• Հղիության արհեստական ընդհատում (աբորտ)

    «Ոչ ոք չի կարող տնօրինել ուրիշի կյանքը»։


    Որոշ կաթողիկէներ պաշտպանում են հղիության արհեստական ընդհատումը՝ առաջին տեղում դնելով ազատ ընտրության իրավունքը: Արդյո՞ք նման դիրքորոշումը կարելի է անվանել հերետիկոսություն, այսինքն՝ հավատքի և բարոյականության ճշմարտության համառ ժխտում:

     

    «Evangelium vitae» շրջաբերականում՝ «Կյանքի Ավետարան»-ում, Սուրբ Հովհաննես Պողոս II Պապն ընդգծում է, որ մոր արգանդում անմեղ մարդկային կյանքի ոչնչացումը միշտ էլ սպանություն է եղել: Դա հաստատված է գենետիկական և սաղմնաբանական տվյալներով, այնպես որ նույնիսկ ոչ հավատացյալ մարդը կամ ագնոստիկը կարող է գիտակցել հղիության արհեստակա ընդհատման անթույլատրելիությունը՝ անկախ նրանից համամիտ է Եկեղեցու Վարդապետության հետ, թե ոչ:

     

    Աբորտների օրինականացումը, այսինքն՝ պետական ​​բյուջեի հաշվին սպանությունը, ինքնին հանցագործություն է։ Այն հակասում է պետության հիմնական նպատակին, որն է բոլոր քաղաքացիների, հատկապես՝ ամենաանօգնակաների կյանքի պաշտպանությունը:

     

    Անհավանական է թվում, որ իրեն կաթոլիկ համարող անձը կարող է այս հարցում առաջին տեղում դնել ազատ ընտրության իրավունքը: Կինն անմեղ էակին ոչնչացնելու իշխանություն չի ստանում։ Ոչ ոք չի կարող տնօրինել ուրիշի կյանքը։ Ծնողները նույնպես իշխանություն չունեն իրենց սեփական երեխաների կյանքի նկատմամբ: Վատիկանի Երկրորդ Ժողովի «Ուրախություն և Հույս» հովվական սահմանադրությունում ասվում է. «Աստված՝ կյանքի Տերը, մարդկանց վստահել է վեհ ծառայություն, որի նպատակը կյանքը պահպանելն է, և մարդը պետք է այն կատարի պատշաճ կերպով: Հետևաբար կյանքը մեծագույն խնամքով պետք է պաշտպանել հենց բեղմնավորման պահից։ Հղիության արհեստական ընդհատումն ու մանկասպանությունը սարսափելի հանցագործություններ են» (51):

     

    Արդյո՞ք կարելի է հերետիկոսություն համարել բոլոր նրանց դիրքորոշումը, ովքեր տվայլ հարցում պաշտպանում են կնոջ ազատությունը: Նման գնահատականների նկատմամբ պետք է մեծ զգուշություն ցուցաբերել, քանի որ պաշտոնապես հերետիկոսությունը հանգեցնում է Եկեղեցուց ipso facto հեռացման, այսինքն՝ բուն փաստի ուժով, առանց եկեղեցական դատարանի: Այլ կերպ ասած, հերետիկոսը հեռացվում է Եկեղեցուց: Հերետիկոսություն նշանակում է հավատքի կամ բարոյականության դավանության ժխտում: Հղիության արհեստական ընդհատման անբարոյականությունը Եկեղեցու անխախտ և անսխալական վարդապետությունն է: Սակայն այն չի բարձրացվել դավանանքի մակարդակի: Ուստի, պաշտոնապես, հղիության արհեստական ընդհատման դիրքորոշումը պաշտպանող կաթոլիկներին չի կարելի հերետիկոսներ անվանել:

     

    «Կյանքի Ավետարան» վերոնշյալ շրջաբերականում Սուրբ Հովհաննես Պողոս II Պապը, մասնավորապես, գրում է. «Այն փաստը, որ մտայնությունը, բարքերն ու նույնիսկ օրենսդրությունը ճանաչում և ընդունում են հղիության արհեստական ընդհատումը. բարոյական զգացումների անսովոր վտանգավոր ճգնաժամի խոսուն նշան է, որն աստիճանաբար կորցնում է բարին ու չարը տարբերակելու ունակությունը, երբ նույնիսկ խոսքը վերաբերում է կյանքի հիմնարար իրավունքին: Այդպիսի վտանգավոր իրադրությունում շատ կարևոր է ճշմարտության հետ առերեսվելու և իրերն իրենց անուններով կոչելու քաջությունը՝ չտրվելով հարմար փոխզիջումներին կամ ինքնախաբեության գայթակղությանը: Այս համատեքստում կտրուկ է հնչում մարգարեի նախազգուշացումը. «Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին՝ չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս» (տես՝ Եսայի 5, 20): Ներկայումս մենք բախվում ենք հղիության արհեստական ընդհատման այնպիսի երկիմաստ տերմինաբանության հետ, ինչպիսին, օրինակ, վիրահատությունն է, որի իրական նպատակն է քողարկել դրա բուն էությունը և մեղմել այդ խստության ու ծանրության բեռը հասարակության գիտակցության մեջ: Գուցե, լեզվական այս երևույթն արդեն իսկ խիղճը խռովող տագնապի դրսևորում է: Սակայն ոչ մի խոսք կամ բառ չի կարող փոխել իրականությունը, որովհետև հղիության արհեստական ընդհատումը, անկախ նրանից, թե ինչպես է դա իրականացվում, կանխամտածված  սպանություն է մարդու կյանքի սկզբնական փուլում, որն ընդգրկում է  հղիանալուց մինչև ծնունդ ընկած ժամանակահատվածը»։

     

    «Հղիության արհեստական ընդհատումը, – շարունակում ենք կարդալ շրջաբերականի տեքստում, – հաճախ ողբերգական ու ցավալի ապրում է դառնում մոր համար, եթե նա նման որոշում է կայացրել՝ չունենալով եսասիրական նկատառումներ և չմտածելով սեփական հարմարավետության մասին, այլ որոշակի կարևոր օգուտներ և բարեկեցություն փրկելու համար, ինչպիսիք են սեփական առողջությունը կամ ընտանիքի մյուս անդամների արժանապատիվ կենսամակարդակը: Երբեմն անհանգստությունն ու մտավախությունը ստիպում են մտածել, որ եթե նոր սաղմնավորված երեխան պիտի ապրի նման վատ պայմաններում, ապա ավելի լավ է նա չծնվի: Սակայն նմանատիպ բոլոր նկատառումները, որքան էլ լուրջ և դրամատիկ լինեն, երբեք չեն արդարացնում անմեղ մարդու կյանքի միտումնավոր խլումը»։

     

    Այպիսով, Եկեղեցին վերջնական դատողություն ու եզրակացությունն է կայացնում հղիության արհեստական ընդհատման բարոյական անթույլատրելիության վերաբերյալ, սակայն այն դոգմա չէ։ Եվ չնայած Հավատքի Վարդապետության Կոնգրեգացիան իր փաստաթղթերում պարզաբանում է, որ որևէ տարբերություն չկա դոգմայի և վերջնական դատողության միջև, երբ խոսքը վերաբերում է հավատացյալների կողմից դրա ընդունմանը, այնուամենայնիվ, մերժումը հավատացյալին հերետիկոս չի դարձնում. տվյալ հարցում Եկեղեցին առաջնորդվում է հովվական սպասումի սկզբունքով և իր զավակներին ժամանակ տալիս, որպեսզի մտորեն ու սեփական կարծիքը գիտակցաբար համաձայնեցնեն Եկեղեցու Վարդապետության հետ: Հետևաբար, կաթոլիկը, ով ժխտում է աբորտի անբարոյականությունը, օրինապես հերետիկոս չի համարվում և եկեղեցուց չի վտարվում ու հեռացվում: Այնուամենայնիվ, հղիության արհեստական ընդհատման ուսմունքն ինքնին միանշանակ և վերջնական է։ Տվյալ պարագայում իսկապես կարելի է խոսել չիմացության, սաղմի զարգացման մասին իրազեկության պակասի մասին: Սակայն նույնիսկ այս անտեղյակությունը չի արդարացնում, քանի որ խոսքը վերաբերում է Եկեղեցու վերջնական ուսմունքի համառ մերժմանը, ինչը նշանակում է, որ նման դիրքորոշումը ծանր (մահացու) մեղք է:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց