«Համբերատար մարդիկ բարության ջուլհակներն են»:
Մայիսի 8-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը աստվածաբանական առաքինությունների վերաբերյալ և խոսեց հույսի մասին:
Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականում կարդում ենք, որ հույսն աստվածաբանական այն առաքինությունն է, որով մենք ցանկանում ենք իբրև մեր երանություն ունենալ երկնքի Արքայությունն ու հավիտենական կյանքը՝ մեր վստահությունը դնելով Քրիստոսի Խոստումների վրա ու ապավինելով ո՛չ թե մեր ուժերին, այլ Սուրբ Հոգուշնորհքի օգնությանը: Հույսը պատասխանում է երկրային ճանապարհների նպատակի և աշխարհի ճակատագրերի անվիճարկելի հարցերին, իսկ նրա բացակայությունը ծնում է տխրություն և հուսահատություն: Եթե չկա կյանքի իմաստ, եթե սկզբում և վերջում մարդուն սպասում է ունայնություն, ապա անիմաստ է թվում կյանքի ճանապարհով քայլելը, և մեր բոլոր առաքինություններին սպառնում է փշրվելու և մոխիր դառնալու վտանգը: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հույսը չի բխում մեզանից, որովհետև այն Աստծո թանկարժեք պարգևն է մեզ:
Քրիստոնյաների հույսը կախված չէ նրանց արժանիքներից, քանի որ հույսի հիմքում հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս, Ով մահացավ, հարություն առավ և հավատացյալներին տվեց Իր Հոգին: «Մենք թողություն և փրկագին ենք ստացել այն իմաստով, որ մեզ վստահելի հույս է տրվել, որի շնորհիվ մենք կարող ենք առերեսվել մեր ներկայի հետ», – Սրբազան Քահանայապետը մեջբերեց Բենեդիկտոս XVI խոսքերը (շրջաբերական Spe salvi, 1): Իսկ դա նշանակում է, որ ոչ մի պարտություն և մահ հավերժ չեն, սակայն եթե չենք հավատում Քրիստոսի հարությանը, ապա ամեն ինչ դառնում է ունայն, նույնիսկ առաքյալների քարոզները: Ցավոք սրտի, մենք հաճախ ենք մեղանչում հույսի դեմ, երբ տխուր ենք, վհատվում ենք մեր գործած մեղքերի պատճառով և մոռանում ենք Աստծո ողորմածության մասին, ընդգծեց Նորին Սրբությունը:
«Ժամանակակից աշխարհը համբերության խիստ կարիք ունի, որը ձեռք ձեռքի տված կքայլի հույսի հետ: Համբերատար մարդիկ բարության ջուլհակներն են։ Նրան համառորեն ձգտում են խաղաղության, թեև ոմանք շտապում են՝ ցանկանալով ամեն ինչ միանգամից ստանալ, իսկ համբերությունը սպասել գիտի: Նույնիսկ երբ շատերը մեր շրջապատում հուսախաբվում են, նրանք, ովքեր ոգեշնչված են հույսով և համբերատար են, կարող են լուսացնել ամենամութ գիշերները»:
Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, հույսը և՛ երիտասարդների, և՛ տարեցների առաքինությունն է: Ավետարանական երեցներ Սիմեոնն ու Աննան հույսով լի համբերությամբ սպասում էին Փրկչի հետ հանդիպմանը, իսկ երբ հանդիպեցին շնորհը նրանց սրտերը լցրեց մինչ այդ անհայտ ու մեծ բերկրանքով և ջերմությամբ: Մենք նույնպես կարող ենք զգալ այդ ուրախությունը, եթե մեր սրտերում ունենանք անկեղծ հույս, սուրբ համբերություն և ամուր հավատք առ Աստված, խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը