• Եկե՛ք մտնենք Մեծ Պահքի անապատ՝ Աստծուն լսելու համար

    «Ինչպիսի՞ անկարգ մոլություններ կան մեր սրտերում»:


    Փետրվարի 18-ին «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կոչ արեց քրիստոնյաներին «մտնել անապատ, այսինքն՝ լինել լռության մեջ, թափանցել ներաշխարհ, լսել սրտի ձայնն ու իմանալ ճշմարտությունը»՝ սրտում Աստծո և հրեշտակներին ձայնին տեղ հատկացնելու համար:

     

    Մեծ Պահքի առաջին կիրակի օրը Նորին Սրբությունը խորհրդածեց Մարկոսի Ավետարանից վերցված մի հատվածի շուրջ (1,12-15), որը պատմում է անապատում Հիսուսի փորձությունների մասին: Այնտեղ Քրիստոս «գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին Նրան», Նրա ընկերակիցներին էին վայրի գազաններն ու հրեշտակները: Սակայն խորհրդանշական իմաստով «դա նաև մեր միջավայրն է, որովհետև մտնելով ներքին անապատ՝ մենք կարող ենք հանդիպել վայրի գազանների և հրեշտակների», ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Այդ վայրի կենդանիները խառնաշփոթ ու անկարգ մոլություներն են, որոնք «պատառ-պատառ կանեն մեզ, եթե մենք զգույշ չլինենք»: Նորին Սրբությունն այդ մոլությունների շարքում հիշատակեց արատները, հարստության փափագը, հաճույքների ունայնությունը, փառասիրության տենչանքը, որոնք ծնում են անհանգստություն, անվստահություն և խրախուսված լինելու մշտական ցանկություն: Հետևաբար, պետք է «պայքարել այդ վայրի գազանների դեմ ու  հնազանդեցնել, հակառակ դեպքում դրանք կխժռեն մեր ազատությունը»:

     

    Սակայն պետք է հիշել, որ անապատում կան նաև հրեշտակներ: «Նրանք Աստծո ավետաբերներն են, որոնք օգնում են մեզ և բարիք են գործում»: Իսկապես, համաձայն Ավետարանի, նրանց բնորոշ հատկանիշը ծառայությունն է.

     

    «Հրեշտակների ոգիները մեզ մոտ առաջացնում են բարի մտքեր և զգացմունքներ, որոնք նրանց հուշում է Սուրբ Հոգին: Գայթակղությունները մեզ պատառ-պատառ են անում, իսկ Աստծո բարի ներշնչումներն ամբողջացնում են ներդաշնակության մեջ, հանգստացնում են սիրտը, համակում ​​Քրիստոսի բուրմունքով»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին մտածել երկու հարցերի շուրջ. «Ինչպիսի՞ անկարգ մոլություններ՝ «վայրի գազաներ» են արթնանում մեր սրտերում: Արդյո՞ք մենք մեկուսանում ենք անապատում, որպեսզի թույլ տանք, որ Աստծո ձայնը խոսի մեր սրտերի հետ և միշտ օրհնված պահի: Մեծ Պահքի ճանապարհին թո՛ղ մեզ օգնի Սուրբ Կույս Մարիամը, Ով պահեց Աստծո Խոսքը և թույլ չտվեց, որ Իրեն դիպչեն չարի գայթակղությունները»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց