«Բարին կամենալ միմյանց»։
Մեծ Պահքի չորրորդ կիրակի օրը «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Հովհաննեսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որը ներկայացնում է Հիսուսի զրույցը փարիսեցի Նիկոդեմոսի հետ (Հվհ. 3,14-21), «ով հրեաների իշխանավոր էր» (Հվհ. 3,1):
Նիկոդեմոսը տեսել էր Հիսուսի կատարած նշանները, Նրան ընդունել և ճանաչել՝ որպես Աստծուց ուղարկված վարդապետ, սակայն Հիսուսի մոտ էր եկել գիշերով, որպեսզի ոչ ոք իրեն չնկատեր, հիշեցրեց Նորին Սրբությունը: Զրույցի ընթացքում փարիսեցին լսում է, որ Քրիստոս եկել է աշխարհը փրկելու, այլ ոչ թե դատապարտելու (Հվհ. 3,17):
Հաճախ է Ավետարանն ասում, որ Քրիստոս բացահայտում է զրուցակիցների մտադրությունները, երբեմն նույնիսկ մերկացնում է նրանց կեղծավորությունը, ինչպես փարիսեցիների դեպքում (տես՝ Մտթ. 23,27-32), կամ էլ ստիպում է մտածել իրենց կյանքում եղած խառնաշփոթի մասին, ինչպես օրինակ սամարացի կնոջ դեպքում (տես՝ Հվհ. 4,5-42), շարունակեց Սրբազան Քահանայապետը: Հիսուսի համար ոչ մի գաղտնիքներ չկան, որովհետև Նա կարդում է մեր սրտերը: «Ոչ ոք կատարյալ չէ, մենք բոլորս էլ մեղավորներ ենք, մենք բոլորս էլ սխալվում ենք, և, եթե Տերը մեր տկարություններն օգտագործեր մեզ դատապարտելու համար, ապա ոչ ոք չէր փրկվի», – ընդգծեց Նորին Սրբությունը:
Սակայն Տերն այդ գիտելիքն օգտագործում է ոչ թե մեզ մատով ցույց տալու, այլ մեր կյանքն ընդունելու, մարդկանց մեղքից ազատագրելու և փրկելու համար, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. «Հիսուս չի ուզում մեզ դատապարտել ու դատաստանի ենթարկել: Նա ցանկանում է, որ մեզանից ոչ ոք չմահանա: Տիրոջ դեպի մեզ ուղղված հայացքը կուրացնող փարոս չէ, որը մեզ վատ իրավիճակի մեջ է գցում, այլ ընկերական ջահի մեղմ թարթում, որն օգնում է մեր մեջ տեսնել բարին և գիտակցել չարը, որպեսզի մենք դարձի գանք և բժշկվենք Նրա շնորհի զորությամբ»:
Հիսուս եկավ աշխարհը փրկելու, այլ ոչ թե դատապարտելու, կրկնեց Նորին Սրբությունը. «Եկեք մտածենք մեր մասին, որ հաճախ ենք քննադատում ուրիշներին, հաճախ ենք բամբասում: Խնդրենք Տիրոջը, որ մեզանից յուրաքանչյուրին պարգևի ողորմածության հայացք, որպեսզի մենք նայենք ուրիշներին այնպես, ինչպես Նա է նայում մեզ բոլորիս»:
Խորհրդածության ավարտին Սրաբազան Քահանայապետն աղոթեց, որպեսզի Սուրբ Կույս Մարիամը օգնի մեզ «բարին կամենալ միմյանց»։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը