• Մահացու և ներելի մեղքեր

    «Մահացու մեղքը փչացնում է սերը մարդու սրտի մեջ, իսկ ներելի մեղքը թողնում է, որ սերը մնա»:


    Կաթողիկէ Եկեղեցու Քրիստոնեական ուսմունքը ասում է. «Մահացու մեղքը փչացնում է սերը մարդու սրտի մեջ՝ Աստծո Օրենքի ծանր զանցառությամբ: Մարդուն հեռացնում է Աստծուց, նրա վերջնագույն վախճանից ու երջանկությունից՝ ստորադաս մի բարիք նախընտրելով Նրանից: Ներելի մեղքը թողնում է, որ սերը դեռ մնա, նույնիսկ եթե վշտացնում ու վիրավորում է Այն»: Մահացու մեղք գործելուց հետո՝ մկրտվածը կարող է վերադարձնել Աստծո ողորմածությունը միայն Հաշտության Խորհրդի միջոցով: Հավատացյալը հաճախակի պետք է դիմի Հաշտության Խորհրդին, նույնիսկ եթե միայն ներելի մեղքեր է գործել, սակայն մահացու մեղքերի խոստովանությունը պարտադիր է՝ Ապաշխարության Խորհրդի միջոցով Աստծո հետ հաշտվելու և Սուրբ Հաղորդության հնարավորություն ստանալու համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ իմանալ, թե որոնք են մահացու մեղքերը, որովհետև հենց դրանք են անհնարին դարձնում Քրիստոսի Սուրբ Խորհուրդների հաղորդությունը:

     

    Որպեսզի մեղքը լինի մահացու, միաժամանակ երեք պայմաններ են պահանջվում. նախ՝ այն վերաբերում է ծանր նյութի, երկրորդ՝ այն գործվում է ամբողջական գիտակցությամբ  ու դիտումնավոր կերպով:

     

    Այդ գիտակցությունն ու դիտումնավորությունը մեծապես կախված են ամեն մի անհատի վիճակից և վերաբերում են յուրաքանչյուր առանձին դեպքին: Հետևաբար, առաջին հերթին ուսումնասիրենք, թե ինչ է նշանակում «ծանր նյութը»:

     

    Եթե մենք անդրադառնանք տասը պատվիրաններին, ապա մեղքերի շարքում, որոնք միշտ վերաբերում են ծանր նյութին, հետևյալներն են.

     

    Մեղքեր առաջին պատվիրանի դեմ. Աստծո մերժում, Սատանայի պաշտամունք, դիմում կախարդներին, սնահավատության ծանր ձևեր, աստվածաբանական առաքինությունների դեմ մեղքեր. հերետիկոսություն, ուրացություն, հավատքի ճշմարտությունների մերժում, փրկության հուսահատություն և, ընդհակառակը, անձնապաստանություն փրկության հարցում, ատելություն Աստծո և մերձավորի նկատմամբ, կանխամտածված չարիք մերձավորի հանդեպ, ինչպես նաև համառ հրաժարում աղոթքից:

     

    Ծանր մեղքեր երկրորդ պատվիրանի դեմ. աստվածանարգություն, երդմնազանցություն, ուխտադրժություն: Մեղքեր երրորդ պատվիրանի դեմ. չմասնակցություն կիրակնօրյա Սուրբ Պատարագներին և եկեղեցական տոներին, ինչպես նաև հաղորդությունը, եթե մարդու խղճին կան չխոստովանված մահացու մեղքեր:

     

    Մեղքեր հինգերորդ պատվիրանի դեմ. սպանություն, ինքնասպանություն, հղիության արհեստական ընդհատում, էֆթանազիա, թմրամիջոցների օգտագործում, հարբեցողություն, ծեծկռտոց: Ծանր են վեցերորդ պատվիրանի դեմ մեղքերը. աուտոէրոտիզմ, անառակություն, նախամուսնական հարաբերություններ, համասեռամոլություն, բեղմնականխում, շնություն, սեռական բռնություն և այլն:

     

    Մենք հաճախ գործ ենք ունենում ծանր մեղքի հետ, նույնիսկ եթե խոսքը վերաբերում է այլ հանգամանքներում «թեթև» համարվող նյութին: Օրինակ, չորրորդ պատվիրանը մեզ ասում է հարգել և պատվել մայրերին ու հայրերին: Իհարկե, ընտանիքում կարող են լինել տարաձայնություններ, անհնազանդություն, սակայն դրանք ներելի մեղքեր են: Իսկ եթե տեղի է ունեցել ընդհարում և մերձավորների արժանապատվության լուրջ ոտնահարում, ուրեմն դա կհամարվի մահացու մեղք: Չորրորդ պատվիրանի խախտումների շարքին են դասվում խոսքով գործած մեղքերը, անեծքը, բամբասանքը, որոնք վիրավորում են մերձավորի արժանապատվությունը: Խոսքով գործած մեղքերի շարքում պետք է տարբերակել այնպիսիները, որոնք, ըստ էության, չեն ոտնահարում մերձավորի արժանապատվությունը և համարվում են ներելի մեղքեր, սակայն կան նաև այնպիսիք, որոնք լրջորեն վիրավորում են մերձավորի պատիվն ու բարի անունը և համարվում են մահացու մեղքեր:

     

    Կամ էլ, օրինակ, յոթերորդ պատվիրանը, որն ասում է «մի գողացիր»: Այս պարագայում ևս շատ կարևոր է, թե ինչ է գողացվել. կոնֆետների մի տուփ, թե որոշակի գումար:

     

    Ութերորդ պատվիրանն ասում է «մի ստիր»: Ակնհայտ է, երբ խոսքը վերաբերում է զրպարտանքին կամ կեղծ ցուցմունքին, որը տրվել է դատարանում, ապա մենք միշտ գործ կունենանք ծանր մեղքի հետ։ Իսկ եթե սուտն ասվել է ինքնապաշտպանության կամ ընտանիքում տիրող անդորրը չխաթարելու համար, ապա դա ներելի մեղք է: Ինչն, իհարկե, ամեն դեպքում մեղք է համարվում, և հոգևոր կատարելության ձգտող քրիստոնյան պետք է խոստովանի դրանք ու ապաշխարի։

     

    Մահացու մեղք իններորդ պատվիրանի դեմ. «Աչք մի՛ ունեցիր քո մերձավորի կնոջ վրա», բացի վերը թվարկվածներից, կարող են լինել այլ մեղքեր առաքինության և ողջախոհության դեմ: Երբ մենք մտադրվում ենք մեղավոր հարաբերություններ ունենալ (նույնիսկ եթե չենք էլ իրականացնում այդ մտադրությունը), մահացու մեղք ենք գործում: Չէ որ Հիսուսն ասել է. «Ամեն մարդ, ով տարփանքով է նայում, արդեն իսկ շնանում է»: Մահացու են նաև համացանցի միջոցով պոռնոգրաֆիակական նյութերի դիտումը և առաքինության դեմ տարատեսակ մեղքերը: Սակայն որոշ վատ մտքեր, որոնք ինչ-որ ժամանակահատված պտտվում են մեր գլխում և մեզ չի հաջողվում անմիջապես հաղթահարել դրանք, դառնում են ներելի մեղքեր:

     

    Այս պատվիրանն իր մեջ է ներառում նաև վավաշոտ հայացքով և անբարոյական խոսքերով գործած մեղքերը: Որպես կանոն, նման դեպքերում խոսքը վերաբերում է «թեթև նյութին» և ներելի մեղքին, սակայն թեթև նյութը հեշտությամբ կարող է վերածվել ծանր նյութի։ Հետևաբար, խոստովանության ժամանակ շատ կարևոր է խոսել այդ բոլոր մեղքերի մասին, անկախ նրանից, թե որքան լուրջ ու ինչ ծանրության են դրանք, և խորհուրդ հարցնել քահանայից:

     

    Ծրագրելով յուրացնել ուրիշի ունեցվածքը՝ մենք խախտում ենք տասներորդ պատվիրանը, որն ասում է. «Աչք մի՛ ունեցիր քո մերձավորի ունեցվածքի վրա»: Մեղքի ծանրությունը, ինչպես արդեն նշել ենք վերևում, կախված է նրանից, թե կոնկրետ ինչ է նախատեսվում յուրացնել:

     

    Ամփոփենք. կան օբյեկտիվորեն ծանր մեղքեր, երբ խոսքը միշտ վերաբերում է ծանր նյութին, և կան մեղքեր, որոնց ծանրությունը կախված է նրանից, թե ինչ վնաս ենք հասցնում մերձավորի նյութական կամ հոգևոր բարեկեցությանը։

     

    Իհարկե, մեր թվարկած մեղքերի ամբողջ «գրացուցակում» պետք չէ տեսնել միայն որոշակի «բարոյական» պատկեր։ Հիշեցնենք, թե ինչպես է Կաթողիկէ Եկեղեցու Ուսմունքը բնորոշում մահացու և ներելի մեղքերը:

     

    Մահացու մեղքը փչացնում է սերը մարդու սրտի մեջ՝ Աստծո Օրենքի ծանր զանցառությամբ: Մարդուն հեռացնում է Աստծուց, նրա վերջնագույն վախճանից ու երջանկությունից՝ ստորադաս մի բարիք  նախընտրելով Նրանից: Ներելի մեղքը թողնում է, որ սերը դեռ մնա, նույնիսկ եթե վշտացնում ու վիրավորում է Այն: Որպեսզի մեղքը լինի մահացու, միաժամանակ երեք պայմաններ են պահանջվում. նախ՝ այն վերաբերում է ծանր նյութի, երկրորդ՝ այն գործվում է ամբողջական գիտակցությամբ  ու դիտումնավոր կերպով: Մահացու մեղքը պահանջում է լրիվ գիտակցություն և ամբողջական հասունություն: Այն ենթադրում է արարքի մեղանչական հանգամանքի ճանաչումը, նրա հակառակությունն Աստծո Օրենքին: Ենթադրում է նաև բավական ինքնակամ հավանություն, որպեսզի դառնա անձնական մի ընտրանք: Կեղծված անգիտությունն ու խստասրտությունը չեն նվազեցնում գործած մեղքի կամավոր հանգամանքը, այլ ավելացնում են այն: Ակամա անգիտությունը կարող է նվազեցնել կամ չքմեղել ծանր հանցանքի վերագրումը: Սակայն չի ենթադրում, որ որևէ մեկը կարող է անգիտանալ բարոյական օրենքի սկզբունքները, որոնք արձանագրված են ամեն մարդու խղճմտանքի մեջ: Զգացականության մղումները, կրքերը կարող են նույնպես նվազեցնել հանցանքի կամովին ու ազատ հանգամանքը, նույնպես նաև՝ արտաքին ճնշումներն ու ախտաբանական խանգարումները: Չարությամբ ու չարի ինքնակամ ընտրանքով գործված մեղքն է ծանրագույնը: Մահացու մեղքը մարդկային ազատության արմատական մի կարելիություն է, ինչպես ինքնին սերը: Այն իր հետ բերում է սիրո կորուստ և զրկում սրբարար շնորհքից, այսինքն՝ շնորհքի վիճակից: Եթե այն վերստին չփրկանավորվի զղջմամբ ու Աստծո ներմամբ, պատճառ կդառնա Քրիստոսի Արքայությունից արտաքսման ու դժոխքի հավիտենական մահվան, քանի որ մեր ազատությունը կարողություն ունի ընդմիշտ ու անվերադարձ ընտրանքներ կատարելու: Թեև մենք կարող ենք դատել, որ մի արարք ինքնին մի ծանր հանցանք է, սակայն պարտավոր ենք անձանց դատաստանը հանձնել Աստծո արդարությանն ու ողորմածությանը:

     

    Մարդը ներելի մեղք է գործում, երբ մի թեթև նյութի պարագայում չի պահում բարոյական օրենքի հրամայած չափավորությունը կամ երբ մի ծանր նյութի պարագայում չի հնազանդվում բարոյական օրենքին, սակայն առանց իր լրիվ գիտակցության ու ամբողջական հավանության: Ներելի մեղքը տկարացնում է սերը, մի անկարգ սեր է արտաբերում ստեղծված բարիքների հանդեպ: Այն խափանում է հոգու առաջադիմությունն առաքինությունների կատարման մեջ, ինչպես նաև բարոյական բարիքի գործադրությունը. այն արժանանում է ժամանակավոր պատիժների: Ազատակամորեն գործված ու առանց զղջման մնացած ներելի մեղքը կամաց-կամաց մեզ տրամադրում է մահացու մեղք գործելուն: Սակայն ներելի մեղքը չի խզում Աստծո հետ ուխտը: Այն մարդկայնորեն դարմանելի է Աստծո շնորհքով: Այն մարդուն չի զրկում սրբարար կամ աստվածացնող շնորհքից ու սիրուց, հետևաբար՝ նաև հավիտենական երանությունից, չի խանգարում մոտենալ Սուրբ Հաղորդությանը:

     

    Եզրափակելով՝ հիշեցնենք Սբ. Օգոստինոս Երանելու խոսքերը. «Այնքան ժամանակ, որքան մարդը դեռ մարմնի մեջ է, չի կարող խուսափել մեղքից, գոնե թեթև մեղքերից: Բայց այս մեղքերը, որոնք մենք թեթև ենք կոչում, դու անվնաս մի՛ համարիր. եթե դրանք կշիռով անվնաս կարծես, դողա՛, երբ դրանց թիվը կհաշվես: Բազմաթիվ թեթև առարկաներ մի մեծ զանգված են կազմում: Բազմաթիվ կաթիլներ մի գետ են լցնում, բազմաթիվ հատիկներ մի կույտ են կազմում: Այն ժամանակ ի՞նչ հույս կմնա մեզ: Ամեն բանից առաջ՝ խոստովանանքը…»:

     

    (Ռադիո Վատիկանի արխիվից, հեռարձակվել է 2012թ. մարտի 12-ին)

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց