«Արդյո՞ք ես պահում և կատարում եմ Աստծուն տված իմ խոստումները»:
Ինչի՞ մասին և որքա՞ն մանրամասն պետք է խոսել խոստովանության ժամանակ:
Խղճի փորձության բազմաթիվ սխեմաներ կան, որոնք մենք կատարում ենք խոստովանությանը նախապատրաստվելիս։ Հիշեցնենք, որ ծանր (մահացու) մեղքերի խոստովանությունը պարտադիր է, իսկ թեթև (ներելի) մեղքերինը՝ կամայական է, սակայն ցանկալի: Մեկ միասնական սխեմա գոյություն չունի:
Խոստովանության ժամանակ անհրաժեշտ է թվարկել բոլոր մահացու մեղքերը, որոնք մենք հիշում ենք, դրանց թիվը (գոնե մոտավոր) և տեսակը: Պետք է հնարավորինս պարզ խոսել և առանց ավելորդ խոսքերի՝ մատնանշելով այն հանգամանքները, որոնք փոխում են մեղքի տեսակն ու ծանրությունը: Օրինակ, բավական չէ պատմել զայրույթի մասին, եթե զայրույթի պահին մենք ձեռք են բարձրացրել մարդու վրա: Իսկ եթե այդ մարդը մայր է կամ, ասենք, հոգևորական, ապա այդ մասին նույնպես պետք է ասել: Զայրույթի պահին մենք մեղք են գործում մերձավորի հանդեպ՝ նրան վիրավորելով, նրա վրա ձեռք բարձրացնելով, մեղանչում ենք նրա անձեռնմխելիության դեմ: Մոր դեմ մեղք գործելիս՝ մենք խախտում ենք ծնողներին մեծարելու պատվիրանը, իսկ ինչ վերաբերում է քահանային, ապա նաև սրբապղծություն ենք գործում:
Դարձյալ, եթե մենք զրպարտել ենք մերձավորին ու վնասել նրա հեղինակությանը, ապա միայն «դատապարտել եմ» ասելը բավական չէ, պետք է մեղքն իր անունով կոչենք, որովհետև կանխամտածված զրպարտությունը մահացու մեղք է:
Այսպիսով, որոշ դեպքերում պարզապես «զայրույթ» ասելը բավարար չէ, քանզի պետք է որոշ մանրամասնություններ հաղորդել, որովհետև դրանք փոխում են մեղքի տեսակն ու ծանրությունը։
Հիշեցնենք, որ խոստովանության ժամանակ պարտադիր պետք է զղջալ ու ապաշխարել այնպիսի մահացու մեղքերի համար (որոնք կատարվել են գիտակցաբար և սեփական կամքով), ինչպիսիք են մասնակցությունը ոգեհարցության սեանսներին, գուշակներին և մոգերին դիմելը, աստվածանարգությունը, առանց հարգելի պատճառի կիրակնօրյա Սուրբ Պատարագից և տոներից բացակայությունը, հաղորդությունը՝ առանց մահացու մեղքերի նախնական խոստովանության, խոստովանության ժամանակ մահացու մեղքերի թաքցնումը, աբորտ անելը կամ աբորտ անելու խորհուրդ տալը, թմրանյութերի օգտագործումը, հարբեցողությունը, մեղքը ողջախոհության դեմ (այդ մեղքերը թվարկված են Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականում), անբարոյական տեսարանների և ամսագրերի դիտավորյալ դիտումը, զրպարտանքը մերձավորի նկատմամբ:
Ներելի մեղքերի խոստովանությունը պարտադիր չէ, սակայն ցանկալի է: Խղճի փորձության ժամանակ մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին. արդյո՞ք ես խուսափում եմ աղոթքից: Արդյո՞ք ես ուշադրություն և ժամանակ հատկացնում եմ իմ հոգևոր կյանքի համար: Ես ձգտո՞ւմ եմ սրբության: Պահո՞ւմ և կատարո՞ւմ եմ Աստծուն տված իմ խոստումները: Արդյո՞ք ես եմ եղել ծնողներիս, ամուսնուս, երեխաներիս տառապանքի պատճառը։ Արդյո՞ք հարգալից եմ ծնողներիս, տարեցների նկատմամբ: Կատարո՞ւմ եմ իմ պարտականությունները դպրոցում և աշխատավայրում: Արդյո՞ք սիրալիր եմ իմ հարազատների նկատմամբ: Ներո՞ւմ եմ վիրավորանքները՝ խուսափելով վրեժխնդրությունից: Արդյո՞ք ես պայքարում եմ պիղծ մտքերի ու երևակայությունների դեմ: Արդյո՞ ք խելամիտ եմ խոսելիս: Հարգո՞ւմ եմ ուրիշի ունեցվածքը: Արդյո՞ք չեմ ձգտում անարդար շահույթ ունենալ: Քննադատո՞ւմ եմ ուրիշներին, սերմանո՞ւմ եմ պառակտումներ ու վեճեր: Արդյո՞ք ես ստում եմ: Արդյո՞ք վերաբերվում եմ մարդկանց կասկածամտությամբ և նախապաշարմունքներով: Արդյո՞ք ես եղել եմ պարկեշտ ու ողջախոհ իմ վարքագծում: Արդյո՞ք վավաշոտությամբ չեմ նայել ուրիշներին: Նախանձո՞ւմ եմ ուրիշի ունեցած բարիքներին: Արդյո՞ք ուրիշների նկատմամբ դրսևորել եմ ամբարտավան վերաբերոմունք:
Հիշեցնե՛նք Հաշտության Խորհրդի կատարման կարգը: Նախ, անհրաժեշտ է քահանային ասել, թե վերջին անգամ, երբ եք խոստովանել: Այնուհետև պետք է թվարկել մահացու, ապա մյուս բոլոր մեղքերը: Վերջում ապաշխարողը սովորաբար կարդում է զղջման աղոթքը: Ամեն դեպքում, եթե չգիտեք, թե ինչպես պետք է խոստովանեք, ապա բավական է միայն խնդրել քահանային և նա կօգնի: Նա ինքը կտա բոլոր անհրաժեշտ հարցերը և կասի այս Խորհրդի անցկացման կարգի մասին:
Սովորաբար խոստովանությունից հետո ես ինձ զգում եմ ազատագրված ու հանգիստ: Սակայն վերջին ժամանակներս ես չեմ զգում այդ ազատագրումը և կասկածում եմ, թե արդյոք ճշմարիտ է իմ խոստովանությունը, թեև չեմ էլ կարողանում հասկանալ, թե որտեղ եմ սխալվել և ինչպես էլ ավելի անկեղծ կատարածս մեղքերի համար զղջամ:
Մեղքերի զղջումը չի ենթադրում զգացմունքային անհանգստություն: Զղջումը վերաբերում է հոգևոր ոլորտին, այն զգայական չէ, թեև հույզերն ու բարոյական խիղճը, անշուշտ, փոխկապակցված են:
Որպեսզի մեղքերի զղջումն անկեղծ, իսկ խոստովանությունը իսկական լինի, բավական է միայն գիտակցել, որ մենք վիրավորել ենք Աստծուն և ցավ ու ափսոսանք ենք ապրում, ինչպես նաև նման կերպ վարվելու մտադություն այլևս երբեք չունենալ:
Մեղքերի զղջումը նախ ենթադրում է հրաժարում մեղքից, երկրորդ՝ փոխվելու և նոր կյանք սկսելու մտադրություն, երրորդ՝ խորը ափսոսանք և զղջում ու կատարած մեղքի խիստ դատապարտում: Խորը ափսոսանքն ու զղջումը չպիտի արտահայտվեն հույզերով, որովհետև ոչ մի ազդեցություն չեն ունենում խոստովանության իսկության վրա: Բացի այդ, մեղավոր վիճակը ինքնին նշանակում է գաղջ հոգի, որը խոստովանությունից հետո ինքնաբերաբար չի անհետանում:
Խոստովանության Խորհրդին լավ պատրաստվելու համար՝ նախ պիտի կանգնենք Տիրոջ առաջ և աղոթքով խնդրենք ապաշխարության շնորհը: Ճշմարիտ ապաշխարությունը մեր արարքը չէ, այլ Տիրոջ պարգևն է:
Երբ մենք Տիրոջից խնդրում ենք ապաշխարության շնորհ, Նա առանց հապաղելու այն պարգևում է մեզ: Մենք զգում ենք, որ մեր հոգում ինչ-որ բան է փոխվում, և այդ փոփոխությունը վերաբերում է ոչ թե հույզերին ու զգացմունքներին, այլ մեր կյանքը փոխելու կամքին:
Արդյո՞ք կարելի է խոստովանություն անել տարբեր քահանաների մոտ, թե՞ միշտ նույն քահանայի մոտ խոստովանություն անելը պարտադիր է:
Իհարկե կարելի է խոստովանություն անել տարբեր քահանաների մոտ: Սուրբ Իոսիֆ Կաֆասսոն, ով սուրբ դոն Բոսկոյի հոգևոր ուսուցիչն ու խոստովանահայրն էր, ասել է հետևյալը. ինչ վերաբերում է խոստովանորդին, ապա հավատացյալը պետք է իրեն «ազատ զգա, ինչպես օդը», որովհետև այս Խորհուրդը շատ կարևոր է, հետևաբար ոչ մի հոգեբանական կամ էլ այլ կարգի խոչընդոտներ չպիտի փակեն դեպի այն տանող ճանապարհը:
Շատ հոգևոր հայրեր խորհուրդ են տալիս խոստովանել նույն քահանայի մոտ, ինչպես հիվանդության ժամանակ ենք դիմում այն բժշկին, ով լավ գիտի մեր հիվանդության անամնեզը: Եթե մենք մշտական խոստովանահայր ունենք, ապա օգտակար է նրա մոտ գնալ նույնիսկ առանձնակի լարվածության պահերին։ Սուրբ դոն Բոսկոն կոչ էր անում ունենալ մշտական խոստովանահայր հենց քահանայի հանդեպ ունեցած հարգանքից ելնելով, քանի որ հավատքի մեջ և խոստովանության ժամանակ նա իրականացնում է իսկական հոգևոր հայրություն:
Սակայն, երբեմն մենք ստիպված ենք լինում գնալ մեկ այլ քահանայի մոտ, որովհետև մեղքերի թողությունը անհետաձգելի ու հրատապ է:
Երբեմն ապաշխարողն ինչ-ինչ պատճառներով իրեն անհարմար է զգում այս կամ այն քահանայի մոտ խոստովանելիս: Նման դեպքերում նա շատ հանգիստ կարող է իր խոստովանությունն անել մեկ այլ քահանայի մոտ: Խոստովանահայրերին փոխելու պատճառները կարող են շատ բազմազան լինել։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը