• Միշտ նայել Հիսուսին

    «Արդյո՞ք մենք ժամանակ գտնում ենք լռության, աղոթքի և երկրպագության համար»:


    Փետրվարի 25-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը մեկնաբանեց օրվա ավետարանական ընթերցումը, որը պատմում է Հիսուսի Պայծառակերպության մասին (Մկ. 9,2-10):

     

    Տերն «Իր լուսավոր փառքով» երևում է առաքյալներին՝ նրանց բացահայտելով այն ամենի իմաստը, ինչը նրանք ապրել էին մինչ այդ պահը, ընդգծեց Նորին Սրբությունը.

     

    «Աստծո Արքայության հռչակումը, մեղքերի թողությունը, բժշկումներն ու կատարված նշանները իրականում ավելի մեծ լույսի կայծերն էին, այսինքն՝ Հիսուսի լույսն էր, լույս, որը հենց Հիսուսն է»:

     

    Աշակերտներն այլևս երբեք իրենց աչքերը չպիտի հեռացնեն այդ լույսից, հատկապես փորձության պահերին, օրինակ Տիրոջ Չարչարանքներից: Նրանք կանչված են Քրիստոսի լուսավոր դեմքին անդադար նայելու համար, ինչպես այն գյուղացիները, ովքեր նախկինում դաշտը հերկելիս՝ միշտ նայում էին մի կետի և նույնիսկ հավասար ակոսներ գծում։

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին միշտ նայել Հիսուսի լուսավոր դեմքին, Ով անսահման սեր ու կյանք է: Եկե՛ք երկրային խորդուբորդ ճանապարհներին փնտրենք ողորմածությամբ, հավատարմությամբ ու հույսով լեցուն Փրկչի դեմքը: Քրիստոնյաների այդ ձգտմանն աջակցում և օգնում է աղոթքը, Աստծո Խոսքի ընթերցումը, Սուրբ Խորհուրդները:

     

    «Ահա մի հրաշալի առաջարկ Մեծ Պահքի այս ժամանակահատվածի համար. զարգացնենք և ունենանք բաց հայացք, որպեսզի դառնանք Հիսուսի լույսը փնտրողներ աղոթքի և մարդկանց մեջ»:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց ուխտավորներին խորհել հետևյալ հարցերի շուրջ. արդյո՞ք մենք մեր հայացքը չենք շեղում Հիսուսի լոսավոր դեմքից: Արդյո՞ք մենք ժամանակ գտնում ենք լռության, աղոթքի և երկրպագության համար: Արդյո՞ք մենք փնտրում ենք Քրիստոսի լույսի ամեն մի շողը, որն արտացոլվում է մեր և բոլորի մեջ, ում հանդիպում ենք մեր ճանապարհին: Արդյո՞ք շնորհակալություն հայտնում ենք Տիրոջը, թե՞ մոռանում ենք դրա մասին:

     

    «Թո՛ղ Աստծո լույսով շողացող Սուրբ Կույս Մարիամն օգնի մեզ մեր աչքերը չհեռացնել Հիսուսից և միմյանց նայել վստահությամբ ու սիրով»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց