• Եկե՛ք մեր տունը կառուցենք Աստծո հետ

    «Իմ Հոր տունը վաճառատան մի վերածեք»:


    Մարտի 3-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը խորհրդածեց Սբ. Հովհաննեսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ, որտեղ Հիսուս Տաճարից դուրս է հանում վաճառականներին (Հովհ. 2,13-25): «Իմ Հոր տունը վաճառատան մի վերածեք», ասում է Հիսուս վաճառականներին: Նորին Սրբությունը կոչ արեց մտածել, թե ո՞րն է Երկնային Հոր և վաճառատան տարբերությունը:

     

    Որպես շուկա ընկալվող տաճարում՝ Աստծո հետ հաշտ լինելու համար, բավական էր մի գառնուկ գնել, վճարել նրա գինը և այրել զոհասեղանի ածուխների վրա, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. «Գնում էին, վճարում, այրում, իսկ հետո բոլորը վերադառնում էին իրենց տները»: Սակայն որպես տուն ընկալվող տաճարում՝ ամեն ինչ այլ կերպ է ընթանում. Մենք գալիս ենք տաճար՝ Աստծո հետ հանդիպելու, Նրան և եղբայրներին մոտ լինելու, ուրախություններն ու դժբախտությունները կիսելու համար:

     

    «Շուկայում ամեն ինչ պտտվում է գնի շուրջ, իսկ տանը ոչ մի հաշվարկներ էլ չկան: Շուկայում ամենակարևորը անձնական շահն է, իսկ տանն անշահախնդիր են պարգևում: Հիսուս այսօր խիստ է, որովհետև Նա չի ընդունում, որ շուկա-տաճարը փոխարինի տուն-տաճարին: Նա չի ուզում, որ մեր հարաբերությունները Աստծո հետ լինեն հեռավոր և շուկայական, որովհետև այդ հարաբերությունները պետք է լինեն մոտիկ և վստահելի: Նա ցանկանում է, որ վաճառասեղանները փոխարինվեն ընտանեկան սեղաններով, որպեսզի գնացուցակի տեղը զբաղեցնեն գրկախառնությունները, իսկ մետաղադրամների փոխարեն լինի փաղաքշանք: Ինչո՞ւ Հիսուս չի ընդունում դա: Քանի որ այդ կերպով պատնեշ է ստեղծվում Աստծո և մարդու, եղբայրների միջև, մինչդեռ Քրիստոս եկավ՝ հաղորդություն, ողորմություն և մոտիկություն բերելու»:

     

    Նորին Սրբության խոսքերի համաձայն, Մեծ Պահքի ընթացքում քրիստոնյաները կոչված են հատկապես ուժեղացնելու «տան զգացումը» իրենց ներսում և շուրջը, իհարկե ամենից առաջ Տիրոջ հետ հարաբերություններում՝ որպես Աստծո զավակներ աղոթելով: Այնուհետև եղբայրների և քույրերի միջև եղբայրություն հաստատելով, քանզի դրա անհարժեշտությունը շատ կա, որովհետև առօրյա կյանքում ուրիշների հետ շփվելիս, հաճախ կարելի է հանդիպել անհարմարություն և օտարություն առաջացնող լռության, որը կարող է վերածվել թշնամանքի:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին խորհել, թե ի՞նչ է մեզ համար աղոթքը՝ սոսկ պարտականությու՞ն, թե՞ վստահելի հայտնություն: Ինչպիսի՞ն են մեր հարաբերությունները մերձավորների հետ. արդյո՞ք մենք կարողանում ենք տալ՝ փոխարենը ոչինչ չակնկալելով: Արդյո՞ք մենք կարող ենք առաջին քայլը անել՝ լռության ու օտարման պատը քանդելու համար:

     

    «Մենք պարտավոր ենք ինքներս մեզ տալ այս հարցերը», – ընդգծեց Նորին Սրբությունը և աղոթեց, որպեսզի Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ «տուն կառուցել Աստծո հետ, մեր մեջ և մեր շուրջը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց