• Մարտ ամսին Նորին Սրբությունը կոչ է անում աղոթել մերօրյա նահատակների համար

    «Նահատակների քաջությունն ու վկայությունը օրհնություն է բոլորի համար»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է տեսաուղերձ, որում մեկնաբանում է իր աղոթական դիտավորությունը 2024թ. մարտ ամսվա համար. աղոթել մերօրյա նահատակների՝ Քրիստոսի վկաների համար:

     

    Նորին Սրբությունը մեզ պատմում է «քիչ հայտնի հավատքի մի վկայի մասին, ով ներկայիս Եկեղեցու արտացոլանքն է».

     

    «Ես այցելել էի Լեսբոսում գտնվող փախստականների ճամբար, երբ մի մարդ ասաց ինձ. «Հայրիկ, ես մահմեդական եմ: Իմ կինը քրիստոնյա էր: Մեր երկիր եկան ահաբեկիչներն ու մեզ տեսնելով՝ հարցրեցին, թե ինչ կրոն ենք դավանում: Իմ կնոջ վրա նրանք խաչ տեսան և հրամայեցին այն վայր գցել: Սակայ նա չենթարկվեց ու չարեց, ինչի համար էլ, իմ աչքերի առաջ, կտրեցին նրա կոկորդը»: Հենց այդպես էլ եղել է»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծում է. «Ես գիտեմ, որ նա չարացած չէր: Այդ տղամարդուն զարմացրել էր իր կնոջ սիրո օրինակը, որովհետև հենց Քրիստոսի սերն էր նրան խոնարհեցրել ու դրդել հավատարիմ մնալ մինչև վերջ: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր մեջ միշտ էլ կլինեն նահատակներ, որը ճիշտ ճանապարհով քայլելու նշան է: Մի բանիմաց մարդ ինձ ասել է, որ այսօր ավելի շատ նահատակներ կան, քան քրիստոնեության սկզբում: Նահատակների քաջությունն ու վկայությունը օրհնություն է բոլորի համար: Եկե՛ք աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր աշխարհի տարբեր ծայրերում վտանգում են իրենց կյանքը հանուն Ավետարանի, որպեսզի նրանք «վարակեն» Եկեղեցին իրենց քաջությամբ, միսիոներական եռանդով և նահատակության շնորհն ընդունելու պատրաստակամությամբ»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց