«Կյանքի փոթորիկներում հենց հավատքի շնորհիվ չենք խեղդվի ու կորչի վախի անդունդում»:
Մայիսի 1-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը աստվածաբանական առաքինությունների վերաբերյալ և խոսեց հավատքի առաքինության մասին:
Երեք աստվածաբանական առաքինություններն այն մեծ պարգևներն են, որոնք Աստված տալիս է մեզ. սեր, հույս, հավատք: Հավատքը կոչվում է «աստվածաբանական առաքինություն», քանի որ այն կարող է կյանքի կոչվել միայն Աստծո պարգևած շնորհի միջոցով: Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականը սովորեցնում է, որ «Հավատքով մարդն ինքն իրեն ամբողջովին ու ազատորեն հանձնում է Աստծուն» (n. 1814): Հենց իր հավատքի շնորհիվ Աբրահամը դարձավ հավատացյալների հետագա բոլոր սերունդների մեծ հայրը: «Հավատքի մարդ էր Սուրբ Կույս Մարիամը, ով ստանալով հրեշտակային ավետիսը, որը շատերը կմերժեին՝ որպես չափազանց դժվար և վտանգավոր, նա ընդունում է մեծահոգի համաձայնությամբ», որովհետև նրա սիրտը լեցուն էր Աստծո հանդեպ հույսով:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ հավատքի առաքինությունը մեզ քրիստոնյա է դարձնում: Հավատքի հակառակորդն ու թշնամին բանականությունը և ողջամտությունը չեն, այլ հասարակ վախը, որը ներհատուկ էր աշակերտներին և նրանց համակել էր Գալիլեայի լճում փոթորկի ժամանակ։ Հավատքի աստվածաբանական առաքինության այս պարգևը պետք է սրտաբաց ընդունենք ու ամեն օր աղոթենք դրա նորոգման համար: Սրբազան Քահանայապետն ասաց, որ հավատքի առաքինությունը ոմանց կարող է աննշան ու ոչ կարևոր մի բան թվալ, սակայն, այնուամենայնիվ, այն ամենակարևորն է. այդ իսկ պատճառով ծնողները հենց հավատք են խնդրում Եկեղեցուց, երբ իրենց երեխաներին բերում են Մկրտության, որովհետև նրանք գիտեն, որ կյանքի փոթորիկներում հենց հավատքի շնորհիվ իրենց երեխաները չեն խեղդվի ու կորչի վախի անդունդում: Բացի այդ, «երբ երեխան մի օր կորցնի իր ծնողներին և այլևս ծնողներ չունենա այս երկրի վրա, ապա երկնքում նա կունենա Հայր Աստծուն, Ով երբեք չի թողնի ու լքի նրան»։
«Հավատքը մեզ տալիս է շնորհ ու գիտակցություն՝ Աստծո առեղծվածը հասկանալու համար», ընդգծեց Նորին Սրբությունը և հիշեցրեց Տիրոջ խոսքերը.
«Եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք և այս թթենուն ասեք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա՛ կհնազանդվի ձեզ»: Մենք էլ աշակերտների նման ասենք Տիրոջը. «Տե՛ր, ավելացրո՛ւ մեր հավատը» (Ղկ. 17,5-6):
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը