«Երբ մենք տալիս ու ներում ենք, Աստծո փառքը փայլում է մեր մեջ»:
Մեծ Պահքի հինգերորդ կիրակի օրը «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Հիսուսի խոսքերի շուրջ (Հվհ. 12,20-33), որոնք ասում էին, որ Հոր և Որդու փառքը մենք կտեսնենք խաչի վրա: Խոսելով Իր գալիք չարչարանքների մասին՝ Հիսուս ասում է. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին» (տես՝ Հվհ. 12,23):
Տեր Հիսուսն ասում է, որ Աստծո փառքը մարդու պատկերացրած ու ընկալած հաջողությունը, համբավը կամ հանրաճանաչությունը չէ, ընդգծեց Նորին Սրբությունը. Աստծո համար փառքը ինքնագովեստ ու զորության մեծ ցուցադրություն չէ, որն ուղեկցվում է հասարակության բուռն ծափահարություններով: Աստծո համար ճշմարիտ փառքը անձնազոհ սերն է: Իսկապես փառավորվել նշանակում է անձնուրաց նվիրվել, հասանելի լինել բոլորին և սիրել: Ըստ Սրբազան Քահանայապետի՝ Հիսուսի այդ վերջնական փառաբանումը տեղի ունեցավ Գողգոթայի Խաչի վրա, «որտեղ Հիսուս լիովին բացահայտեց Աստծո սերն ու ցույց տվեց ողորմության դեմքը, ապա մեզ կյանք պարգևեց ու ներեց Իրեն խաչողներին»:
Խաչված Տերն ասում է, որ պարգևն ու ներումը Աստծո փառքի էությունն են և մեզ համար կյանքի ճանապարհ ու ապրելակերպ պիտի լինեն: Մենք փառքն այլ կերպ ենք պատկերացում. միայն ստանալ և ունենալ, այլ ոչ թե տալ ու առաջարկել: Սակայն աշխարհիկ փառքն անցնում է և ոչ մի ուրախություն չի թողնում սրտում. «Այն չի հանգեցնում համընդհանուր բարեկեցության, այլ իր հետ բերում է պառակտում, տարաձայնություն, նախանձ», ընդգծեց Նորին Սրբությունը:
Եկե՛ք հարցնենք ինքներս մեզ, թե ինչպիսի՞ փառք ենք մենք ցանկանում: Այն փառքը, երբ ուրիշները տպավորվում են մեր կարողություններով կամ կուտակած հարստությամբ, թե՞ այն փառքը, որը ստանալու համար՝ մենք պիտի պագևենք ու ներենք, քայլենք Խաչյալ Հիսուսի ճանապարհով, որն ուխտավորություն է բոլոր նրանց համար, ովքեր չեն հոգնում սիրել՝ աշխարհում Աստծո մասին վկայելով:
«Եկե՛ք հիշենք, որ երբ մենք տալիս ու ներում ենք, Աստծո փառքը փայլում է մեր մեջ: Հենց այդպես. երբ մենք տալիս ու ներում ենք»:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց. «Թո՛ղ Սուրբ Կույս Մարիամը, Ով հավատքով հետևեց Հիսուսին՝ Չարչարանքների ժամին, օգնի մեզ լինել Հիսուսի սիրո կենդանի արտացոլումը»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը