«Ցանկացած հասարակությունում, այդ թվում՝ Եկեղեցում, հարաբերությունները «մարդկայնացնելու» համար պահանջվում են հասուն մարդիկ՝ ամուր իրենց հավատքի և էթիկական սկզբունքների մեջ, որովհետև հենց նրանք կդիմակայեն չարին, կվկայեն մեծ Ճշմարտությունը»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ուղերձով դիմեց Անչափահասների պաշտպանության գիտահետազոտական և ուսումնական կենտրոնի (CEPROME) խորհրդի կողմից կազմակերպված Լատինական Ամերիկայի երկրների կոնգրեսի մասնակիցներին։ Մարտի 12-ից 14-ը Պանամայում անցկացվող համագումարի թեման է «Խոցելիություն և չարաշահում, կանխարգելման լայն տեսությունը»:
Նորին Սրբության խոսքերի համաձայն, Եկեղեցին ձգտում է չարաշահման ամեն մի զոհի մեջ տեսնել տառապող Հիսուս Քրիստոսի դեմքը, սակայն անհրաժեշտ է նաև «Նրա ոտքերի մոտ դնել այն տառապանքը, որը մենք կրել կամ պատճառել ենք ուրիշներին»: Պետք է աղոթել «ամենադժբախտ ու հուսահատ մեղավորների համար, որպեսզի նրանք դարձի գան և ուրիշների մեջ տեսնեն Հիսուսի հայացքը, որը կանչում է իրենց»։
Սրբազան Քահանայապետը կոչ է անում կոնգրեսի մասնակիցներին Աստծո աչքերով նայել այս հարցին՝ խոցելիության իրական իմաստը հասկանալու համար, քանի որ Տերը զորություն և ուժ էր ստանում տկարությունից, իսկ ամենաթույլերին դարձնում էր Իր վկաները: Անհրաժեշտ է նախապատվությունը տալ աղքատներին ու թույլերին և նրանց ծառայել Աստծո շնորհով, ընդգծեց Նորին Սրբությունը:
Սակայն անզորությունը, որն օգտագործվում է որպես պատրվակ՝ պատասխանատու և հետևողական քրիստոնյաներ չլինելու համար, բացարձակապես ոչ մի կապ չունի այն փոքրության հետ, որին մեզ կոչ է անում Հիսուս, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Ընդհակառակը, մենք պիտի ընդօրինակենք Պողոս առաքյալին, ով պարծենում էր իր տկարություններով և ապավինում Տիրոջ ողորմությանը (տես՝Բ Կորնթ. 12,8-10): Մենք պետք է աղոթենք Տիրոջը այդ պարգևը ստանալու համար, որպեսզի դիմակայենք կյանքի դժվարություններին և նպաստենք համընդհանուր բարօրությանը:
Չարաշահումներին դիմակայելու և կանխարգելելու համար պետք է վերացնել ու արմատախիլ անել այն իրավիճակները, որոնք պաշտպանում են նրանց, ովքեր օգտվելով իրենց դիրքից՝ այլասերված վերաբերմունք են ցուցաբերում ուրիշների հանդեպ: Շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչու հենց այդ նույն մարդիկ չենք կարող առողջ վերաբերվել ուրիշներին, ընդգծեց Նորին Սրբությունը: Պետք չէ աչքաթող անել նաև այն պատճառները, որոնք դրդում են որոշ մարդկանց դեմ գնալ իրենց խղճին՝ վախից կամ կեղծ խոստումներից խաբվելով: Ցանկացած հասարակությունում, այդ թվում՝ Եկեղեցում, հարաբերությունները «մարդկայնացնելու» համար պահանջվում են հասուն մարդիկ՝ ամուր իրենց հավատքի և էթիկական սկզբունքների մեջ, որովհետև հենց նրանք կդիմակայեն չարին, կվկայեն մեծ Ճշմարտությունը:
Հասարակությունը հիվանդ է, եթե այնտեղ չեն գործում բարոյական համապարփակ սկզբունքները, այդպիսի մթնոլորտում մարդկային հարաբերությունները խեղաթյուրվում են եսասիրության, անվստահության, վախի և խաբեության պատճառով: Սակայն մենք մեր մարդկային տկարությունը վստահում ենք Տիրոջ զորությանը: Մենք ընդունում ենք, որ «այդ գանձերն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի զորության գերազանցությունը Աստծուց լինի և ոչ մեզնից» (Բ Կորնթ. 4,7), ուղերձի ավարտին գրում է Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը