• Շուկայի և շահույթի կուռքերը մոլոքի նման խժռում են նոր սերունդներին

    «Չկա ապագա, չկա զարգացում, արդարություն և ժողովրդավարություն մի աշխարհում, որտեղ միլիոնավոր երեխաներ ամեն օր թերմացքներ են ուտում»:


    Փետրվարի 28-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը տեսաուղերձ հղեց սոցիալական իրավունքների և ֆրանցիսկյան ուսմունքի պաշտպանության դատավորների Համաամերիկյան կոմիտեին (COPAJU):

     

    Նորին Սրբությունն ուրախ է Բուենոս Այրեսում հիշյալ կոմիտեի նոր կենտրոնի և Լատինական Ամերիկայում Իրավաբանական հետազոտությունների Բարտոլոմե դե Լաս Կասասի անվան ինստիտուտի առաջին մասնաճյուղի բացման կապակցությամբ։

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ դատական համակարգի աշխատողների՝ իրավաբանների, դատավորների, դատախազների, պաշտպանների առաքելությունը հիմնարար ու չափազանց կարևոր է: Դատական իշխանությունը վերջին ատյանն է, որը թույլ է տալիս վերացնել իրավական խախտումները և պահպանել ինստիտուցիոնալ ու հասարակական հաշվեկշիռը:

     

    «Մենք ապրում ենք խոր անարդարության ժամանակաշրջանում, ուր մի քանի հարուստներ ավելի հզոր են, իսկ միլիոնավոր աղքատներ մերժված ու անտեսված: Չկա ապագա, չկա զարգացում, արդարություն և ժողովրդավարություն մի աշխարհում, որտեղ միլիոնավոր երեխաներ ամեն օր թերմացքներ են ուտում»:

     

    Նորին Սրբությունն ընդգծում է, որ սոցիալական իրավունքները անվճար չեն, և թեև կան զգալի ռեսուրսներ դրանց աջակցելու համար, սակայն անհրաժեշտ են համարժեք, ռացիոնալ և արդար քաղաքական լուծումներ, իսկ դա պետության պարտականությունն է, որի պարտքն է պահպանել սոցիալական արդարությունը: «Կանոններն արդեն իսկ գրառված և ուժի մեջ են մտած», սակայն դրանց իրականացումը խնդրահարույց է, և հենց այստեղ էլ սկսվում է Համաամերիկյան դատավորների կոմիտեի դերակատարությունը։

     

    «Շուկայի և շահույթի կուռքերը կեղծ աստվածություններ են, որոնք հանգեցնում են մոլորակի ապամարդկայնացմանն ու կործանմանը: Պատմությունն այդ ամենն ապացուցել է բազմաթիվ տխուր օրինակներով: Նրանք նոր սերունդները խժռող մոլոք են»:

     

    Հիսուսի խոսքերը, որոնք Եկեղեցու հասարակական վարդապետության հիմքն են՝ «ճշմարիտ և լուսավոր ճանապարհ» է, որն օգնում է դատական ​​իշխանությանն իրականացնել իր ծրագրերը, ընդգծում է Սրբազան Քահանայապետը.

     

    «Ի՞նչ արդարացում կարող է ունենալ իշխանությունը, եթե հեռանում է արդար ու արժանի հասարակության ստեղծումից: Արդյո՞ք հնարավոր է լինել պարկեշտ դատավոր, եթե մատների արանքով ես նայում ուրիշների տառապանքներին: Խնդրում եմ, ամեն օր հայելու առաջ այս հարցերը տվեք ինքներդ ձեզ և մյուսներին»:

     

    Տեսաուղերձի ավարտին Նորին Սրբությունը խնդրում է դատավորներին դրսևորել հաստատակամություն և վճռականություն անմարդկային և դաժան օրինակների առաջ: «Խաղաղությունը ամենօրյա շինարարություն է, իսկ դուք խաղաղարարներ եք»։

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց