• Ամուսնություն չմկրտված անձանց միջև

    «Ամուսնությունը հաստատել ու օրհնել է Աստված՝ աշխարհի արարման արշալույսին»:


    Երբ ոչ քրիստոնյա ամուսիններից մեկը Մկրտվում է, արդյո՞ք նրանց ամուսնությունը դառնում է Խորհուրդ: Տվյալ դեպքում կարելի՞ է պսակադրվել:

     

    Քաղաքացիական ամուսնությունը երկու ոչ մկրտված անձանց միջև, որը գրանցվել է քաղաքացիական ակտերի գրանցամատյանում, կոչվում է բնական ամուսնություն: Խոսքը վերաբերում է իսկական ու վավերական ամուսնությանը: Ամուսնությունը հաստատել է Աստված՝ աշխարհի արարման արշալույսին, և հենց Ինքն էլ օրհնել է այն. «Աստված օրհնեց նրանց ու ասաց. աճեցե՛ք ու բազմացե՛ք» (Ծնն. 1,28): Չնայած Ադամի գործած մեղքին՝ ամուսնությունը պահպանել ու չի կորցրել այս օրհնությունը:

     

    Երբ երկու չմկրտված անձինք սկսում են հավատալ Քրիստոսին, ապա նրանց ամուսնությունը դառնում է Խորհուրդ: Այսպիսով փոխադարձ համաձայնությունը վերսկսելու և նորոգելու անհրաժեշտություն չկա։

     

    Ամուսնական համաձայնության պահին ամուսինների միջև հաստատված կապերը Մկրտության ժամանակ բարձրացվում են մինչև Խորհրդի մակարդակի: Դա համապատասխանում է Եկեղեցու գործանական քայլերին, որովհետև դեռ 1860 և 1881 թվականներին Սուրբ գրասենյակը օրենքներ է հրապարակել, ըստ որոնց, ամուսնական համաձայնության նորոգումն արդեն իսկ Մկրտությունն ընդունած ամուսինների դեպքում ցանկալի է, բայց ոչ պարտադիր:

     

    Եթե ամուսիններից միայն մեկն է Մկրտվում, ապա նրանց ամուսնությունը Խորհուրդ չի դառնում, նույնիսկ մկրտված ամուսնու պարագայում: Նման ամուսնությունը կարող է լուծարվել «Պողոս առաքյալի առանձնաշնորհությամբ», մինչդեռ Խորհուրդ դարձած ամուսնությունը երբեք չի լուծարվում ու քանդվում: Ամուսնությունը մկրտված և չմկրտված անձանց միջև չի կարող Խորհուրդ լինել, իսկ ամուսնական կապերը չմկրտված անձի համար չեն կարող գերբնական լինել: Նման ամուսնությունը չունի այն առեղծվածայնությունը, որն Ամուսնության Խորհրդի հիմքն է: Որովհետև ամուսնությունը հարաբերություն է, իսկ դա նշանակում է, որ այն իր ազդեցությունն է ունենում կողակիցների վրա: Այդ իսկ պատճառով, նույնիսկ եթե նրանցից մեկը մկրտված է, ապա այդ հարաբերությունները Խորհուրդ չեն դառնում անգամ նրա համար, քանի որ նույն ազդեցությունը չեն ունենում չմկրտված կողակցի վրա:

     

    Սակայն Կաթողիկէ Եկեղեցում մեկ այլ կարծիք էլ կա (այս գաղափարին կողմնակից է աստվածաբան Բերնհարդ Բարտմանը), որի համաձայն, եթե ամուսիններից մեկը մկրտվում է, ապա հենց նրա շնորհիվ էլ նրանց ամուսնությունը դառնում է Խորհուրդ:

     

    Լրիվ այլ պատկեր է, երբ կաթոլիկը «քաղաքացիական բնույթի ու ձևի» ամուսնական կապեր է հաստատում ոչ կաթոլիկ քրիստոնյայի հետ (որը չպետք է շփոթել քաղաքացիական ամուսնության հետ): Տվյալ դեպքում նրանք երկուսն էլ մկրտված են, և, եթե կաթողիկէ կողմը թեմի առաջնորդից ստանում է հատուկ կարգադրություն, ապա իրենց «քաղաքացիական բնույթի ու ձևի» ամուսնությունը, որը վավեր է, Մկրտության շնորհիվ դառնում է Խորհուրդ:

     

    Կաթոլիկ և ոչ կաթոլիկ քրիստոնյայի ամուսնությունը, որը կատարվել է «քաղաքացիական բնույթի ու ձևի» համաձայն և եպիսկոպոսի հատուկ կարգադրությամբ, ոչ մի առնչություն չունի քաղաքացիական ամուսնության հետ: Որովհետև քաղաքացիական ամուսնությունը երկու մկրտված անձանց միջև, որը հաստատվել ու կնքվել է միայն քաղաքային հաստատություններում, անվավեր է: Որպես կանոն, տվյալ դեպքում ամուսինները չեն ցանկանում պսակադրվել և գործում են Եկեղեցուն հակառակ: Եկեղեցին նման ամուսնությունը համարում է անվավեր ու ոչ օրինական:

     

    (Ռադիո Վատիկանի արխիվից, հեռարձակվել է 2017 թվականի հուլիսի 24-ին)

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց