությունն են փրկում չարից և նրա հանցակիցը դառնալու վտանգից, ընդգծեց Նորին Սրբությունը: Խոնարհությունը խաղաղության հիմքն ու աղբյուրն է աշխարհում և Եկեղեցում: Աստված այդ առաքինության բարձրագույն օրինակը մեզ տվել է Հիսուսի և Մարիամի մեջ՝ մեր երջանկության և հավերժական փրկության համար:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց