«Զորության առաքինությունը մարդուն կարող է դարձնում հաղթելու վախին, առճակատելու նեղություններին ու հալածանքներին»:
Ապրիլի 10-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը առաքինությունների վերաբերյալ և խոսեց զորության առաքինության մասին:
Ինչպես միշտ, Նորին Սրբությունը մեջբերեց Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականը. «Զորությունն այն բարոյական առաքինությունն է, որը դժվարությունների մեջ ապահովում է բարին հետապնդելու վճռակամությունն ու հաստատամտությունը: Այն ամրապնդում է բարոյական կյանքում փորձություններին դիմադրելու և արգելքները հաղթահարելու առաջադրանքը: Զորության առաքինությունը մարդուն կարող է դարձնում հաղթելու վախին, նույնիսկ մահվան վախին, առճակատելու նեղություններին ու հալածանքներին» (1808):
Այսպիսով, կարելի է ասել, որ զորությունն «ամենամարտական» առաքինությունն է: Եթե առաջին առաքինությունը՝ խոհեմությունը, նախ և առաջ կապված է մարդկային բանականության հետ, երկրորդ առաքինությունը՝ արդարությունը, կապված է կամքի հետ, ապա երրորդ առաքինությունը՝ զորությունը, կապված է «դյուրագրգռության» հետ. Թովմա Աքվինացու խոսքերի համաձայն, «բարձրագույն ցանկության, այսինքն՝ կամքի մեջ, պետք է տարբերակենք դյուրագրգռությունը և ցանկությունը»։ Մարդն առանց հույզերի ու կրքերի կվերածվեր քարի: «Պարտադիր չէ որ կրքերը զուտ մեղքի հետևանք լինեն, սակայն, այնուամենայնիվ, դրանք պետք է հրահանգվեն, ուղղորդվեն և մաքրվեն Մկրտության ջրով կամ էլ Սուրբ Հոգու կրակով», – ընդգծեց Սրբազան Քահանաայպետը: Չկա մարդ առանց հույզերի, Հիսուսը նույպես հույզեր դրսևորեց, օրինակ, երբ լաց եղավ մահացած Ղազարոսի համար կամ էլ արձագանքեց Տաճարում կատարվող առևտրին:
Քրիստոնյա աստվածաբաններն ու հույն փիլիսոփաները զորության առաքինության մեջ տեսնում էին երկակի ընթացք. պասիվ և ակտիվ: Առաջին դեպքում զորությունը գործում է հենց մեր մեջ, քանզի նախ պիտի հաղթենք ներքին թշնամիներին: «Զորությունն ամենից առաջ հաղթանակ է ինքդ քո հանդեպ, քո սեփական անձի նկատմամբ», – պարզաբանեց Նորին Սրբությունը և բերեց վախերի օրինակներ, որոնք հաղթահարելու համար անհրաժեշտ է Սուրբ Հոգու օգնությունը և պետք է դիմակայել համբերատար հասատակամությամբ. «Նախ պիտի լուծենք ու հաղթահարենք առաջին խնդիրը, ապա՝ երկրորդը, իհարկե մեր կարողություններին համապատասխան, և պիտի հիշենք, որ մենք միայնակ չենք»: Տերը մեզ հետ է, և ցանկացած իրավիճակում մենք կարող ենք ապավինել Աստծո նախախնամությանը, որը գործում է՝ որպես մեր վահան ու զրահ:
Զորությունը գործում է նաև մեր արտաքին թշնամիների դեմ, ինչպիսիք են կյանքի փորձությունները, դժվարությունները, հալածանքները: Զորությունը հիմնարար առաքինություն է, քանի որ այն «լրջորեն է վերաբերվում չարի մարտահրավերին աշխարհում»։ Պատերազմներ, բռնություն, ստրկություն, աղքատների հարստահարում, չսպիացած վերքեր. մեզանից յուրաքնաչյուրը ինչ-որ առումով այս բոլոր չարիքների զոհն ու մասամբ դերակատարն է, իսկ զորության առաքինությունը ստիպում և խրախուսում է մեզ արձագանքել այդ ամենին և վճռական «ոչ» ասել. «Ոչ չարիքին, ոչ անտարբերությանը, այո այն ճանապարհին, որն առաջ է տանում: Ահա թե ինչի համար մենք պիտի պայքարենք», – խորհրդածության ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը