• Եկե՛ք մնանք Տիրոջ մեջ

    «Հավատքն առ Հիսուս չի սահմանափակում մեր ազատությունը»:


    Ապրիլի 28-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկօրյա հովվական այցելություն կատարեց Վենետիկ: Նորին Սրբության առաջին հանգրվանը Ջուդեկա կղզում գտնվող կանանց կալանավայրն էր, որտեղ նա հանդիպեց կին բանտարկյալների, բանտի աշխատակիցների և կամավորների հետ։ Սրբազան Քահանայապետին դիմավորեցին Վենետիկի Պատրիարք Գերապայծառ Ֆրանչեսկո Մորալիան և բանտի ղեկավար անձնակազմը:

     

    Նորին Սրբության հովվական այցելության վերջին իրադարձությունը կիրակնօրյա Սուրբ Պատարագն էր Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում, որին մասնակցեցին մոտ 10.500 ուխտավորներ:

     

    Իր քարոզում Սրբազան Քահանայապետը խորհրդածեց ավետարանական մի հատվածի շուրջ, որտեղ Տերն Իրեն համեմատում է որթատունկի, իսկ Իրեն հավատացողներին՝ ճյուղերի հետ (տես՝ Հվհ. 15,4): Ավետարանական առակի իմաստը կօգնի հասկանալ Վենետիկի պատմությունը, որը սերտորեն կապված է գինեգործության հետ:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ Երկնային Հայրը՝ համբերատար հողագործի նման, հոգ է տանում մեր մասին, որպեսզի մեր կյանքը առատ բերք տա: Դրա համար էլ Քրիստոս կոչ է անում աշակերտներին Իր հետ կենդանի կապ պահպանել, քանզի միայն այդպես կարող ենք շատ պտուղներ տալ: Օգտագործելով խաղողի որթատունկի պատկերը՝ Հիսուս նաև զգուշացնում է, որ եթե այդ կապը խզվի, ապա մենք կդադարենք պտուղներ տալ և վտանգված կլինենք չոր ճյուրղեր դառնալու, որոնք ի վերջո դեն են նետվելու:

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, հավատքն առ Հիսուս չի սահմանափակում մեր ազատությունը, այլ ընդհակառակը, նախապատրաստում է մեզ Աստծո սերն ընդունելուն ու բացահայտելուն, որովհետև Նա մեծացնում է մեր ուրախությունը և հոգ տանում մեր մասին, նույնիսկ երբ «մեր կյանքի հողը չորանում է»: Վենետիկը կախված է ջրից, իսկ մենք կախված ենք Աստծո սիրուց, որովհետև առանց այդ սիրո մենք կդադարենք պտուղներ տալ:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, թե որքան կարևոր է մնալ Տիրոջ մեջ և ակտիվորեն համագործակցել Նրա հետ, իսկ դա նշանակում է ամրապնդել հարաբերություններն ու հետևել Նրան՝ հավատարմորեն վկայելով Նրա փրկարար սիրո մասին: Տերն այս գործընթացը համեմատում է խաղողի աճի հետ, որի պտուղները գինի են դառնում, որն էլ խորհրդանշում է Աստծո սերը և ուրախությունը: Ամեն մի քրիստոնյա պիտի արդարության, խաղաղության, համերաշխության և փոխադարձ հոգատարության առատ պտուղներ տա, նա պետք է նաև հոգ տանի բնության մասին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը և կոչ արեց քրիստոնյաներին լինել հյուրընկալ ու բարյացակամ աշխարհի գլխավոր հերոսները: Միայն Աստծո հետ լինելով մենք կկարողանանք ամենուր տարածել ավետարանական պտուղները՝ իր քարոզի ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Այնուհետև Սրբազան Քահանայապետը այցելեց Վենետիկի մայր տաճար և պատվեց Սուրբ Մարկոս Ավետարանչի մասունքները: Ապա գնաց Սուրբ Հեղինե կղզի և հրաժեշտի արարողությունից հետո «Մորոզինի» ծովային քոլեջի ուղղաթռակայանից ուղղաթիռով թռչեց դեպի Վատիկան։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց