• Աստվածաբանական առաքինություններ

    «Բարի մտադրություն ունեցող մարդիկ նույնպես կարող են սխալվել»:


    Ապրիլի 24-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը առաքինությունների վերաբերյալ: Նորին Սրբությունը խոսեց աստվածաբանական առաքինությունների մասին. հավատք, հույս և սեր, որովհետև ավարտել էր գլխավոր առաքինությունների մասին իր խոսքը (խոհեմություն, արդարություն, զորություն և ժուժկալություն):

     

    Եթե գլխավոր առաքինությունները բարձր բարոյական սկզբունքներ են, որոնք ի հայտ են եկել քրիստոնեությունից շատ ավելի վաղ ժամանակներում, ապա աստվածաբանական առաքինությունները ուղղակիորեն կապված են առ Աստված հավատքի հետ, դրանք մարդուն տալիս են զորություն և նպատակադրվածություն կյանքի համար, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Քրիստոնեությունը ամրապնդեց և ընդլայնեց «առաքինություններ» հասկացությունը՝ որպես Սուրբ Հոգու մեջ լինելու միջոց: Քրիստոնյան երբեք մենակ չի մնում, որովհետև հետևում է Տիրոջն ու Նրա մեջ գտնում իմաստություն և ուժ՝ բարիք գործելու համար: Այդ հոգևոր ճանապարհին աստվածաբանական առաքինությունները պաշտպանում են հպարտությունից, սնափառությունից և ամբարտավանությունից՝ վստահություն ներշնչելով Աստծո ներկայության մեջ:

     

    Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականը աստվածաբանական առաքինությունների հետևյալ բնորոշումն է տալիս, ընդգծեց Նորին Սրբությունը. «Նրանք հիմնավորում, ոգևորում և հատկանշում են քրիստոնյայի բարոյական գործելակերպը: Նրանք կերպանավորում և կենդանացնում են բարոյական բոլոր առաքինությունները: Աստված հեղում է դրանք հավատացյալների հոգու մեջ, որպեսզի նրանց կարող դարձնի գործելու իբրև Իր որդիներ ու արժանանալու հավիտենական կյանքին: Նրանք մարդ արարածի կարողությունների մեջ Սուրբ Հոգու ներկայության ու ներգործության գրավականն են» (n. 1813):

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, բարեվարք կյանքը ոչ միայն նպատակ է, այլ նաև ճանապարհ, որը հաճախ մեծ զգուշություն է պահանջում: Բարի մտադրություն ունեցող մարդիկ նույնպես կարող են սխալվել և հենց այդ ժամանակ էլ աստվածաբանական առաքինություններն օգնում են շտկել իրավիճակը:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ աստվածաբանական առաքինությունները էական դեր են խաղում ամեն մի քրիստոնյայի կյանքում: Նրանք օգնում են հաղթահարել դժվարությունները, կողմնորոշում են դեպի բարին և մարդու սիրտը լցնում լույսով: Այդ առաքինությունների և Սուրբ Հոգու շնորհիվ մենք կարող ենք հաղթահարել ինքնաբավությունը: Չէ որ միայն գլխավոր առաքինությունների մասին մտածող ու հոգ տանող մարդը՝ չնայած իր հերոսությանը, կարող է ընկնել հպարտության, սնափառության և ամբարտավանության մեղքի մեջ: Այ հենց դրանից էլ պաշտպանում են աստվածաբանական առաքինությունները. նրանք բարին դարձնում են ոչ միայն մեր նպատակը, այլև ոճը, իսկ մեր կյանքը՝ ոչ թե կատարելության տիտանական ձգտում, այլ խոնարհ ընդօրինակում Հիսուսին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Երբ մենք բացում ենք մեր սրտերը Սուրբ Հոգու առաջ, Նա մեր մեջ վերածնում է աստվածաբանական առաքինությունները, իսկ եթե մենք դադարում ենք ապավինել, ապա Աստված կրկին մեզ բացահայտում է հավատքը, իսկ եթե մենք հուսահատվում ենք, ապա Աստված մեր մեջ արթնացնում է հույսը, իսկ եթե մեր սիրտը կարծրանում է, ապա Աստված այն փափակցնում է Իր սիրով»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց