«Ահա՛վասիկ, ամեն բան նոր եմ դարձնում»:
Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը հատուկ ուղերձ հրապարակեց Երեխաների համաշխարհային I օրվա կապակցությամբ, որն, Երիտասարդության համաշխարհային օրվա օրինակով, անցկացվելու է Հռոմում այս տարվա մայիսին:Կազմակերպման և համակարգման հարցերով զբաղվում է Վատիկանի մշակույթի և կրթության վարչությունը: Ստորև ներկայացնում ենք ուղերձի ամբողջական տեքստը:
Սիրելի՜ երեխաներ: Մոտենում է ձեր Համաշխարհային I օրը. այն անցկացվելու է Հռոմում՝ մայիսի 25-ին և 26-ին: Հենց դրա համար էլ ես որոշեցի ձեզ ուղարկել այս ուղերձը: Ես ուրախ եմ, որ դուք կարող եք ստանալ այն և շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր օգնում են այն իրականացնել:
Ամենից առաջ, ես անձամբ դիմում են ձեզանից յուրաքանչյուրին. քե՛զ, սիրելի՜ տղա, սիրելի՜ աղջիկ, որովհետև «դու թանկ ես» Աստծո աչքերում (Եսայի 43,4), ինչպես սովորեցնում է Աստվածաշունչը և ինչպես բազմիցս ցույց է տվել Հիսուս:
Միևնույն ժամանակ այս ուղերձով ես դիմում եմ բոլոր երեխաներին, քանի որ դուք բոլորդ էլ շատ կարևոր եք և, որովհետև միասին՝ մոտ և հեռու, դուք ցույց եք տալիս մեծանալու և նորոգվելու համընդհանուր ցանկությունը: Դուք հիշեցնում եք, որ մենք բոլորս երեխաներ ու եղբայրներ ենք, և, որ ոչ ոք չի կարող գոյություն ունենալ առանց որևէ մեկի, ով նրան աշխարհ կբերի, և չի կարող մեծանալ առանց ուրիշների, ովքեր կընդունեն նրա սերն ու կտան իրենցը (տես՝ Fratelli tutti 95):
Հետևաբար, դուք բոլորդ՝ տղաներ և աղջիկներ, ձեր ծնողների ու ընտանիքների ուրախությունն եք, ինչպես նաև մարդկության և Եկեղեցու մխիթարությունը, որում ամեն մեկդ երկար շղթայի մի օղակ եք, որը գնում է անցյալից դեպի ապագա և ընդգրկում ողջ աշխարհը: Այ հենց դրա համար էլ ես ձեզ խորհորդ եմ տալիս միշտ ուշադրությամբ լսել մեծահասակների պատմությունը. ձեր մայրերի, հայրերի, տատիկների ու պապիկների: Սակայն պետք չէ մոռանալ նաև ձեզանից փոքրերի ու երիտասարդների մասին, ովքեր տանը կամ հիվանդանոցում պայքարում են հիվանդությունների և դժվարությունների դեմ, ովքեր դարձել են պատերազմի և բռնության զոհեր, ովքեր տառապում են սովից ու ծարավից, ովքեր ապրում են փողոցում, ովքեր ստիպված են լինել զինվորներ կամ էլ՝ որպես փախստականներ, փախչել առանց ծնողների, ովքեր չեն կարող դպրոց գնալ, ովքեր դարձել են հանցավոր խմբավորումների, թմրանյութերի, ստրկության և բռնության բազմաթիվ ձևերի զոհերը: Այլ կերպ ասած, բոլոր այն երեխաների մասին, որոնց մանկությունն այսօր դաժանաբար գողացել են։ Եկե՛ք լսենք նրանց, որովհետև նրանք իրենց տառապանքների միջոցով խոսում են իրականության մասին. նրանց աչքերը մաքրվում են արցունքներով, նրանք համառորեն ձգտում են բարության, որը ծնվում է նրանց սրտերում, ովքեր իրենք են տեսել, թե որքան դաժան ու տգեղ է չարը:
Իմ փոքրիկ ընկերներ, ինքներդ ձեզ և աշխարհը նորոգելու համար միասին լինելը բավարար չէ. պետք է միանալ և հաղորդվել Հիսուսի հետ: Նրանից մեծ քաջություն ենք ստանում: Նա միշտ մեզ մոտիկ է, Նրա Հոգին մեզանից առաջ է և ուղեկցում է մեզ աշխարհի բոլոր ճանապարհներին: Հիսուս ասում է. «Ահա՛վասիկ, ամեն բան նոր եմ դարձնում» (Հայտն. 21,5): Ես հենց այդ խոսքերն եմ ընտրել որպես ձեր Առաջին համաշխարհային օրվա բնաբան: Այս խոսքերը մեզ կոչ են անում դառնալ մանկան պես ճարպիկ՝ մեր մեջ և մեր շուրջ Սուրբ Հոգու ծնած նորույթները տեսնելու և ճիշտ ընկալելու համար: Հիսուսի հետ միասին մենք կարող ենք երազել նոր մարդկության մասին և ինքներս մեզ նվիրել հասարակությանը, որը կլինի ավելի եղբայրական և ուշադիր ընդհանուր տան նկատմամբ: Եվ պետք է սկսել այնպիսի հասարակ բաներից, ինչպիսիք են ողջույնը, թույլտվության խնդրանքը, ներողությունը, երախտագիտությունը: Աշխարհն ամենից առաջ վերափոխվում է շատ փոքր ու աննշան թվացող գործողությունների միջոցով, երբ մենք չենք ամաչում միայն փոքր քայլեր անել: Ավելին, մեր փոքրությունը հիշեցնում է այն մասին, որ մենք փխրուն ենք և միմյանց կարիքն ունենք, որպես մի մարմնի անդամներ (տես՝ Հռոմ. 12,5, Ա Կորնթ. 12,26):
Սա դեռ ամենը չէ: Իրականում, սիրելի երեխաներ, միայնակ մենք չենք կարող նույնիսկ երջանիկ լինել, որովհետև ուրախությունն աճում է այնքով, որքանով մենք կիսում ենք այն. ուրախությունը ծնվում է՝ որպես երախտագիտություն ստացած պարգևների համար, որոնք մենք կիսում ենք ուրիշների հետ: Իսկ երբ ստացած պարգևները մենք ագահորեն պահում ենք միայն մեզ համար, որպեսզի ձեռք բերենք այս կամ այն նվերը, մոռանում ենք, որ ամենամեծ նվերը մենք ինքներս ենք մեկս մյուսի համար. Մենք «Աստծո պարգևն ենք»: Իհարկե, մյուս նվերները նույնպես օգտակար են, սակայն միայն միասին լինելու համար: Եթե դրանք չօգտագործենք հանուն այդ նպատակի, ապա մենք միշտ դծգոհ կլինենք և մեզ համար միշտ քիչ կլինի:
Եվ ընդհակառակը, եթե մենք միասին ենք, ապա ամեն ինչ փոխվում է: Մտածե՛ք ձեր ընկերների մասին, որքան հրաշալի է նրանց հետ միասին լինել տանը, դպրոցում, ծխական համայնքում, օրատորիայում, խաղալ, երգել, նոր բացահայտումներ անել, ուրախանալ նրանց հետ միասին՝ առանց որևէ մեկին հետևում թողնելու: Ընկերությունը գեղեցիկ է և աճում է միայն այն ժամանակ, երբ մենք միասնական ենք, ներողամիտ, համբերատար, քաջ, երբ կարողանում ենք ստեղծագործել ու երևակայել՝ առանց վախի և նախապաշարմունքների:
Իսկ հիմա եկե՛ք ես ձեզ մի կարևոր գաղտնիք բացահայտեմ. իսկապես երջանիկ լինելու համար՝ պետք է աղոթել, շատ աղոթել, որովհետև աղոթքը մեզ միավորում է Աստծո հետ, մեր սրտերը լցնում է լույսով և ջերմությամբ, օգնում է ամեն ինչ կատարել վստահությամբ և խաղաղությամբ: Հիսուսը նույնպես միշտ աղոթում էր Հորը, իսկ դուք գիտե՞ք, թե ինչպե՞ս էր Նա դիմում Նրան: Իր լեզվով Նա Հորը պարզապես Աբբա էր կոչում, որը նշանակում է Հայր (տես՝ Մկ. 14,36). Եկե՛ք այդկերպ էլ մենք վարվենք: Մենք միշտ կզգանք Նրա մոտիկությունը: Հենց Հիսուս է դա մեզ խոստացել՝ ասելով. «ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մտթ. 18,20):
Սիրելի աղջիկներ և տղաներ, դուք գիտեք, որ մայիսին շատ երեխաներ կգան Հռոմ աշխարհի տարբեր ծայրերից: Ուստի, լավ պատրաստված լինելու համար՝ ես խորհուրդ եմ տալիս աղոթել Հիսուսի մեզ սովորեցրած աղոթքը՝ «Հայր մերը»։ Այն աղոթեք ամեն առավոտ ու երեկո, ամբողջ ընտանիքով, ծնողների, երբայրների, քույրերի, տատիկների ու պապիկների հետ միասին, սակայն ոչ որպես անգիր արած բանաձև: Մտամուխ եղեք այն բառերրին, որոնք Քրիստոսը սովորեցրել է մեզ: Տերը կանչում է ձեզ և ցանկանում, որ Նրա հետ միասին դուք լինենք այդ Համաշխարհային օրվա գլխավոր դերակատարները, նոր, ավելի մարդասիրական, արդար ու խաղաղ աշխարհի կերտողները:
Նա, Ով Իրեն զոհաբերեց Խաչի վրա, որպեսզի հավաքի բոլորին սիրո մեջ, Ով հաղթեց մահին և հաշտեցրեց մարդկանց Հոր հետ, ցանկանում է շարունակել Իր գործը Եկեղեցում՝ մեր միջոցով: Մտածե՛ք այդ մասին, հատկապես նրանք, ովքեր պատրաստվում են Առաջին Հաղորդությանը:
Սիրելինե՜ր, Տերն ի սկզբանե գրկում է մեզ Իր սիրով (տես՝ Երեմիա 1,5), նայում ամենասիրող հոր և ամենաքնքուշ մոր հայացքով։ Նա երբեք չի մոռանում մեզ (տես՝ Եսայիա 49,15), Նա ամեն օր ուղեկցում և նորոգում է մեզ՝ Իր Հոգով:
Եկե՛ք Սուրբ Կույս Մարիամի և Սուրբ Հովսեփի հետ միասին աղոթենք.
«Արի՛, Սուրբ Հոգի,
ցույց տուր մեզ Քո գեղեցկությունը,
որն արտացոլված է այս աշխարհի երեխաների դեմքերում:
Արի՛, Հիսուս
Որ ամեն բան նոր ես դարձնում,
Դու դեպի Երկնային Հայր տանող ճանապարհն ես,
Արի՛ ու մնա մեզ հետ։
Ամեն»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը