«Ողորմածության և սիրո ամեն մի արարքի մեջ կարելի է տեսնել Աստծո բարի հայացքը»:
Մարտի 8-ի առավոտյան Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Վատիկանում մասնավոր ունկնդրության ժամանակ ընդունեց Առաքելական ատյանի կողմից կազմակերպված խոստովանահայրերի վերապատրաստման դասընթացի մասնակիցներին և հանդիպման ընթացքում հյուրերին հանձնեց պատրաստած ուղերձի տեքստը։
Մեծ Պահքի և 2025 թվականի Հոբելենական տարվա նախապատրաստության համատեքստում Նորին Սրբությունը ուշադրություն է հրավիրում մի պարզ ու հասարակ աղոթքի վրա, որն Աստծո Ժողովրդի հոգևոր ժառանգության մաս է կազմում և կոչվում «զղջման գործողություն»: Այն արդիականությունը դեռ չկորցրած ապաշխարության աղոթք է, որը գրել է Սբ. Ալֆոնսոս Մարիա Դե Լիգուորին, ով եղել է բարոյական աստվածաբանության մեծ ուսուցիչ և հովիվ, հիշեցնում է Սրբազան Քահանայապետն ու կոչ անում խոստովանահայրերին խորհել այս աղոթքի հայեցակետերի շուրջ: Դրանցից առաջինը զղջումն է, այսինքն՝ ոչ միայն մեղքի զգացումը, այլ սեփական թշվառության գիտակցումը Աստծո սիրո, բարության և ողորմածության առաջ: Հիշելով մեր մեղքերը՝ մենք ներման խնդրանքով դիմում ենք Տիրոջը, որովհետև Նա միշտ պատրաստ է մեզ ներել:
Երկրորդ հայեցակետը ապավինությունն է: Այն ընդգծում է Աստծո անսահման բարությունը: Նորին Սրբության խոսքերի համաձայն, «ամեն ինչից վեր» սիրել Աստծուն նշանակում է Նրան կյանքի կենտրոնում դնել և բացարձակապես ամեն ինչ վստահել։ Աստծո սիրո այս գերակայությունը ոգեշնչում և աշխուժացնում է մեր հարաբերություններն ուրիշների և մեզ շրջապատող աշխարհի հետ:
Սբ. Ալֆոնսոս Մարիա Դե Լիգուորիի աղոթքի երրորդ հայեցակետը գործած մեղքերը այլևս չկրկնելու և հոգևոր կատարելության ձգտելու հաստատուն որոշումն է: Անկեղծ մտադրությամբ մենք աղոթքով դիմում ենք Աստծուն, որպեսզի Նա օգնի մեզ այլևս չմեղանչել:
Ապաշխարության աղոթքն ավարտվում է «Տե՛ր, Ում անունը ողորմություն է, ների՛ր ինձ» բառերով, հիշեցնում է Սրբազան Քահանայապետը և ընդգծում, որ «Տեր» անունն ու «ողորմություն» հասկացությունը հոմանիշներ են. ողորմածության և սիրո ամեն մի արարքի մեջ կարելի է տեսնել Աստծո բարի հայացքը: Նորին Սրբությունը կոչ է անում խոստովանահայրերին Հաշտության Խորհուրդը կատարել սիրով և բարյացակամությամբ, որպեսզի ապաշխարողները զգան Աստծո սիրո քնքշությունը։
Ունկնդրության ավարտին Սրբազան Քահանայապետն ընդգծում է աղոթքի և ջանասիրաբար ողորմածության կարևորությունը 2025 թվականի Սրբերի Հոբելյանի նախապատրաստության տարում: «Թող Երկնային Հոր ողորմությունը ծաղկի շատերի սրտերում և մեծաթիվ վայրերում, որպեսզի Տերն էլ ավելի սիրելի լինի, ճանաչվի ու փառավորվի», – մաղթում է Նորին Սրբությունն ու առաքելական օրհնություն տալիս խոստովանողներին։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը