«Միայն Հիսուսի ներկայության լույսի ներքո՝ անցյալի հիշողությունը պտուղներ կտա»:
Հինգ տարի առաջ հրապարակվեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի երիտասարդներին նվիրված «Երիտասարդությունը, հավատքը և կոչումի զատորոշումը» թեմայով Եպիսկոպոսների Սինհոդոսի սինհոդոսական «Christus vivit » առաքելական հորդորագիրը, որի առիթով էլ Նորին Սրբությունն ուղերձով դիմեց երիտասարդներին: Համագումարը, որը Հռոմում հավաքեց հարյուրավոր երիտասարդների ամբողջ աշխարհից, դարձավ ինքնատիպ «սինոդալ փորձ» և նպաստեց սինոդականության «արթնացմանը» ամբողջ Եկեղեցում, ընդգծում է Սրբազան Քահանայապետը:
Նորին Սրբությունը ցանկանում է երիտասարդներին, որ, ամենից առաջ, իր խոսքերը վերակենդանացնեն նրանց հույսը. «Իսկապես, բազմաթիվ հակամարտություններով ու տառապանքներով լի ներկայիս միջազգային համատեքստում և իրավիճակում, ես պատկերացնում եմ, թե ձեզանից քանիսը կարող են հուսալքվել»: Ահա թե ինչու է Սրբազան Քահանայապետը նորից կրկնում բարի լուրը, որը հույսի և Christus vivit – «Քրիստոս ապրում է» առաքելական հորդորագրի հիմքն է:
«Բոլորին և ձեզանից յուրաքանչյուրին ես ասում եմ. Քրիստոս ապրում է, Նա անսահման սիրում է քեզ: Նրա սերը քո հանդեպ կապ չունի քո թույլ տված սխալների և անկումների հետ: Նա Իր կյանքը տվեց քեզ համար և չի սպասում քո կատարյալ դառնալուն, որպեզի սիրի քեզ»:
Նորին Սրբությունը խնդրում է երիտասարդներին թույլ տալ Քրիստոսին «կրկին ու կրկին» փրկություն բերել իրենց և չմոռանալ այն մեծ առաքելության մասին, որ իրենք պիտի «բոլորին վկայեն Քրիստոսի հետ բարեկամությունից ծնունդ առած ուրախության մասին»։
Նա հիշեց, թե ինչպես Ռիո դե Ժանեյրոյում՝ ԵՀՕ առիթով և որպես Ֆրանցիսկոս Պապ՝ իր հովվապետության հենց սկզբում, կոչ արեց երիտասարդներին «աղմուկ բարձրացնել». «Թող բոլորը ձեզ լսեն, այդ ճշմարտության մասին բղավեք ոչ թե ձայնով, այլ կյանքով ու սրտով. Քրիստոս ապրում է», – գրում է Սրբազան Քահանայապետը և հիշեցնում, որ ապրիլի 14-ին լրանում է ԵՀՕ 40-ամյակը: 1984թ. Սբ. Հովհաննես Պողոս II Պապը երիտասարդներին վստահեց Խաչը և հանձնարարեց այն տանել ամբողջ աշխարհով մեկ՝ որպես նշան այն բանի, որ միայն մահացած և հարություն առած Հիսուսով մենք կփրկվենք ու թողություն կստանանք: Նորին Սրբությունը հիշեցնում է, որ խոսքը փայտե խաչի մասին է, որի վրա չկա Խաչյալը. այն խորհրդանշում է հարության հաղթանակը մահվան նկատմամբ:
«Դուք նույնպես հենց այսպես մտահայեք Հիսուսին. կենդանի, ուրախությամբ լի, մահվանը հաղթանակած, ընկեր, Ով սիրում է ձեզ և ցանկանում ապրել ձեր բոլորի մեջ»: «Որովհետև միայն Նրա ներկայության լույսի ներքո՝ անցյալի հիշողությունը պտուղներ կտա, և դուք ձեր մեջ քաջություն կգտնեք ներկայով ապրելու և ապագային հույսով նայելու»,- դիմելով երիտասարդներին՝ ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը