• Կիսենք հարուցյալ Հիսուսի հանդեպ մեր ունեցած հավատքը

    «Ե՞րբ ենք մենք առաջին անգամ հանդիպել Տիրոջն ու զգացել Նրա մոտիկությունը»:


    Ապրիլի 14-ին՝ «Երկնային թագուհի» աղոթքը կարդալուց առաջ, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որը պատմում է երկու աշակերտների մասին, ովքեր Զատկի երեկոյան Էմմավուսից վերադառնում են վերնատուն և առաքյալներին պատմում Հիսուսի հետ իրենց հանդիպման մասին: Երբ բոլորն ուրախանում են այդ իրադարձության համար, նրանց առաջ հայտնվում է հարուցյալ Հիսուսը: «Այս պատմությունը խրախուսում է մտածել, թե որքան կարևոր է կիսվել հարուցյալ Հիսուսի հանդեպ ունեցած հավատքով», – ընդգխեց Նորին Սրբությունը:

     

    Մեզ ամեն օր պաշարում են հազարավոր հաղորդագրություններ, որոնց մեծ մասն անիմաստ ու անօգուտ են, մյուսները ծնվում են հետաքրքրասիրությունից կամ էլ, որ ավելի վատ է, բամբասանքներից ու չարությունից, որոնք միայն վնասելու մտադրություն ունեն: Սակայն կան նաև ուրախալի լուրեր, որոնք իրենց հետ բերում են դրական և կառուցողական լիցքեր: Բոլորս գիտենք, թե որքան լավն ենք դառնում, երբ լսում ենք այդ բարի լուրերը: Մենք նաև կիսվում ենք այն ամենով, ինչն ազդեցություն է թողել մեր կյանքի վրա՝ հուսալով, որ դա կօգնի ուրիշներին:

     

    Սակայն կա առավել կարևոր ու գեղեցիկ մի բան, որի մասին հաճախ դժվար է խոսելը՝ մեր հանդիպումը Հիսուսի հետ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Մեզանից յուրաքանչյուրը հանդիպել է Հիսուսին, և մեզ դժվար է խոսել այդ մասին, չնայած մենք շատ բան կարող էինք պատմել. ինչպես Տերը դիպավ մեզ և մենք Նրան ընկալեցինք կենդանի ու մոտ, ինչպես Նա մեզ ուրախություն պարգևեց կամ չորացրեց մեր արցունքները, վստահություն և զորություն տվեց, մխիթարեց, ներեց, համակեց Իր քնքշությամբ: Հիսուսի հետ այդ հանդիպումների մասին, որոնք եղել են մեզանից յուրաքանչյուրի հետ, անհրաժեշտ է խոսել և կիսվել հատկապես ընտանիքում, համայնքում, ընկերների հետ, կոչ արեց Նորին Սրբությունը: Շատ օգտակար է նաև վկայել բարի ոգեշնչումների, մտքերի ու զգացմունքների մասին, որոնք օգնում են ավելի լավը դառնալ, աճել հավատքի մեջ և, հնարավոր է, նույնիսկ ապաշխարել ու վերանայել սեփական արարքները. «Եթե մենք այդպես անենք, ապա Հիսուս, ինչպես Զատիկի երեկոյան Էմմավուսից վերադարձած աշակերտների դեպքում, կզարմացնի մեզ և մեր հանդիպումներն ու շրջապատը ավելի կգեղեցկացնի»:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց ուխտավորներին հիշել իրենց հոգևոր կյանքի ամենակարևոր պահերից մեկը՝ վճռական հանդիպումը Հիսուսի հետ. «Ե՞րբ ենք մենք առաջին անգամ հանդիպել Տիրոջն ու զգացել Նրա մոտիկությունը: Եկե՛ք մտածենք լռության մեջ: Արդյո՞ք Տիրոջ հետ այդ հանդիպման մասին պատմել ենք որևէ մեկին, որպեսզի փառավորենք Նրան: Արդյո՞ք լսել ենք ուրիշներին, երբ նրանք են պատմել Հիսուսի հետ հանդիպման մասին»:

     

    «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ կիսել մեր հավատքը, որպեսզի մեր համայնքները ավելի հաճախ դառնան Տիրոջ հետ հանդիպման վայրեր», խորհրդածության ավարտին ասաց Նորին Սրբությունը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց