• Նորին Սրբության ուղերձը տատիկների և պապիկների Համաշխարհային IV օրվա կապակցությամբ

    «Պետք է տարեց հարազատներին ու միայնակ ծերերին ցույց տալ, որ նրանք ունեն օրհնված ապագա»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հրապարակեց ուղերձ տատիկների, պապիկների և բոլոր տարեցների Համաշխարհային IV օրվա կապակցությամբ, որը նշվելու է հուլիսի 28-ին և ունենալու է հետևյալ խորագիրը՝ «Ծերության ժամանակ ինձ մի՛ վանիր» (Սղմ. 70,9):

     

    Նորին Սրբությունն ընդգծում է, որ Աստված երբեք չի լքում Իր զավակներին, նույնիսկ երբ նրանք ծերանում և կորցնում են իրենց կենսունակությունը: Տերը մարդուն չի դատում նրա արտաքին տեսքով և ընտրում է բոլոր նրանց, ովքեր հասարակության մեջ համարվում են աննշան մարդիկ. տարեցների փորձառությունն ու հուսալիությունը Նա ծառայեցնում է՝ երիտասարդներին աջակցելու և խրատելու համար: Մեջբերումներ անելով Սաղմոսների Գրքից՝ Սրբազան Քահանայապետը հիշեցնում է, որ Աստված միշտ հոգ է տանում բոլոր տարիքի մարդկանց մասին, որովհետև Նա մեզանից յուրաքանչյուրի Հայրն ու Արարիչն է: Աստվածաշնչի համաձայն, ծերությունն օրհնության նշան է, սակայն այն նաև կապված է մոռացված և լքված լինելու վախի հետ: Ծերերի ուղեկիցն է դառնում միայնությունը, որն ունի տարբեր պատճառներ. երեխաների արտագաղթ, պատերազմներ, թշնամանք տարեցների հանդեպ, ընդգծում է Նորին Սրբությունը և մեջբերում այն տարածված կարծիքը, թե ծերերը ծանրաբեռնում են երիտասարդներին. «գողանում են նրանց ապագան և սոցիալական բեռ դառնում»։ Սակայն դա իրականության աղավաղված ընկալումն է, քանի որ երիտասարդների և տարեցների հակադրությունը խաբեություն և մեքենայություն է: Մեր օրերում, ընդգծում է Սրբազան Քահանայապետը, անհատականությունն ավելի կարևոր է, իսկ սեփական ուժերով և ճիգերով ինքն իրեն փրկելու գաղափարը մերժում է ընտանիքի դերը: Սակայն անհատականության պատրանքը տարիքի հետ հօդս է ցնդում, և մարդը շատ ուշ է հասկանում, որ նա դեռ ուրիշների կարիքն ունի: Նորին Սրբությունը կոչ է անում փոխել վերաբերմունքը տարեցների հանդեպ. նրանց պետք է հարգել և գնահատել:

     

    Միայնությունը, լքվածությունն ու մերժվածությունը լայնորեն տարածված են. շատ թոշակառուներ վախենում են մոռացվելուց, իսկ ոմանք իրենց բեռ են համարում: Սակայն Նոոմինի և Հռութի աստվածաշնչյան պատմությունը ցույց է տալիս, որ միշտ այլ ճանապարհ էլ կա: Երբ ծերացած Նոոմինն իր Օրփա և Հռութ հարսներին ասում է իրեն մենակ թողնել ու հեռանալ, գնում է միայն առաջինը, իսկ երկրորդը որոշում է մնալ և օգնել սկեսուրին: Հռութը դրսևորում է հանդգնություն և ազատություն՝ մերժելով իշխող սովորույթները: Նա որոշում է հոգ տանել ծեր կնոջ մասին ու մոտիկ լինել նրան, և, ի վերջո, գտնում է երջանկություն և օրհնություն իր նոր կյանքում: Սրբազան Քահանայապետը կոչ է անում հավատացյալներին հետևել Հռութի օրինակին և մոտիկ լինել տարեցներին՝ ընդունելով նրանց անգնահատելի ներդրումը ընտանիքում, հասարակության մեջ և Եկեղեցում։ Պետք է տարեց հարազատներին ու միայնակ ծերերին ցույց տալ, որ նրանք ունեն օրհնված ապագա։

     

    Ծերերի հետ մոտիկությունն օրհնություն է և ողորմության մեծ նշան, իսկ տարեցների համաշխարհային օրը հիանալի առիթ է նրանց նկատմամբ գործուն հոգատարություն և քնքշանք ցուցաբերելու համար, ուղերձի ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց