Ամենապատիվ Հոգևոր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկոս Պատրիարքը գլխավորեց Իտալիայի Նարդո քաղաքի պաշտպան սուրբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված սուրբ պատարագը և ավանդական թափորը:
2024թ. փետրվարի 19-ին Նարդո քաղաքի և Նարդո-Կալլիփոլի Եկեղեցական թեմին պաշտպան սուրբ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնի առիթով Ամենապատիվ և գերերջանիկ Ռաֆայել Պետրոս ԻԱ կաթողիկոս պատրիարքը Նարդոյի Աթոռանիստ Եկեղեցում մատուցեց հայածես ձայնավոր սուրբ պատարագ, որին ներկա էին տեղի եպիսկոպոս Գերապ. Ֆերնանդո Ֆիլոկրանան և կղերական դասը, քաղաքական ու քաղաքացիական իշխանությունները, մեծ թվով տեղացի և տոնի առթիվ Նարդո ժամանած հազարավոր հավատացյալներ։ Պատարագի սպասարկությունը և երգեցողությունն ապահովեցին Լևոնյան Ք. Վարժարանի նորընծաները։
Պատարագի սկզբում խոսեց Թեմի եպիսկոպոս Գերապ. Ֆերնանդո Ֆիլիկրանան, ով շնորհակալության խոսք ուղղելով պատվավոր հյուրին՝ հակիրճ ներկայացրեց հայ ժողովրդի պատմությանն ու հավատքին հայող որոշ հատկանշական թվականներ և եղելություններ, ինչպիսին է քրիստոնեական հավատքի տարածումը հայ աշխարհի մեջ՝ շնորհիվ Սուրբ Գրիգոր Լուսավորչի քարոզության, ապա 1915թ. ցեղասպանությունը և վերջերս Արցախի հայաթափումը, մատնանշելով, որ ինչպես հայ ժողովուրդը միշտ կառչած մնաց իր հավատքից։ Ապա նա ներկայացրեց Ամենապատիվ Հոգևոր Տիրոջ հակիրճ կենսագրականը և շնորհակալություն հայտնեց նրան, որ որպես Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաջնորդ և Սուրբ Գրիգորի հաջորդներից մեկը կամեցավ այցելել Նարդո քաղաք և գլխավորել պաշտպան սրբին նվիրված տոնակատարությունը։
Նարդոյի առաջնորդ եպիսկոպոսի խոսքից հետո սկսվեց սուրբ պատարագը, որի ժամանակ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց հայրապետը ներկաներին փոխանցեց օրվա քարոզը: Նա իր հերթին երախտագիտություն հայտնեց իրեն ընծայված այս ուրախ առիթի համար՝ «միասին տոնելու հայոց Լուսավորչի տոնը, ում պարտական ենք այստեղ մեր այսօրվա ներկայության համար, որ միացրեց մեր երկու ժողովուրդները», ասաց Ամենապատիվ Հոգևոր Տերը։
«Ես, ինչպես գիտեք, Հայ ազգի զավակ եմ: Ազգ, որն իր հավատքի համար հալածվեց ու կրեց բազում չարչարանքներ, սակայն շարունակեց կառչած մնալ այդ հավատքից երբեք չուրանալով Ավետարանը և հավատարիմ մնալով Քրիստոսին», շարունակեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու հայրապետը՝ մատնանշելով 1915թ. ցեղասպանությունն ու վերջերս Արցախի հայերի տեղահանությունը, ապա ընդգծեց, որ «այսօր ևս անցյալի նման հայ ազգը թիրախ է խոշտանգումների և հալածանքների համար»։
Խոսելով ներկայիս աշխարհում տիրող տխուր իրադարձությունների, պատերազմների և անարդարությունների մասին, ուր «կարծես թե մարդկությունը կորցրել է իր արժեքները… ու Խաղաղություն բառն այլևս իմաստ չի գտնում»՝ Ռաֆայել Պետրոս ԻԱ քաջալերեց բոլոր ներկաներին հաստատուն մնալ իրենց հավատքի մեջ, ապա խրախուսեց քայլել սիրո և եղբայրության ճանապարհով, հաստատելով, որ եթե ձգտում ենք խաղաղության, ապա այն նախ պիտի մշակենք մեր սրտերում։
Նա քարոզն ավարտեց հայցելով Սուրբ Գրիգորի հովանին, «որպեսզի մեզ առաջնորդի խաղաղության և եղբայրության քայլերով», ասաց Տանն Կիլիկիո Կաթողիկէ հայոց կաթողիկոս պատրիարքը:
Սուրբ Զոհի ավարտին բոլոր հավատացեալները դուրս գալով Աթոռանիստ Եկեղեցուց մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ավանդական թափորին, որը գլխավորեց Ռաֆայել Պետրոս ԻԱ և Նարդո-Կալլիփոլի թեմի եպիսկոպոսը։ Նա կրելով քաղաքի պաշտպան Սրբի մասունքները՝ շրջեց քաղաքի զանազան թաղամասերում՝ սրբի օրհնությունները ջամբելով ճամփի եզրերին կանգնած հավատացեալներին։
Թափորն ավարտվեց Նարդոյի կենտրոնական հրապարակում, որտեղ գերապ. Ֆիլոկրանայի եզրափակիչ խոսքից հետո տեղի ունեցավ Սուրբ Գրիգորի մասունքով հանդիսավոր օրհնություն:
Վատիկան Նյուզ, Հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը