«Ժուժկալ մարդը գիտի լռել և խոսելուց առաջ մտածում է»:
Ապրիլի 17-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը առաքինությունների վերաբերյալ և խոսեց չորրորդ ու վերջին առաքինության մասին, որը ժուժկալությունն է: Այն ունի շատ հին պատմություն և չի սահմանափակվում միայն քրիստոնյաներով:
Հույների համար առաքինությունների փորձառությունը կոնկրետ նպատակի, այսինքն՝ երջանկության հասնելու միջոց էր, հիշեցրեց Նորին Սրբությունը: Իր բարոյագիտական տրակտատում Արիստոտելը որդուն ուսուցանում էր առաքինությունների արվեստը, այդ թվում նաև ժուժկալության, այսինքն՝ ինքնատիրապետում, սեփական կրքերը հնազանդեցնելու կարողություն: Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականը ժուժկալությունը բնորոշում է որպես բարոյական առաքինություն, որը չափավորում է հաճույքների հրապուրանքն ու հավասարակշռություն հայթայթում արարչության բարիքների գործածության մեջ: Այն ապահովում է կամքի բնազդների վրա տիրացումն ու բաղձանքները պահում է պարկեշտության սահմաններից ներս (1809):
Ժուժկալությունը, ընդգծեց Սրբազան Քահանայապետը, հոգ է տանում «ճիշտ չափավորության» մասին: Ժուժկալ մարդը գիտի լռել և խոսելուց առաջ մտածում է: Նա խոսում է հավասարակշռված, սուտ խոստումներ չի տալիս և կատարում է իր պարտականությունները: Նման մարդը խելամիտ է նաև հաճույքների նկատմամբ, քանի որ անզուսպ իմպուլսիվությունն ու ամեն ինչ փորձելու ցանկությունը հանգեցնում են համ ու հոտի կորստի և տխրության։
Նորին Սրբությունն ընդգծեց, որ ժուժկալ մարդը փորձում է կառավարել իր խոսքն ու արարքները և թույլ չի տալիս, որ լարվածությունն ու հույզերը ոչնչացնեն հարաբերությունները, հատկապես ընտանեկան կյանքում: Իհարկե, նա չի շրջում միշտ ժպիտը դեմքին, սակայն կարողանում է իր քննադատությունն արտահայտել առանց բարկության՝ հասկանալով, որ «երբեմն պետք է վրդովվել, սակայն չափավոր, քանզի, երբեմն նախատինքն ավելի օգտակար է, քան թթվադեմ ու զայրացած լռությունը»:
«Որոշ դեպքերում ժուժկալ մարդուն հաջողվում է միասին պահել ծայրահեղությունները. նա հաստատում է բացարձակ սկզբունքներ, հռչակում է անհերքելի արժեքներ, բայց միևնույն ժամանակ գիտի ինչպես հասկանալ մարդկանց ու մխիթարել նրանց»։
Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, «ժուժկալության պարգևը հավասարակշռությունն է, որը շատ հազվադեպ ու կարևոր հատկանիշ է, այն համընկնում է այնպիսի որակների հետ, ինչպիսիք են հեզությունը, խոհեմությունը, համեստությունը և խոնարհությունը: Ժուժկալ մարդը գնահատում է ուրիշների հարգանքը, սակայն չի փնտրում ծափահարություններ: Այս առաքինությունը մարդուն բնավ մոխրագույն ու տրտում չի դարձնում, այլ ընդհակառակը, թույլ է տալիս ավելի շատ վայելել կյանքի բարիքները. սեղանի շուրջ միասնական հավաքույթներ, բարեկամական հարաբերությունների քնքշություն, վստահություն իմաստուն մարդկանց նկատմամբ, հիացմունք արարչագործության գեղեցկությամբ, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Երջանիկ ժուժկալությունը մարդկանց սրտանց ուրախությունն է, ովքեր հասկանում և գնահատում են այն, ինչն ամենակարևորն է կյանքում»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը