«Ես չեմ մտածում հրաժարական տալու մասին»:
Corriere della Sera հրապարակել է հատվածներ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ինքնակենսագրականից. «Life: Իմ պատմությունը պատմության մեջ»: Գիրքը գրվել է վատիկանիստ Ֆաբիո Ռագոնայի հետ համատեղ ջանքերով և հրատարակվելու է մարտի 19-ին HarperCollins հրատարակչության կողմից: Գրքի ավելի քան 300 էջերում նկարագրվում է Խորխե Մարիո Բերգոլիոյի կյանքը. «Աստծո ամեն մի մարդ, հատկապես եթե նա ղեկավարում է Եկեղեցին, պետք է իր կյանքը նվիրի ամենախոցելիներին ծառայելուն»:
Նորին Սրբության խոսքերի համաձայն, նա Առաքելական Աթոռից հրաժարվելու շարժառիթներ չունի, քանի որ «առողջ է և, Աստծո օգնությամբ, դեռ շատ ծրագրեր կիրականացնի»։ Սակայն հարկադիր հրաժարականի դեպքում կլինի ոչ թե պաշտոնաթող Պապ, այլ պարզապես «Հռոմի պաշտոնաթող Եպիսկոպոս», ով ապրում է Սանթա Մարիա Մաջորե բազիլիկայում, խոստովանեցնում է ապաշխարողներին և հաղորդություն տալիս հիվանդներին: Այս սցենարը «հեռավոր վարկած» է, եթե իհարկե «ֆիզիկական լուրջ խոչընդոտ» չառաջանա։
«Սերունդների ցեղասպանություն» Արգենտինայում
Ավելի քան երեք հարյուր էջանոց գիրքը ներկայացնում է Սրբազան Քահանայապետի կյանքի բոլոր ասպեկտները. հարաբերությունները ընտանիքի, հատկապես՝ տատիկի և պապիկի հետ, արտագաղթը Արգենտինա, «փոքրիկ սիրահարվածությունը» ճեմարանում սովորելու տարիներին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ազդեցությունն՝ իր դրամատիկ ատոմային վերջաբանով: «Ռազմական նպատակներով ատոմային էներգիայի օգտագործումը հանցագործություն է մարդկության, նրա արժանապատվության և մեր ընդհանուր տանը ապագայի ցանկացած հեռանկարի դեմ», – ևս մեկ անգամ կրկնում է Նորին Սրբությունը՝ բարձրաձայնելով, թե ինչպես կարելի է հանդես գալ որպես «խաղաղության և արդարության ջատագով ու ստեղծել պատերազմի նոր զենքեր»: Գիրքը պատմում է Արգենտինայի բռնապետության և Բերգոլիոյի խորը կապերի մասին նրանց հետ, ովքեր ողջ չեն մնացել, նկարագրում է նրա հոգատարությունը երիտասարդության հանդեպ, որին վտանգ էր սպառնում գեներալ Խորխե Ռաֆայել Վիդելայի վարչակարգի ժամանակ, ինչպես նաև իր ուսուցիչ Էսթերին փրկելու անհաջող փորձը, որը շատ կարևոր էր Բերգոլիոյի ձևավորման ու կայացման համար։ Այն, ինչ տեղի ունեցավ Արգենտինայում, «սերունդների ցեղասպանություն էր», գրում է Սրբազան Քահանայապետը՝ պատասխանելով բռնապետության հետ դավադիր համաձայնության մասին բազմիցս հնչող ինչ-որ մեղադրանքներին, որոնք հերքվում են «այս վայրագություններին» նրա ընդդիմանալու ապացույցներով։ Նորին Սրբությունն ընդգծում է, որ «աղքատների մասին խոսելն ինքնաբերաբար չի նշանակում կոմունիստ դառնալ», քանի որ «աղքատներն Ավետարանի դրոշն են, նրանք Հիսուսի սրտում են»։ «Քրիստոնեական համայնքներում մարդիկ կիսվում էին իրենց ունեցվածքով և հարստությամբ, որը բնավ կոմունիզմ չէր, այլ պարզապես քրիստոնեություն»:
Մարդկային կյանքի պաշտպանություն
Գրքում ընդգծված են Սրբազան Քահանայապետի այն բոլոր ջանքերը, որոնք ուղղված են կյանքի պաշտպանությանը՝ բեղմնավորումից մինչև բնական մահ. նրա խոսքերի համաձայն, հղիության արհեստական ընդհատումը՝ աբորտը, սպանություն է «վարձու մարդասպանների» ձեռքով, իսկ փոխնակ մայրության պրակտիկան՝ «անմարդկային»։ Նորին Սրբությունը չի թաքցնում նաև իր հետաքրքրությունը ֆուտբոլի հանդեպ, խոսում է Դիեգո Մարադոնայի և «հեռուստացույց դիտելուց հրաժարվելու» իր ուխտի մասին: Ինքնակենսագրականի էջերում նկարագրվում է նաև Կորդովայում անցկացրած նրա կյանքի որոշակի ժամանակահատվածը. այս համատեքստում Քահանայապետն անդրադառնում է իր «ավտորիտար դիրքորոշման» պատճառով թույլ տված սխալներին։ «Ինձ մեղադրեցին ծայրահեղ պահպանողականության մեջ. դա մաքրագործման շրջան էր, երբ ես շատ էի պարփակված և ինչ-որ չափով ընկճված»։
Հարաբերություններ Բենեդիկտոս XVI հետ
Ինքնակենսագրական գիրքը՝ առանձին գլխով, պատմում է Բենեդիկտոս XVI հրաժարականի, այնուհետև կոնկլավի, Հռոմի Պապի և Ֆրանցիսկոս անվան ընտրությունների մասին: Սրբազան Քահանայապետը նկարագրում է իր այն ցավը, որը զգում է, երբ անբարեխիղճ մարդիկ շահարկում են պաշտոնաթող Պապի անձը՝ գաղափարական և քաղաքական նպատակներով. «Տասը տարի շարունակ մեզ երկուսիս տառապանք են պատճառել բազմաթիվ բանավեճերը»: «Life: Իմ պատմությունը պատմության մեջ» գիրքը պատմում է կորոնավիրուսի համավարակի մասին, մեջբերում է Պապի խոսքերը, որոնք կոչ են անում գնահատել Եվրոպական միության ժողովուրդների հարուստ մշակույթն ու տարբերությունները: Նորին Սրբությունն անդրադառնում է իր համար այնպիսի կարևոր հարցերի, ինչպիսիք են արարչագործության պահպանումը, և խնդրանքով դիմում է երիտասարդներին բարձրաձայնել, սակայն, միևնույն ժամանակ, չվնասել ու խեղաթյուրել արվեստի գործերը. «Ժամանակը սպառվում է, և մոլորակը փրկելու համար այնքան էլ շատ ժամանակ չի մնացել»: Հռոմի Եպիսկոպոսը Եկեղեցին համարում է «Մայր, որը գրկում և ընդունում է բոլոր մարդկանց, նույնիսկ նրանց, ովքեր իրենց մեղավոր են զգում և նրանց, ովքեր անցյալում դատապարտվել են մեր կողմից»: Սրբազան Քահանայապետը խորհում է համասեռամոլների և տրանսգենդերների մասին, «ովքեր փնտրում են Տիրոջը, բայց ի պատասխան մերժվում կամ դուրս են մղվում»: Բացի այդ, նա հաստատում է իր համաձայնությունը հովվական (ոչ պատարագային) օրհնություն տալ «այն զույգերին, որոնք գտնվում են չկանոնավորված իրավիճակում, որովհետև Տերը սիրում է բոլորին, հատկապես մեղավորներին: «Եթե եղբայր եպիսկոպոսները որոշեն չգնալ այդ ճանապարհով, դա չի նշանակի պառակտություն, քանի որ Եկեղեցու վարդապետությունը ոչ մի կերպ կասկածի տակ չի դրվում»:
Միասեռական և քաղաքացիական միություններ
Միասեռ ամուսնությունները եղել և մնում են անհնարին, ինչը չի կարելի ասել քաղաքացիական միությունների մասին, քանզի «արդար է, որ սիրո պարգևով ապրող այդ մարդիկ իրավական պաշտպանություն ունենան, ինչպես բոլորը»: Ինչպես միշտ, Նորին Սրբությունը խորհուրդ է տալիս օգնել մարդկանց, որոնք հաճախ մարգինալացված են Եկեղեցում, զգալ ինչպես տանը: «Հատկապես դա վերաբերում է Մկրտության Խորհուրդը ընդունածներին, ովքեր բոլոր առումներով Աստծո Ժողովրդի մի մասն են: Սրբազան Քահանայապետը չի թաքցնում այն վերքերը, որոնք իրեն հասցրել են մարդիկ, ովքեր կարծում են, որ նա «ոչնչացնում է պապությունը»։ «Միշտ կան այնպիսիք, ովքեր փորձում են դանդաղեցնել բարեփոխումները՝ ցանկանալով մնալ Պապ-արքա ժամանակներում», սակայն մի բան հաստատ է. թեև «Վատիկանը վերջին բացարձակ միապետությունն է Եվրոպայում, և այնտեղ հաճախ են տեղի ունենում պալատական խոսակցություններ ու քայլեր, նման սխեմաներից պետք է վերջնականորեն հրաժարվել»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը