• Արդարության առաքինություն

    «Արդարությունն է խաղաղության և կոռուպցիային հակազդելու նախապայմանը»:


    Ապրիլի 3-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց ուսուցումների շարքը քրիստոնեական առաքինությունների վերաբերյալ և խոսեց արդարության մասին:

     

    Նորին Սրբությունը դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված ուխտավորներին՝ մեջբերեց Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեականը, որն արդարությունը բնորոշում է որպես բարոյական առաքինություն, որը կայանում է նրանում, որ «հարատև ու հաստատ կամքով Աստծուն ու մերձավորին տրվի այն, ինչ պարտական ենք նրանց» (№ 1807): Արդարությունը նաև սոցիալական առաքինություն է par excellence, որը կարգավորում է հարաբերությունները մարդկանց միջև և փորձում հավասարակշռել: Նրա նպատակն է բոլորին վերաբերվել իրենց արժանապատվությանը համապատասխան, և ոչ միայն դատարանների դահլիճներում. նա մարմնավորում է էթիկան առօրյա կյանքում: Արդարությունը իրականացվում է անկեղծությամբ, շիտակությամբ և ազնվությամբ ու պահանջում է, որ մեր խոսքերն ու գործերը վնաս չպատճառեն ուրիշներին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ արդարությունը հասարակության մեջ խաղաղ գոյակցության հիմքն է, որովհետև առանց օրենքների, որոնք հարգում են իրավունքները, աշխարհում անհնար կլիներ ապրելը, քանզի այն կնմանվեր ջունգլիների: առանց արդարության չկա խաղաղություն, քանի որ եթե այն չի պահպանվում, ապա բռնկվում են բախումներ և ընդհարումներ: Առանց արդարության հաստատվում է ուժեղի գերազանցության օրենքը թույլի նկատմամբ»։

     

    Արդար մարդը, ընդգծեց Նորին Սրբությունը, մտածում է ոչ միայն իր սեփական, այլև համընդհանուր բարօրության մասին: Նա հետևում է իր վարքագծին, գիտի ներողություն խնդրել սխալների համար և ձգտում է կարգուկանոն հաստատել հասարակության մեջ. հենց դա է կոռուպցիայի հակաթույնը։

     

    «Շատ կարևոր է մարդկանց, հատկապես երիտասարդներին օրինականության ոգով դաստիարակել: Դա թույլ է տալիս կանխարգելել կոռուպցիայի քաղցկեղը և արմատախիլ անել հանացագործությունը՝ հողը ոտքերի տակից հեռացնելով»։

     

    Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, արդար մարդը խուսափում է զպարտությունից, սուտ վկայությունից, անարդարությունից և խարդախությունից: Նա պահում է իր խոստումը, վերադարձնում է պարտքը և բոլոր աշխատողներին ազնվորեն է վճարում։ Նա տանել չի կարողանում հապճեպ դատողություններ մերձավորի մասին և միշտ պաշտպանում է ուրիշների բարի անունն ու համբավը: Արդար ու ազնիվ մարդիկ շնորհ ու օրհնություններ են վաստակում իրենց և շրջապատող աշխարհի համար, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    ««Նա, ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք պիտի գտնի» (Առակաց 21,21): Արդար մարդիկ գրաքննիչի պատմուճան հագած բարոյախոսներ չեն, այլ բարեպաշտներ, ովքեր «արդարության քաղցն ու ծարավն ունեն» (տես՝ Մթտ. 5,6), երազողներ, ովքեր իրենց սրտում փայփայում են համընդհանուր եղբայրության իղձը: Այսօր նման երազանքի կարիք ունենք մենք բոլորս»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց