• Ինչպե՞ս է Եկեղեցին վերաբերվում հավատացյալ և անհավատ անձանց ամուսնությանը:

    «Ընտանիք ստեղծելու համար միայն սիրահարների զգացմունքները բավարար չեն»:


    Եկեղեցին ընդունելի է համարում ամուսնությունը մկրտված և չմկրտված անձանց միջև, եթե չմկրտված անձը հարգում է մկրտված անձի կրոնական հայացքները: Նման ամուսնությունը թույլատրելի է միայն որոշակի վերապահումներով և այն Եկեղեցում հաստատելու համար պետք է ստանալ եկեղեցական իշխանությունների հատուկ թույլտվությունը: Իսկ դա նշանուկում է, որ ընդունելի է, սակայն չի խրախուսվում:

     

    Ընտանիք ստեղծելու համար միայն սիրահարների զգացմունքները բավարար չեն: Պետք է լրջորեն մտածել, թե որոնք են նման միության վտանգները, քանզի փորձը ցույց է տալիս, որ ամուսնությունը հավատացյալ կաթոլիկի և աթեիստի միջև բախվում է լուրջ դժվարությունների հետ:

     

    Հենց այդ փաստն էլ ընտանիքում պառակտումների պատճառ է դառնում: Որպես օրինակ կարելի բերել կիրակնօրյա Պատարագը, երբ կողակիցներից մեկը մասնակցում է, իսկ մյուսը՝ ոչ:

     

    Խնդիրներն ու դժվարություններն էլ ավելի են բարդանում, երբ հարցը վերաբերում է երեխաների դաստիարակությանը: Հաճախ ծնողներից մեկը ցանկանում է նրանց մեծացնել հավատքի մեջ, սակայն մյուս ծնողը համաձայն չէ: Մի ծնողն ուզում է նրանց իր հետ Պատարագ տանել, աղոթել սովորեցնել, որպեսզի հետագայում միասին աղոթեն, իսկ մյուս ծնողը ոչ միայն դա չի ցանկանում, այլ նաև խոչընդոտում է:

     

    Դժվարությունների և տարաձայնությունների պատճառ են դառնում նաև եկեղեցական տարբեր պատվիրաններն ու ուսմունքները: Էլ չենք խոսում ամուսնության այնպիսի կարևոր հանգամանքի մասին, ինչպիսին է ամուսնական կյանքը Եկեղեցու վարդապետության համաձայն: Լուրջ խնդիրներ են առաջանում, երբ ոչ հավատացյալ կողմը ցանկանում է բեղմնականխիչ միջոցներ օգտագործել, որն անթույլատրելի է հավատացյալ կողմի համար: Այս ամենը պետք նկատի ունենալ և քննարկել՝ մինչ նման ամուսնական միություն ստեղծելու որոշում կայացնելը:

     

    Անշուշտ, կյանքում լինում են նաև երջանիկ ամուսնություններ հավատացյալ և ոչ հավատացյալ անձանց միջև: Բայց, որպես կանոն, այդ երջանկությունը ձեռք են բերում բազմաթիվ դժվարություններով հաղթահարելով: Ավելին, հաճախ հավատքի է գալիս ոչ հավատացյալ անձը, որովհետև նրան հրապուրում է լույսով և վեհ գաղափարներով լեցուն կյանքը:

     

    Ասվածին ավելացնենք երկու մեջբերում Իտալիայի եպիսկոպոսության «Ընտանեկան խորհրդատվության ձեռնարկից», որոնք վերաբերում են միջկրոնական և խառն ամուսնություններին (այսինքն՝ ամուսնություն ոչ միայն ոչ հավատացյալների, այլ նաև կաթոլիկ և ուղղափառ քրիստոնյա անձանց միջև):

     

    «Պետք է իմանալ, որ մարդկանց միջև կատարյալ միություն և ամուր ամուսնական կապեր ավելի հեշտ են հաստատվում, երբ ամուսիններն ունենում են նույն հավատքն ու դավանանքը: Հաշվի առնելով կանոնական իրավունքի նորմերը՝ ամուսնացողները պիտի գիտակցեն այն բոլոր դժվարությունները, որոնք կարող են առաջանալ երկու անձանց միջև, ովքեր չեն ապրում լիարժեք եկեղեցական հարաբերություն:

     

    Շատ կարևոր է ամուսիններին տեղեկացնել այն տարբերությունների և առանձնահատկությունների մասին, որոնք գոյություն ունեն համապատասխան դավանանքների միջև, ինչպես նաև ասել, թե ինչն է ընդհանուր նրանց ամուսնության մեջ, որպեսզի նրանք խանդավառվեն ու պսակադրվեն Քրիստոնեական հավատքի համաձայն և ստեղծեն քրիստոնեական ընտանիք ու միություն:

     

    Ամուսնացողները պետք է իմանան կանոնական իրավունքի նորմերի մասին և հարգեն միմյանց կրոնական պարտականությունները: Այդ ամենը պիտի տեղի ունենա համապատասխան համայքների համաձայնությամբ»:

     

    Ինչպես տեսնում ենք, Քրիստոսին հավատացող երկու անձինք, ովքեր լավ չեն ընկալում դավանանքը, կարող են բախվել որոշակի վտանգների ու դժվարությունների: Իսկ այդ վտանգներն ավելի շատ են, երբ ամուսիններից մեկն անհավատ է:

     

    Ահա մի քաղվածք միջկրոնական ամուսնությունների վերաբերյալ՝ Իտալիայի եպիսկոպոսության համաժողովի նույն փաստաթղթից.

     

    «Եվ ահա այսպիսի դեպքերում, երբ անձը գիտակցում է հավատքի արժեքն առ Աստված և դավանվող կրոնական սկզբունքների կարևորությունը, մշտապես հարգում է կանոնական իրավունքի նորմերը, կաթոլիկներին պետք է նախազգուշացնել այն բոլոր դժվարությունների մասին, որոնց ընդառաջ նրանք գնում են՝ իրենց հավատքն արտահայտելիս, միմյանց համոզմունքները հարգելիս, երեխաներին դաստիարակելիս:

     

    Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել այն ամուսնություններին, որոնք հաստատվել են կաթոլիկ և մուսուլման անձանց միջև, որովհետև ոչ միայն ավելանում է նման ամուսնությունների քանակը, այլ նաև խնդիրներն ու դժվարությունները. զանազան խնդիրներ կապված սովորույթների և ավանդույթների հետ, այլ մտածելակերպ ունենալը և կնոջ դիրքն ու դերը մուսուլմանական հասարակությունում, հենց ամուսնության բնույթն ու էությունը:

     

    Հետևաբար, պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի ապագա ամուսինները ճիշտ ըմբռնում և պատկերացում ունենան ամուսնության, և հատկապես, նրա միամուսնական և անքակտելի ու ամուր բնույթի մասին: Ներկայացված փաստաթղթերի միջոցով և օգնությամբ պետք է համոզվել, որ այլ ամուսնական կապեր չկան, ինչպես նաև հստակեցնել կնոջ դերը և իրավունքները երեխաների նկատմամբ:

     

    Ցանկալի է նաև ուսումնասիրել այն պետության ամուսնական օրենսգիրքը, որի քաղաքացին է տվյալ մուսուլմանը և որոշել մշտական բնակության վայրը, որտեղ պիտի ապրի ամուսնական զույգը: Տեղական առաջնորդարանը նման ամուսնության թույլտվության դիմում ստորագրելիս պետք է հաշվի առնի բոլոր խնդրահարույց տարրերն ու ներկայացնի բոլոր հանգամանքները, որոնք շատ կարևոր ու վճռորոշ են որոշում կայացնելու համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց