• Նորին Սրբության Սուրբ Զատկական ուղերձը

    «Թո՛ղ Հարության լույսը լուսավորի մեր միտքն ու դարձի բերի մեր սրտերը»:


    Մարտի 31-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ավանդական զատկական «Urbi et Orbi» ուղերձով դիմեց հավատացյալներին ու բարի կամքի տեր բոլոր մարդկանց և հանդիսավոր կերպով տվեց իր առաքելական օրհնությունը:

     

    Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված 60 000 ուխտավորներին, Նորին Սրբությունն ասաց.

     

    «Սիրելի՜ եղբայրնե՛ր և քույրե՛ր, շնորհավո՛ր Սուրբ Զատիկ:

     

    Այսօր ամբողջ աշխարհում կրկին հռչակվում է այն ավետիսը, որը երկու հազար տարի առաջ հնչել է Երուսաղեմում. «Հիսուս Նազովրեցին, խաչվածը, հարություն առավ» (տես՝ Մկ. 16,6):

     

    Եկեղեցին վերապրում է այն կանանց զարմանքն ու հիացմունքը, ովքեր շաբաթվա առաջին օրը լուսադեմին եկան գերեզման: Հիսուսի գերեզմանը փակված էր մի մեծ քարով, ինչպես մարդկանց հույսն է ծածկված պատերազմի ծանր ու մեծ քարերով, մարդասիրական ճգնաժամերի գլաքարերով, մարդու իրավունքի խախտման ու ոտնահարման, մարդավաճառության ճաքաքարերով: Մենք նույնպես՝ Հիսուսի կին աշակերտների նման, հարցնում ենք միմյանց. «Քարը գերեզմանի դռնից մեզ համար ո՞վ պիտի գլորի» (Մկ. 16,3):

     

    Եվ ահա Զատիկի առավոտյան մենք հայտնաբերում ենք, որ այդ հսկայական քարը, արդեն իսկ գլորված է: Այդ կանանց զարմանքը մեր զարմանքն է. Հիսուսի գերեզմանը բաց է ու դատարկ: Հենց այդտեղից էլ սկսվում է ամեն բան: Այդ դատարկ գերեզմանով անցնում է մի նոր ճանապարհ, որը միայն Աստված կարող է բացել, քանզի այն կյանքի ճանապարհն է մահվան մեջ, խաղաղության ճանապարհը՝ պատերազմի մեջ, հաշտության ճանապարհը՝ ատելության մեջ, եղբայրության ճանապարհը՝ թշնամության մեջ:

     

    Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսը հարոթյուն է առել, և միայն Նա է կարող մի կողմ գլորել ու շպրտել կյանքի ճանապարհը փակող քարերը: Հենց Ինքն է այդ Կենդանի Ճանապարհը. կյանքի, խաղաղության, հաշտության, եղբայրության Ճանապարհը: Հենց Նա է մեզ համար բացում այդ անցումը, քանի որ մենք մարդկայնորեն՝ առանց Նրա, չէինք կարողանա անել դա, որովհետև միայն Նա է Իր վրա վերցնում աշխարհի մեղքն ու ներում մեր մեղքերը: Առանց Աստծո ներման այդ քարն անհնար է հեռացնել: Առանց մեր մեղքերի թողության մենք չէինք կարողանա դուրս գալ պարփակումից, հավերժ կմնայինք նախապաշարմունքների, փոխադարձ կասկածանքի ու միշտ ինքներս մեզ արդարացնելու և ուրիշներին մեղադրելու սովորության մեջ: Միայն հարություն առած Քրիստոսը, Ով ներում է մեր մեղքերը, ճանապարհ է բացում դեպի նորոգված աշխարհ:

     

    Միայն Նա է բացում կյանքի դռները, որոնք մենք անընդհատ փակում ենք աշխարհում մոլեգնող պատերազմներով: Այսօր մենք մեր հայացքներն ուղղում ենք դեպի Սուրբ Երկրի բոլոր քրիստոնեական համայնքներն ու սուրբ քաղաք Երուսաղեմը, որը չարչարանքի, մահվան և հարության խորհրդի վկան է:

     

    Ամենից առաջ ես իմ մտքերով բոլոր նրանց հետ եմ, ովքեր տառապում են աշխարհում մոլեգնող մեծաթիվ հակամարությունների պատճառով՝ սկսած Իսրայելից, Պաղեստինից և Ուկրաինայից։ Թո՛ղ Հարուցյալ Քրիստոսը խաղաղության ճանապարհ բացի այս շրջանների բազմաչարչար ժողովուրդների համար: Ես կոչ եմ անում հարգել ու պահպանել միջազգային իրավունքի սկզբունքները, բոլորը բոլորի դիմաց՝ կատարել գերիների փոխանակում:

     

    Բացի այդ, ես կրկին հորդորում և կոչ եմ անում, որպեսզի երաշխավորված հումանիտար օգնության պայմաններ ստեղծվեն Գազայում, շուտափույթ ազատ արձակվեն հոկտեմբերի 7-ին առևանգված պատանդները և անհապաղ հրադադար հաստատվի Գազայում:

     

    Եկե՛ք թույլ չտանք, որ շարունակվող ռազմական գործողություններն ու մարտերը այլևս ցավ չպատճառեն ու չկեղեքեն արդեն իսկ հյուծված խաղաղ բնակիչներին և հատկապես երեխաներին: Որքա՜ն տառապանք ենք մենք տեսնում երեխաների աչքերում: Այդ երեխաները կորցրել են իրենց ժպտալու ունակությունը: Իրենց հայացքներով նրանք հարցնում են մեզ. ինչու՞: Ինչի՞ համար են այսքան մահերն ու ավերածությունները: Պատերազմը միշտ էլ անհեթեթություն և պարտություն է։ Եկե՛ք թույլ չտանք, որ պատերազմի ուժգնացող քամիները փչեն դեպի Եվրոպա և Միջերկրական ծով: Եկե՛ք չենթարկվենք սպառազինության ու վերազինման տրամաբանությանը: Զենքի օգնությամբ խաղաղություն չի կառուցվում, որովհետև դրա ստեղծման համար անհրաժեշտ են միմյանց մեկնած ձեռքեր և սրտաբացություն:

     

    Եղբայրնե՜ր և քույրե՜ր, եկե՛ք չմոռանանք Սիրիայի մասին, որն արդեն տասներեք տարի տառապում է տևական ու ավերիչ պատերազմի պատճառով։ Շատ են մահացածները, անհետ կորածները, խորը աղքատությունը և ավերածությունները սպասում են բոլորի, այդ թվում՝ միջազգային հանրության արձագանքին:

     

    Այսօր իմ մտքերը հատուկ կերպով ուղղված է դեպի Լիբանան, որն արդեն վաղուց է տառապում ինստիտուցիոնալ շրջափակումից և խորը տնտեսական ու սոցիալական ճգնաժամից, որն այժմ սրվել է Իսրայելի հետ սահմանին ռազմական գործողությունների պատճառով: Թո՛ղ Հարուցյալ Տերը մխիթարի Լիբանանի սիրելի ժողովրդին և թիկունք կանգնի համայն երկրին՝ հանդիպման, համակեցության և բազմակարծության երկիր լինելու իր կոչման մեջ:

     

    Ես հատուկ դիմում են Արևմտյան Բալկանյան տարածաշրջանին, որտեղ զգալի քայլեր են ձեռնարկվում եվրոպական նախագծին ինտեգրվելու համար. Թո՛ղ էթնիկ, մշակութային և կրոնական տարբերությունները չլինեն պառակտման պատճառ, այլ դառնան ողջ Եվրոպայի և ամբողջ աշխարհի բարգավաճման աղբյուրը։

     

    Ես նաև քաջալերում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին, որպեսզի միջազգային հանրության աջակցությամբ նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնության հասնեն տեղահանվածներին, հարգեն տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը և հնարավորինս շուտ հասնեն խաղաղության վերջնական համաձայնության ձեռք բերմանը:

     

    Թո՛ղ Հարուցյալ Քրիստոսը հույսի ճանապարհ բացի նաև աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց համար, ովքեր տառապում են բռնությունից, հակամարտություններից, պարենային անապահովությունից և կլիմայի փոփոխության հետևանքներից: Թո՛ղ Տերը մխիթարի բոլոր տեսակի ահաբեկչության զոհերին։ Մենք աղոթում ենք մահացածների համար և հայցում, որ այդ ոճիրների հեղինակները զղջան, ապաշխարեն ու դարձի գան:

     

    Թո՛ղ Հարություն առած Տերն օգնի Հայիթիի ժողովրդին, որպեսզի հնարավորինս շուտ դադարի բռնությունը, որը բզկտում է երկիրը և արյունով ներկում այն, որպեսզի երկիրը կարողանա առաջ շարժվել ժողովրդավարության և եղբայրության ճանապարհով:

     

    Թո՛ղ Աստված մխիթարություն տա հումանիտար ծանր ճգնաժամից տառապող ռոհինջաներին և հաշտեցման ճանապարհ բացի Մյանմայում, որը բզկտված ու հոշոտված է տարիների ներքին հակամարտությամբ, որպեսզի երկիրը վերջնականապես հրաժարվի բռնության որևէ տրամաբանությունից:

     

    Թո՛ղ Տերը խաղաղության ճանապարհներ բացի Աֆրիկա մայրցամաքում, հատկապես ծանր փորձության ենթարկվող շրջաններում, ինչպիսիք են Սուդանը և ողջ Սահելի շրջանը, Աֆրիկայի եղջյուրը, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության Կիվու շրջանը և Մոզամբիկի Կաբո Դելգադո նահանգը, և թո՛ղ Նա վերջ տա երկարատև երաշտին, որից տուժել են հսկայական տարածքներ՝դառնալով անբերության և սովի պատճառ:

     

    Թո՛ղ Հարություն առած Տերն Իր լույսով լուսավորի գաղթականներին և նրանց, ովքեր ունեն տնտեսական դժվարություններ, թո՛ղ դժվարին պահերին մխիթարություն և հույս տա նրանց: Թո՛ղ Քրիստոսն առաջնորդի բարի կամքի տեր բոլոր մարդկանց լինել համերաշխ՝ ամենաաղքատ ընտանիքների առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները հաղթահարելու համար, որոնց նրանք բախվում են ավելի լավ կյանք և երջանկություն փնտրելիս:

     

    Այս օրը, երբ մենք հռչակում ենք Որդու հարության ժամանակ մեզ տրված կյանքը, եկե՛ք հիշենք Աստծո անսահման սերը մեզանից յուրաքանչյուրի հանդեպ. սեր, որը գերազանցում է բոլոր սահմաններն ու բոլոր թուլությունները: Սակայն հաճախ ենք տեսնում, թե ինչպես է կյանքի թանկարժեք պարգևն արհամարհվում: Քանի՜ երեխաներ չեն կարող նույնիսկ լույսը տեսնել։ Քանի՜-քանի երեխաներ են մահանում սովից, զրկվում անհրաժեշտ խնամքից կամ դառնում դաժանության ու բռնության զոհեր։ Քանի՜ կյանքեր են դառնում շահի աղբյուր՝ աճող մարդավաճառության պատճառով:

     

    Եղբայրնե՜ր և քույրե՜ր, այս օրը, երբ Քրիստոս մեզ ազատեց մահվան գերությունից, ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր ունեն և կրում են քաղաքական պատասխանատվություն, ջանք ու եռանդ չխնայեն մարդկանց թրաֆիքինգի՝ մարդավաճառության չարիքի դեմ պայքարում, անխոնջ աշխատեն, որպեսզի ոչնչացվեն նրա շահագործող ցանցերը և ազատություն բերեն բոլոր նրանց, ովքեր դարձել են դրա զոհը։ Թո՛ղ Տերը մխիթարի և հույս տա նրանց ընտանիքներին, որոնք անհամբեր լուրերի են սպասում իրենց սիրելիներից:

     

    Թո՛ղ Հարության լույսը լուսավորի մեր միտքն ու դարձի բերի մեր սրտերը, որպեսզի մենք հասկանանք ու գնահատենք ամեն մի մարդկային կյանքի արժեքը, որը պետք է ընդունել, պաշտպանել և սիրել։

     

    Շնորհավո՛ր բոլորի Սուրբ Զատիկը»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց