«Շրջակա միջավայրի ոչնչացումը հանցագործություն է Աստծո դեմ ու լուրջ սպառնալիք ողջ մարդկությանը»:
Մայիսի 16-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մասնավոր ունկնդրության ժամանակ ընդունեց աշխարհի տարբեր ծայրերից ժամանած քաղաքապետերին և նահանգապետերին, ովքեր Գիտությունների Հայրապետական ակադեմիաների կողմից կազմակերպված կլիմայական գագաթնաժողովի մասնակիցներն էին:
Նորին Սրբությունն իր ելույթի ժամանակ առանձնահատուկ ընդգծեց կլիմայի փոփոխության պատճառով մարդկության առջև ծառացած մարտահրավերների լրջությունը: Ածխածնային արտանետումների նվազեցման ներկայիս ջանքերը բավարար չեն առաջացած խնդիրները հաղթահարելու համար, որովհետև անհրաժեշտ են կտրուկ միջոցներ վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիաների ներդրման համար: Շրջակա միջավայրի ոչնչացումը հանցագործություն է Աստծո դեմ ու լուրջ սպառնալիք ողջ մարդկության, հատկապես՝ աղքատների, կանանց և երեխաների համար, ովքեր բախվում են անհամաչափ վտագների հետ: Սրբազան Քահանայապետն ընդգծեց կլիմայական փոփոխությունների և համաշխարհային խնդիրների այնպիսի փոխկապակցություն, ինչպիսիք են կենսաբազմազանության կորուստը, անհավասարությունն ու պարենամթերքի պակասությունը: Ամենից շատ տառապում են աղքատ երկրները, չնայած այն հանգամանքին, որ նրանք նվազագույն ազդեցություն ունեն կլիմայի փոփոխության վրա, մինչդեռ արտանետումների մեծ մասի համար պատասխանատու են հենց հարուստ երկրները: Ցավոք սրտի, անուշադրությունը հասարակության խոցելի շերտերի նկատմամբ և ապատեղեկատվությունը խոչընդոտում են բոլոր այդ խնդիրները լուծելու և հաղթահարելու միասնական ջանքերին:
Նորին Սրբությունը միջազգային ֆինանսավորման և զարգացող երկրներին աջակցելու կոչ արեց, որպեսզի այդ երկրները հարմարվեն կլիմայական փոփոխություններին և մշակեն «կանաչ» տնտեսությունը զարգացնող ծրագրեր: Պահանջվում է համապարփակ մոտեցում, քաղաքականության փոփոխություն և տնտեսության դեկարբոնիզացում՝ հանածո վառելիքից կախվածությունը վերացնելու համար: Կարևոր խնդիր է նաև մթնոլորտի մաքրումը ածխաթթու գազից, որի լուծումը բնության տված բարիքների ու ռեսուրսների խելամիտ օգտագործումն է, և այդ հարցում մեզ գործընկեր կարող է դառնալ հենց բնութոյւնը: Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, կլիմայի փոփոխության դեմ պայքարի անբաժանելի մաս է էկոհամակարգերի զարգացումը և բնական ռեսուրսների պաշտպանությունը, ինչպիսիք են Ամազոնի և Կոնգոյի անտառները, օվկիանոսներն ու խութերը:
Նորին Սրբությունն ընդգծեց ֆինանսական նոր ճարտարապետության ստեղծման անհրաժեշտության մասին, որը կարտացոլի բնապահպանական արդարության սկզբունքները: Միայն համատեղ ջանքերով կարող ենք գալիք սերունդների համար ապահովել կայուն ապագա:
Այդ բոլոր քայլերը պիտի անհապաղ իրականացվեն՝ կարեկցանքի և համերաշխության ոգով, քանի որ խաղադրույքները չափազանց մեծ են, ելույթի ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը և պատվիրակներին սերտ համգործակցության կոչ արեց:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը