«Հովվական կյանքը պարզապես աշխատանք կամ հրահանգների կատարում չէ, այլ մշտական անձնազոհություն է»:
Սուրբ Աթոռի մամլո գրասենյակից հայտնում են, որ թեթև մրսածության պատճառով Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը չեղարկել էր փետրվարի 24-ի ունկնդրությունները: Այդ օրը նա պետք է հանդիպում ունենար Հռոմի թեմի մի խումբ սարկավագների հետ, ովքեր պատրաստվում են քահանա ձեռնադրվել: Այդ առիթով Նորին Սրբության պատրաստած ուղերձը փոխանցվեց հյուրերին:
Իր խոսքում Սրբազան Քահանայապետն ընդգծում է քահանայական ծառայության երեք հիմնական տարրերը. լինել Եկեղեցու հավատարիմ համագործակիցներ, ծառայել Աստծո Ժողովրդին և ապրել Սուրբ Հոգու առաջնորդությամբ: Մայր Եկեղեցին կոչ է անում նրանց չլինել միայնակ առաջնորդներ, այլ միասին աշխատել՝ վկայելով Եկեղեցու միասնության խորհրդի մասին, որտեղ կա եղբայրություն, հավատարմություն և խոնարհություն: Քահանաները պիտի սրտաբացությամբ շարունակեն հովվական կրթությունը և ծառայեն բոլորին՝ երբեք չձգտելով ինքնավարության և ինքնաբավության.
«Պետք է պահպանել քահանայության ներքին հիմքը, որը կարելի է անվանել «սարկավագի խիղճ». որոշումների հիմքում խիղճն է, իսկ ծառայության ոգու հիմքում քահանայությունն է։ Հետևաբար, ամեն առավոտ շատ կարևոր ու օգտակար է աղոթել՝ ծառայության համար. «Տե՛ր, օգնի՛ր ինձ այսօր ծառայել», իսկ ամեն երեկո՝ Աստծուն երախտագիտություն հայտնելուց և խիղճը քննելուց հետո, ասել. «Տե՛ր, ների՛ր ինձ, եթե ես ավելի շատ մտածել եմ իմ, այլ ոչ թե ուրիշներին ծառայելու մասին»»:
Ծառայությունը նաև ենթադրում է մշտական հասանելիություն, Աստծո ծրագրերի առաջնահերթություն, հրաժարում սեփական օրակարգից և անսպասելի փոփոխությունների պատրաստակամություն: Նորին Սրբությունը հիշեցնում է, որ հովվական կյանքը պարզապես աշխատանք կամ «հրահանգների կատարում» չէ, այլ մշտական անձնազոհություն, «Հաղորդության արկած», որը դրսևորվում է սիրո, կարեկցանքի և քնքշության միջոցով: Սրբազան Քահանայապետը կոչ է անում սարկավագներին միշտ առաջնահերթություն տալ Սուրբ Հոգուն, որովհետև այդ դեպքում նրանց կյանքը մշտապես ուղղված կլինի դեպի Տերը և կբխի Նրանից, այն կդառնա «ամենօրյա օծում» աղոթքի, երկրպագության և Աստծո Խոսքի հետ շփման միջոցով:
«Աստծո ներկայության մեջ լինելը մեզ թույլ է տալիս Նրա առաջ բարեխոսել Աստծո սուրբ Ժողովրդի, մարդկության և այն մարդկանց համար, ում ամեն օր հանդիպում ենք: Այսպիսով, սիրտն ուրախանում է Տիրոջ հետ և աղոթքի միջոցով հարաբերություններն արգասաբեր է դարձնում՝ իր աչքի առջև միշտ ունենալով քահանայական կյանքի հարատև գեղեցկությունը»։
Ուղերձի ավարտին Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց ապագա քահանաներին Աստծո կոչին իրենց «այո» պատասխանի համար և խնդրեց ամեն օր աղոթել։
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը