«Քահանայապետն աղոթքով հիշեց Հայաստանն ու հատկապես նրանց, ովքեր փախան Լեռնային Ղարաբաղից»։
2024թ. փետրվարի 28-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Պողոս Զ անվան դահլիճի կողքին գտնվող մեկ այլ դահլիճում հանդիպեց Հայ Կաթողիկէ Եպիսկոպոսների հետ, ովքեր Հռոմում գումարում էին իրենց հերթական սինհոդոսը՝ գլխավորությամբ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ռաֆայել Պետրոս ԻԱ:
Հանդիպման սկզբում Ամենապատիվ և Գերերջանիկ Հոգևոր Տերը առանձնական հանդիպում ունեցավ Քահանայապետի հետ, ապա տեղի ունեցավ ընդհանուր հանդիպումը, որի ժամանակ Սրբազան Քահանայապետը, հարբուխի պատճառով չկարողանալով կարդալ պատրաստված ճառը, այն հանձնեց Գերապայծառ Ֆիլիպո Չիամպանելլին և խնդրեց ընթերցել այն:
Ճառում ի միջի այլոց կարդում ենք հետևյալը.
«Ամենապատիվ Հոգևոր Տեր, սիրելի Եպիսկոպոս եղբայրներ, բարով եք եկել: Ինձ համար ուրախություն է ձեզ ընկալել Հռոմի մեջ, Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս Առաքեալների շիրիմի մոտ՝ Եկեղեցու Վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու ծիսական տոնի առթիվ։ Որպես Եպիսկոպոսներ, առաքյալների հաջորդ, մենք պարտականություն ունենք ուղեկցելու Աստծո սուրբ ժողովրդին դեպի Հիսուս, մարդոց Տերն ու Բարեկամը, մեր Բարի Հովիվը։ Եվ սինհոդոսի ամենամեծ պատասխանատվություններից է մին ճիշտ ձեր Եկեղեցու վաղվա Եպիսկոպոսներ շնորհելն է։ Խնդրում եմ Ձեզ նրանց ընտրել հոգատարությամբ, որպեսզի նվիրված լինեն հոտին, հավատարիմ հովվական ծառայությանն ու երբեք փառքի չձգտողներ։ Նրանք չպետք է ընտրվեն համակրանքի կամ հակումների հիման վրա, պետք է ուշադիր լկլինել այն մարդկանց, ովքեր «ունեն շահավաճառության հոտառությունը» կամ «իրենց ձեռքում միշտ ճամփորդական պայուսակն է», ովքեր ժողովրդին որբ են թողնում..։
«Հեռավորություններով ու առանձնությամբ լի աշխարհում, նրանք, ովքեր հանձնված են մեզ, պիտի մեր մեջ գտնեն Բարի Հովվի ջերմությունը, մեր հայրական ուշադրությունը, եղբայրության գեղեցկությունը, Աստծո ողորմությունը…։ Ձեր սիրելի ժողովրդի զավակները կարիք ոնենե իրենց Եպիսկոպոսների մոտիկության» ու հակառակ, որ ձեր հավատացյալները ցրված են համայն աշխարհում, «Եկեղեցին պիտի սիրալիր Մայր լինի և պետք է ամեն ձև գտնի նրանց հասնելու համար, որպեսզի նրանք ընկալեն Աստծո սերն՝ իրենց եկեղեցական ավանդությունների համաձայն։ Սա կառոյցների խնդիրը չէ, որոնք պարզապես միջոց են Ավետարանը տարածելու, սա իրականում հովվական հարց է, ջանալ բարին խթանել ավետարանական հայացքով ու բացվածքով», նշեց Սրբազան Պապը՝ ակնարկելով նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետ ավելի սերտ համագործակցության էականությունը:
….
«Դուք սիրելի եղբայրներ, քահանաներ, սարկավագներ, նվիրյալ անձեր ու ձեր Եկեղեցու բոլոր հավատացյալներն միասին ունենք մեծ պատասխանատվություն։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Քրիստոսի լույսը բերեց հայոց ժողովրդին, որ դարձավ առաջին ազգը, որ այն ընկալեց պատմության մեջ։ Դուք, ուրեմն, այդ լույսի վկաներն եք և «առաջնածին», դուք արշալույսն եք, կոչված ճառագայթելու քրիստոնեական մարգարեությունն աշխարհում, որ հաճախ նախընտրում է ատելության, պառակտման, բռնության, վրեժխնդրության խավարը»։
Թեև Հայ Կաթողիկէ Եկեղեցին փոքր է թվով «Աստված իր սքանչելիքները սիրում է իրագործել փոքրերի հետ», ուստի պետք չէ «մոռանալ փոքրերին, աղքատներին, ու դա անել ավետարանական կյանքի օրինակով, հյուրընկալելով նաև սփյուռքի գաղթականներին` որպես եղբայրներ, քույրեր, զավակներ»։
Սրբազան Պապը առ այդ հրավիրեց ներկաներին աղոթելու, «շատ աղոթեցեք, որպեսզի պահպանեք այդ ներքին կարգը, որը ձեզ հնարավորություն է տալիս գործել ներդաշնակությամբ, զատորոշել Ավետարանի առաջնահերթությունները, որոնք հաճելի են Աստծուն»։
«Ձեր սինհոդոսները թող լավապես պատրաստվին և հարցերը մանրակրկիտ կերպով քննարկվին ու իմաստությամբ գնահատվին։ Մինչ լուծումները, որոնք պետք է լինեն միշտ ու միայն ի սպաս հոգիների բարիքին, կիրառվեն և ստուգվեն խոհեմությամբ, հետևողականությամբ և իրավասությամբ, նախ և առաջ ապահովելով լիարժեք թափանցիկություն նաև տնտեսական դաշտում»։
Նորին Սրբությունը թելադրեց նաև հատուկ ուշադրություն դարձնել նորընծաների կազմավորմանը, ինչպես նաև հատուկ հոգ տանել ու մոտիկ լինել երիտասարդ քահանաներին, որպեսզի «նրանք իրար միջև խթանեն եղբայրական հաղորդությունը»՝ այնպես անելով, որ «չհուսալքվին առօրյա դժվարությունների առաջ և հլու լինեն Սուրբ Հոգու ստեղծագործությանը՝ Աստծո ժողովրդին սիրո ուրախությամբ ծառայելու համար»։
Քահանայապետը ճառի ավարտին աղոթքով հիշեց Հայաստանն ու «հատկապես նրանց, ովքեր փախան Լեռնային Ղարաբաղից։ Ապաստան փնտրող տեղահան արված բազմաթիվ ընտանիքներին», հավելեց՝ ընդգծելով աշխարհի տարբեր շրջաններում տեղի ունեցող պատերազմներն ու տառապանքները… որոնք միշտ էլ ողբերգական ու անհեթեթ են»։
«Ամենողորմ Տէր, ողորմեա ամենայն հաւատացելոց ի քեզ, իմոց եւ օտարաց, ծանօթից եւ անծանօթից, կենդանեաց եւ մեռելոց. շնորհեա եւ թըշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն որ առ իս յանցանացն, եւ դարձո զնոսա ի չարեացն զոր ունին վասն իմ, զի ողորմութեան քում արժանի եղիցին. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս» Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթամատյանից քաղված այս աղոթքով Ֆրանցիսկոս Պապը եզրափակեց Հայ Կաթողիկէ Նվիրապետության Սինհոդոսական Հայրերին ուղղված ճառը։
«Քանիցս աղաչեցի «բավական է»։ Միասին խաղաղության աղաղակ բարձրացնենք, որպեսզի դպչի բոլորի սրտին և հատկապես նրանց, ովքեր անզգա են աղքատների ու հեզերի տառապանքին։ Եվ ամենից առաջ աղոթենք։ Ես այս պիտի անեմ ձեր ու Հայաստանի համար, դուք ևս բարեհաճեցեք հիշել ինձ ձեր աղոթքներում», ասաց Սրբազան Քահանայապետը:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը